Իրականության հետ առերեսումը կայացավ

Իրականության հետ առերեսումը կայացավ

Թվում էր՝ հրադադարի հաստատումից հետո Փաշինյանն առաջինը պետք է այցելի Արցախ: Երբ մի տեղ աղետ է տեղի ունենում, երկրի ղեկավարն այցելում է աղետի գոտի, որպեսզի հասկանա, իր աչքով տեսնի տեղի ունեցածը, սատարի մարդկանց, ոգեւորի, ուժ տա: Իսկ աղետի գոտին Արցախն էր: Ինչո՞ւ չգնաց Արցախ Փաշինյանը, չէ՞ որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, չէ՞ որ աղետը հենց Արցախի գլխին էր եկել: Թող ուրեմն՝ ճեղքեր ռուս խաղաղապահների շղթան, ինչպես դա արեց Եռաբլուրում, թող արցախցի սեւազգեստ մայրերի միջով գնար, թող վիրավոր Ստեփանակերտի փողոցներում հանդիպեր մարդկանց, փորձեր հասկանալ, թե ինչ է մնացել Արցախի Հանրապետությունից, որ իրեն էր անցել 12 հազար կիլոմետր տարածքով:

Թավիշը մնում է թավիշ: Երեւանում նստած՝ քառասուն օր զոռ տվեց լեզվին, նորանոր ստեր փչեց, Պուտինին եմ զանգել, ֆլանքյասն էր եկել, ամեն ինչ անում ենք… Չէ, եղբայր, մուլափ… Բա ասում էիք՝ հաղթում ենք, զգետնում ենք, հօդս ենք ցնդեցնում… Էս ինչե՞ր են պատմում Պուտինն ու ֆլանքյասը, ո՞նց թե՝ կարելի էր պատերազմն ավելի շուտ դադարեցնել, բայց չես արել, ո՞նց թե՝ կարելի էր Շուշին պահել, բայց չես պահել… Ավանակին պատմես՝ վրադ կծիծաղի… ո՞նց թե՝ 30 հազար զորք եմ փրկել: 30 հազար զորքը կես ժամում Շուշին ու Հադրութը կազատագրեր, Ստեփանակերտն էլ անառիկ կպահեր: Դու 30 հազար զորք ունեիր ու փախա՞ր: Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ է 30 հազարանոց զորքը:

Քառասուն օր նստեց Երեւանում ու մի օր էլ որոշեց մարդամեջ դուրս գալ՝ գնալ Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել հերոսների հիշատակին: Անկեղծ ասած՝ չգիտեմ էլ՝ դա ի՞ր որոշումն էր, թե՞ հուշել էին, որ նման քայլով հնարավոր կլինի մեղմել ժողովրդի ցասումն ու վրդովմունքը: Պետական լծակների գործադրմամբ մի քանի հազար յոնջա ուտող ճարեցին ու, հետեւներից գցած, ճամփա ելան: Նախապես գիտեին, որ իրենց սպասում են Եռաբլուրում, հայտարարվել էր, որ չեն թողնելու մտնել Եռաբլուր: Բայց գնաց, սեպի պես խրվեց, ժողովրդին ծեծելով ու ահաբեկելով գնաց, «դավաճան» վանկարկումների ներքո գնաց, ձվատարափի տակ գնաց, հերոսների քունը խանգարելով գնաց, հողի ամեն թիզը պղծելով գնաց: Մարդկային ոչինչ չկար նրա ընթացքի մեջ՝ ո՛չ տրամաբանություն, ո՛չ նպատակ, ո՛չ սեր, ո՛չ հարգանք, քրիստոնեություն, ո՛չ պետականություն: Հենց միայն այս արարքի համար Նիկոլն իր ավազակախմբով արժանի է ծանր պատժի:

Բայց նա այդ երթը համարեց հաղթանակ, համարեց մկանների ցուցադրություն, ցնծաց ներքուստ եւ որոշեց հաջողությունն այս անգամ զարգացնել Սյունիքի ուղղությամբ, որտեղ քաղաքացիներն արդեն երկու ամիս քուն ու դադար կորցրել են ադրբեջանցիների ոտնձգություններից ու ՀՀ իշխանությունների տափակություններից: Ախր ո՞ւր էիր գնում, ո՞վ էր քեզ այնտեղ սպասում: Տարածդ թատերական խո՞ւմբը, որ բնակավայրերում շոու սարքի, դա՞ էր քեզ պետք: Եվ ո՞ւմ աչքերի մեջ նայեցիր Սառնաղբյուրում ու Սիսիանում՝ հոգեւորականի՞: Եվ ի՞նչ ասաց քեզ հոգեւորականը՝ լուռ, ինչպես այն եկեղեցու քարը, որ կեղծ խաչակնքումով ու անաստված էությամբդ պղծեցիր: Մարդիկ եկեղեցուց խաղաղված հոգիներով են դուրս գալիս: Դու դուրս եկար՝ սրտումդ վրեժ պահած: Խաղաղվիր՝ սա է խորհուրդս քեզ, ուրիշ բառեր չունեմ ասելու:

Տեսնում եմ, որ քեզ դժվար է տրվելու հոգու խաղաղությունը: Մարդիկ այլեւս չեն հավատում, որ կհեռանաս առանց արյան ու զոհերի: Ահավասիկ, գլխիկոր հետդարձիդ պահին էլ հայտարարեցիր, թե սգո օրով չես ուզում դիմել ուժի: Իսկ ե՞րբ ես դիմելու: Եկածդ օրվանից սգի մեջ ենք, իսկ երբ սուգ չլինի, արդեն դու չես լինի, որ ուժ կիրառես: Եվ ուրեմն ասա՝ տրամաբանակա՞ն էր հետդարձից առաջ արածդ հայտարարությունը: