Տեսա-լուսանկարողը պետք է տեղյակ լինի օրենքից

Տեսա-լուսանկարողը պետք է տեղյակ լինի օրենքից

Նիկոլ Փաշինյանը շարունակում է անդիմակ մարդկանց նկարներ հրապարակել։ Եվ նրա կողմնակիցները սկսեցին «Անթաքույց գեղեցկություն» լուսանկարի հերոսուհու փեշը քննարկել ու նրան ուղարկել Ծերեթելի։ Երեկ վարչապետը վերջապես փորձեց կարգի հրավիրել հայհոյողներին․ «Բացառեք մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետեւ մենք խոսում ենք մեր մասին, ո՛չ ուրիշների: Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու եւ մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց»։
Բայց, կրկին, հարյուրավոր լուսանկարներ են հրապարակվում վարչապետի էջում, այսպես կոչված՝ հանրային վերահսկողության անվան տակ։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր, ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին ղեկավար Շուշան Դոյդոյանը, ով աշխատել է 2015թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի վրա, «Հրապարակի» հետ զրույցում ներկայացնելով իր կարծիքը՝ նշեց, որ սա հակասում է այն ամենին, ինչն ամրագրված է օրենսդրությամբ, միջազգային պարտավորություններով, կոնվենցիաներով։

«Որովհետեւ օրենքով սահմանված կանոնները խախտվում են»: Շուշան Դոյդոյանը նշում է, որ գոնե պետք է պահպանել նվազագույն կանոններ․ տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին (բարեխղճության կանոնը), դրանք հրապարակելիս պետք է ապաանձնավորել մարդկանց, փակել դեմքերը, բլյուր անել կադրը, տեսահսկողը կամ լուսանկարահանողը պարտավոր է տվյալները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար (համաչափության սկզբունք), եւ, վերջապես՝ հասարակական վայրերում տեսահսկում կարող է իրականացվել միայն հանրային իշխանությունների՝ քաղաքապետարանի, ոստիկանության կողմից։ Մանավանդ, որ սոցիալական ցանցում հայտնվելուց հետո, ըստ Դոյդոյանի, դրանք անհնար է ջնջել։ Շուշան Դոյդոյանը նաեւ հիշեցնում է․ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը խախտելու, այդ թվում անձնական տվյալ մշակելու (այդ թվում՝ տեսահսկման միջոցով), օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք, որի չափը տարբեր խախտումների դեպքում տատանվում է 50 հազար ՀՀ դրամից մինչեւ 500 հազար ՀՀ դրամ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդված 189.17-ով։

Հետեւելով Շուշան Դոյդոյանի խորհրդին՝ դիմեցինք արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանին, թե ինչու գործակալությունը, որպես լիազոր մարմին, հանդես չի գալիս հայտարարությամբ։ Մամուլի խոսնակն ասաց․ «Հարցը շատ ընդհանուր է եւ վերաբերում է սոցիալական ցանցում տվյալների հրապարակման ընդհանուր բոլոր դեպքերին միաժամանակ: Հաշվի առնելով նաեւ, որ կոնկրետ անձանց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը (տվյալների մշակման իրավաչափության ստուգումը) հիմնվում է տնօրինչականության սկզբունքի վրա, հնարավոր չէ նման պայմաններում, առանց համապատասխան հիմքերի իրականացված քննության, գնահատել տվյալների մշակման իրավաչափությունը եւ դրա մասին հայտարարություններ անել»։ Կարճ ասած՝ վարչապետը քննությունից դուրս է, նա կարող է նաեւ օրենք խախտել եւ անպատիժ մնալ։