Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած բյուջեին կողմ քվեարկեցին, Փաշինյանինը՝  դեմ 

Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած բյուջեին կողմ քվեարկեցին, Փաշինյանինը՝  դեմ 

Թավշյա հեղափոխությունից հետո, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններից մեկ տարի անց Շիրակի մարզից ընտրված ԱԺ իմքայլական պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանն  ու Նազելի Բաղդասարյանը Գյումրու «Երկխոսության մեդիա »կենտրոնում , ամփոփելով  իրենց գործունեության մեկ տարին, վստահեցնում են, որ  7-րդ գումարման Ազգային ժողովը որակական  առումով տարբերվում  էր  նախորդից: Ըստ նրանց՝ այսօր պատգամավորներն ավելի  մոտ են   կանգնած ժողովրդին: Խոսելով   ԱԺ-ում ընդդիմադիր   եւ իշխանամետ ուժերի տարաձայնությունների մասին՝ պատգամավորները  հատկապես  անդրադարձան   բյուջե 2020-ի ընդունմանը: 

Հիշեցնենք, որ  նախորդ  շաբաթ Ազգային ժողովը  քվեարկությամբ ընդունեց 2020 թվականի բյուջեն։ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ քվեարկեց, ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները՝ դեմ։ Շիրակի մարզից ընտրված երեք պատգամավորներ ընդդիմադիր թիմից են եւ բյուջեի հաստատմանը եւս դեմ  քվեարկեցին: 

«Շատ հաճախ պատգամավորները, ամբողջ կուսակցության դիրքորոշումն առաջ տանելու համար,զոհում են  այն ընտրողների շահերը,որոնց կողմից ընտրվել են »,-ընդդիմադիր գործընկերների քայլը նման կերպ մեկնաբանեց Սոֆյա Հովսեփյանը: Նազելի Բաղդասարյանն էլ ժամանակին իր կողմից արված լրագրողական հետաքննությունն է ներկայացնում. «Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած բյուջեին մեր ներկայիս ընդդիմադիր գործընկերները կողմ քվեարկեցին,իսկ տեսեք՝ Փաշինյանի կառավարության բյուջեին դեմ քվեարկեցին»:

«Իրականում ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, երբ կողմ կամ դեմ ես քվեարկում, դու առաջին հերթին նայում ես, թե ինչ է տալու այն քաղաքացուն, որքանով է արդյունավետ լինելու, արդյո՞ք դա պարտադրված է,թե՞ անհրաժեշտություն: Այսօր ընտրված պատգամավորներից շատերը չունեն կուսակցական կաշկանդվածություն, որևէ խմբակցությունից առաջադրված են, բայց կուսակցական չեն: Փաստը մնում է փաստ,որ մարզից ընտրված 3 պատգամավոր դեմ քվեարկեց բյուջեին, եւ քաղաքացին պետք է իմանա այդ մասին: Ես կուզեի, որ իմ գործընկերները՝ պարոն Մինասյանն ու պարոն Գրիգորյանն այստեղ լինեին,եւ տեսնեինք,թե ում են բթամիտ անվանել, ովքեր այդ հիմնավորումը հնչեցրել են: Սա պատգամավորի համար լուրջ խնդիր  կարող է հանդիսանալ, ինչո՞ւ չէ, էթիկայի հանձնաժողովում քննարկվելու հարց»,-ընդդիմադիր գործընկերների պահվածքից փոքր-ինչ վիրավորված՝ ասում է Նազելի Բաղդասարյանը: 

Ինչո՞ւ 2020-ի բյուջեին դեմ, եւ ոչ թե կողմ՝ Շիրակի մարզից ընտրված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանի փոխարեն պատասխանում է նրա օգնականը՝ Աննման Մինասյանը. «Քննարկման է դրվել ոչ միայն այդ հարցը,այլ բազմաթիվ հարցեր, որոնց հետ իրենք համաձայն չեն եղել:Պատկերացրեք՝ առաջարկվում է 10 բան, որից միայն մեկն է ձեզ հոգեհարազատ, կվերցնե՞իք»,-նշում է պատգամավորի օգնականը: