Դուք անգամ շնորհակալության արժանի չէի՞ք

Դուք անգամ շնորհակալության արժանի չէի՞ք

Նախագահի ընտրություններից անցել է երկու օր: Արդեն հայտնի է քվեարկության երկրորդ փուլի օրը: Մրցապայքարը կշարունակեն նախկին վարչապեը Արայիկ Հարությունյանը եւ գործող ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Նախնական արդյունքներն ամփոփելուց հետո Արայիկ Հարությունյանը դիմել է ընտրողներին, երախտագիտություն հայտնել մասնակցության եւ իրենց քաղաքացիական պարտքը բարդ իրավիճակում պատվով կատարելու համար, ընդգծել ընտրությունների ներքին ու արտաքին քաղաքական նշանակությունը, հնչեցրել համախմբման հորդոր, իսկ հաջորդ օրն անցկացրած մամուլի ասուլիսին հայտարարել, որ Արցախում ինքը թշնամի չունի, բարձր է գնահատում բոլոր մրցակիցներին, պատրաստ է համագործության: Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբից ոչ մի գնահատական չի հնչել: Թեեւ նա պարտավոր էր դա անել գոնե ի պաշտոնե:

Ավելին, Մայիլյանը նույնիսկ պարզ, մարդկային շնորհակալություն չի հայտնել իր օգտին քվեարկածներին, թիմի անդամներին, բոլոր նրանց, որ աջակցել են իրել, կազմակերպել քարոզչություն, նախընտրական հանդիպումներ: Մայիլյանի համակիրների շարքերում ես բազմաթիվ մարդկանց գիտեմ: Եւ հիմա դիմում եմ նրանց. «Դուք անգամ շնորհակալության արժանի չէի՞ք»: Թե ի՞նչ հետեւություն կանեն նրանք՝ իրենց գործն է: Բայց Մայիլյանի օգտին քվեարկած հազարավոր արցախցիներ այսօր խորին հիասթափության մեջ են: Եթե այս իրավիճակում, երբ դեռ աջակցության կարիք ունի, Մայիլյանը վերեւից է նայում ժողովրդին, ընտրությունների կապակցությամբ նրան շնորհավորելու, իր աջակիցներին երախտագիտություն հայտնելու պարկեշտություն չի ցուցաբերում, ապա ի՞նչ կլինի, եթե վաղն իշխանություն ունենա: