Կոչերի փոխարեն միջազգային հանրությունը թող ճանաչի Արցախի անկախությունը

Կոչերի փոխարեն միջազգային հանրությունը թող ճանաչի Արցախի անկախությունը

«Այս պահին բոլորս ակնկալում ենք մի բան՝ վերջնական հաղթանակ, որ այլեւս երբեք նման հարց չբարձրանա, սակայն, ցավոք, երազելը քիչ է, պետք են գործնական քայլեր»,- ասում է դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանն ու արձանագրում, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որը միշտ չէ, որ անկեղծ է, եւ միշտ չէ, որ արդարության կողմնակից է։ Ակնհայտ է, որ ամեն գերտերություն նախեւառաջ հետապնդում է իր շահերը, իսկ փոքր երկրները, այսպես թե այնպես, կախման մեջ են լինում այդ գերշահերից։

«Հասկանում եմ, իհարկե, որ առաջին քայլերը պետք է կոչեր լինեն, նստեն սեղանի շուրջ, բանակցեն եւ այլն, բայց այդ գերտերություններից գոնե մեկն ինչո՞ւ քաջություն չունի ճանաչել Արցախի անկախությունը։ Նման մի քայլը վերջ կտա այս ռազմական գործողություններին եւ մահերին։ Սրա մասին, ցավոք, լռում են, իսկ կոչ անելը՝ ես էլ կարող եմ հիմա հարյուր հատ կոչ անել, իսկ հետո՞, միայն կոչ անելով չէ, որովհետեւ, եթե իրոք ուզում եք, որ զինդադար լինի, եւ կյանքեր փրկվեն, վերջ դրվի Թուրքիայի եւ Ադրբեջանի ստոր քաղաքականությանը, պետք է այդ կոչերի փոխարեն ճանաչեք Արցախը, նրա անկախությունը, բայց երեւի շատ ավելի կարեւոր է, թե գազը որտեղից որտեղ է գնում․․․։ Եթե անգամ Թուրքիայի համար ընդունելի չլինի գերտերությունների կողմից Արցախի ճանաչումը, նրանք չեն կարող խառնվել Ամերիկայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ անգամ Հայաստանի գործերին, որովհետեւ իրավունք չունեն։

Ենթադրենք, մենք ճանաչեցինք կամ Ֆրանսիան, ի՞նչ պիտի անի թուրքը։ Շատ պարզ օրինակ․ ռուս-թուրքական հարաբերությունները երբեք հաշտ-համերաշխ չեն եղել, միշտ եղել է այդ պատերազմական տրամադրությունը, բայց կան ընդհանուր շահեր, որոնք, պարզվում է, մարդկային, բարոյական շահերից շատ ավելի մեծ են ու հզոր։ Եթե ռուսը հասկանա, որ այստեղ արդեն միայն Արցախի հարցը չէ, եւ վտանգված են նաեւ Ռուսաստանի անկախությունն ու ռուսական շահերը, կարթնանա, բայց դեռ գերակշռողը այլ շահն է,- ասում է Վ․ Ստեփանյանն ու եւս մեկ անգամ ընդգծում, որ ավելի քան ակնհայտ է՝ խնդիրն Արցախը չէ, Արցախն այստեղ միայն դրդապատճառ է, իսկ Ադրբեջանին պատերազմի է հրահրել Թուրքիան։- Որովհետեւ նրանց ծրագրերն Արցախով չեն վերջանում։ Նրանց ծրագրերը շատ ավելի հեռու գնացող են․ պանթյուրքիզմի գաղափարը նրանց հանգիստ չի տալիս։ Բանակցությունները, կլոր սեղանները, կոնվենցիաները շատ քիչ արդյունք կտան, պետք է կտրուկ քայլեր անել»։

Արցախի ճանաչումը, ըստ նրա, պատերազմը դադարեցնելու միջոցներից մեկն է, բայց կան նաեւ ուրիշ կտրուկ քայլեր, որոնք պետք է հայտնի դարձնեն, որ սա արդեն ոչ թե բարեկամների, այլ թշնամիների փոխհարաբերություն է․ «Թուրքը պետք է զգա վտանգը Ռուսաստանի կամ ՆԱՏՕ-ի կողմից, որ իր արած քայլերին համարժեք հարված է հասցվում։ Դրա համար հազար ու մի միջոց կա․ թուրքական, ադրբեջանական բիզնեսը Ռուսաստանով մեկ է, չէ՞ որ դա էլ է հսկայական գումարներ, կարելի է ազդել այդ միջոցով։ Ու պետք չէ դրա համար հայամետ լինել, պետք է ուղղակի ամենից առաջ դնել Ռուսաստանի շահերը, որովհետեւ Ռուսաստանը չի կարող չկորցնել, եթե պատերազմն այդպես շարունակվի»։          

Պատերազմական այս իրավիճակում կարո՞ղ ենք ինչ-որ բան ակնկալել միջազգային հանրությունից, թե՞ մնացել ենք մենակ։ «Չեմ կարող ասել, որ մնացել ենք մենակ, որովհետեւ ամբողջ աշխարհում այսօր էլի մեր հայերի շնորհիվ տեղի են ունենում ցույցեր, բողոքի ակցիաներ, այսպես թե այնպես՝ աշխարհը ծանոթանում է խնդրին, բայց, օրինակ, եթե մենք վաղը կարդանք, որ Ուգանդայում կամ Զիմբաբվեում ինչ-որ ողբերգություն է տեղի ունեցել, մենք, ճիշտ է, կցավակցենք, ափսոսանք կզգանք, բայց ոչ ավելին, որովհետեւ մեզնից հեռու է, մեզ անծանոթ է, մեր ցավը չէ։ Հիմա Արցախն էլ աշխարհի ցավը չէ, այն միայն մեր ցավն է, եւ այդ ցավին դիմակայում է մի հզոր քաղաքական մեքենա՝ թուրքամետ մեքենա, որը կարող է շատ հանգիստ, առանց ամաչելու, երեսիդ նայելով՝ սուտ խոսել, անվանել Արցախը հին ադրբեջանական մարգարիտ․․․, սրանք որ լսում ես, ուզում ես ասել՝ խելագարվել են լրիվ, բայց… ոչ, արի ու տես, որ բացահայտ սուտ են ասում ու ոչ մի խղճի խայթ չեն զգում։ Ի վերջո, պետք է դրամահավաքներ կազմակերպենք, օգնենք մեր բանակին, ուրիշ ի՞նչ կարող ենք անել։ Պետք է պայքարենք, մարտնչենք, մեր տղերքի պես ամուր կանգնենք սահմանին, հակառակվենք ցանկացած գրոհի, բայց աշխարհն էլ, ի վերջո, պետք է հասկանա՝ եթե, Աստված ոչ անի, մի բան եղավ այս երկրին, քրիստոնեությունը մեծ վտանգի առաջ կկանգնի, որովհետեւ Մեծ Թուրանի գաղափարը, որ ունի թուրքը՝ 6-րդ դարից սկսած, չի մեռել, շարունակում է անընդհատ նոր լիցքեր ստանալ։Ցցավոք, իրականությունը սա է»։

Վիգեն Ստեփանյանը կարծում է՝ սա այն պայքարը չէ, որ զենքով վերջանա, «որովհետեւ, այսպես թե այնպես, մի տեղ առաջ կգնան, մի տեղ կզիջեն, ու էլի երիտասարդներ կզոհվեն։ Դրա համար բանակցություններն ավելի քան անհրաժեշտ են, բայց․․․ պատվավոր բանակցություններ՝ առանց զիջելու։ Դիվանագիտական մի քայլ կա, որ կոչվում է կապիտուլյացիա։ Դա պետք է լինի․ ես, իհարկե, հասկանում եմ, որ դժվար թե Ադրբեջանն այդքան ռիսկ ունենա, որ համարի իրեն նախապես պարտված, բայց մենք պարտավոր ենք ուղղակի նրան դնել փաստի առաջ։ Զենքի անելիքն այստեղ է։ Մնացած դիվանագիտական խնդիրները լուծելու համար շատ հզոր դիվանագետներ են պետք, շատ հզոր աջակցություն եւ գիտակցություն, որ հարցը վաղուց անցել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմաններից։ Այս պատերազմը վտանգում է արդեն քրիստոնյա աշխարհն ու ողջ Կովկասը»։