«Ստամբուլիստները»

«Ստամբուլիստները»

Լրահոսի վերջին օրերի ամենամեծ «ավետիսներից» մեկը ԱԺ անկախ (իրենից) պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից նոր կուսակցություն հիմնելու լուրն էր։ 

Հայ քաղաքական դաշտն իր երեսնամյա պատմության մեջ այնքան փորձանք է տեսել՝ սա էլ կանցնի։ Մանավանդ որ նոր կուսակցությունը ստեղծվում է ոչ թե քաղաքական մեծ նպատակների համար, ինչպես սովորաբար լինում է, այլ, ըստ ամենայնի, կարճաժամկետ ծրագրերի, մասնավորապես՝ Ստամբուլյան կոնվենցիան անցկացնելու, հետո նաև այդ կոնվենցիայի մի քանի սրտամոտ դրույթներ կյանքի կոչելու նպատակով։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նոր կուսակցությունն ստեղծվում է սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու, միասեռական ամուսնությունները Հայաստանում օրինականացնելու «առաքելությամբ»․ նրանք են լինելու նոր կուսակցության հիմնական ընտրազանգվածը։ Այս առումով միանգամայն արժանահավատ են հնչող կարծիքները, թե նոր կուսակցության գործունեությունը սահմանափակվելու է վերը թվարկվածով, և այս պարագայում ակնհայտ է, որ դա լինելու է իշխանական պրոեկտ՝ ընդամենը։ Դժվար է ասել՝ աշխարհում կա՞ էլի մեկ ուրիշ երկիր, որտեղ սեռական փոքրամասնությունը սեփական կուսակցությունն ունենա, բայց մենք կարծես հավակնում ենք դառնալ իսկապես «աննախադեպ»։

Ստեղծվելիք կուսակցությունը կոչվելու է «Հանուն Հանրապետության»։ Նկատենք, որ անհաջող անվանում է, որովհետև կռիվ է ընկնելու այս ստեղծվելիքի և անկախ Հայաստանի առաջին կուսակցության՝ Հանրապետական կուսակցության միջև, քանի որ երկու դեպքում էլ ունենալու ենք նույն՝ «ՀՀԿ» հապավումը։ Արման Բաբաջանյանին դա անտարակույս ձեռնտու է, բայց ահա Հանրապետականների համար կատարյալ ամոթ ու խայտառակություն կլինի։ Պատկերացրեք՝ մամուլը գրում է՝ «ՀՀԿ-ի ջանքերով միասեռական ամուսնությունները Հայաստանում դարձան իրականություն»։ Հիմա պատկերացրեք Էդուարդ Շարմազանովի դեմքը՝ այդ նախադասությունը կարդալիս։ Իսկ եթե՝ լուրջ, ապա խորհուրդ ենք տալիս Հանրապետականներին այս փորձանքի հորձանքի դեմն առնել սկզբից և թույլ չտալ վերոբերյալ հապավման պաշտոնականացումը։ (Որ «հանունականների» փորձանքը հենց հորձանքով է գալու, որևէ կասկած լինել չի կարող․ հիշենք Ա․ Բաբաջանյանին խորհրդարան բերած հզոր ուժը՝  300 համախոհներին, որոնք կազմել էին այս պատգամավորի էլեկտորատը)։

Ա․ Բաբաջանյանը դեռ ամիսներ առաջ (մայիս ամսին) է հայտարարել, որ իրենց քաղաքական ուժի (այն օրերին՝ նախաձեռնություն) նպատակն է  «արդի քաղաքական զարգացումներում բոլոր քաղաքական ուժերից տարբերվող դիրքորոշում, հայացքներ ունենալու մեր համախոհների, աջակիցների դիրքավորումը»: Իսկ բոլոր քաղաքական ուժերից տարբերվող «դիրքավորումը» հենց վերոնշյալ փոքրամասնության խիստ յուրօրինակ «դիրքն» է, որը, ի դեպ, նույն փոքրամասնության ներկայացուցիչները վերջին տարիներին հանրությանը ներկայացնում են, ոչ ավելի, ոչ պակաս, իբրև «ձիրք»՝ սովորական մահկանացուներին բնականաբար ոչ հատուկ և ոչ հասու։
Դարձյալ ըստ մամուլի հրապարակումների՝ ստեղծվելիք կուսակցության «երկու առանցքային դեմքերն» են լինելու արդեն նշված անկախ պատգամավորը և Հմայակ Հովհաննիսյանը։ Ահա այստեղ է, որ քար է գցվում այս կուսակցության «նոր» ածականի վրա․ մի տեղ, որտեղ Հմայակ Հովհաննիսյանն է՝ էլ ի՞նչ «նոր»։ Արման Բաբաջանյանից՝ որպես եվրոպական արժեքներ դավանողից ու կրողից, ավելի կրեատիվ ու թարմ բան էր ակնկալվում։ Սակայն տրամաբանական մի բացատրություն կա․ էլեկտորատը գուցե հենց Հմ․ Հովհաննիսյանին է «ընդունում»։ 

Բայց դա, անշուշտ․  իրենց գործն է։ Մեզ ուրիշ բան է հետաքրքրում։ Օրինակ՝ այն, որ մեր անկախ պատգամավորը, կուսակցություն ստեղծելուց հետո, պատրաստվում է խորհրդարանում ներկայացնել իր քաղաքական ուժին։ ԼՀԿ-ի ցուցակով պատգամավոր դարձած, հետո խմբակցությունից թռած պատգամավորը խորհրդարանում այլ քաղաքական ուժ է ներկայացնելու՝ լինելո՞ւ բան է։  Դեռ չհաշվենք, որ բարոյականություն (Մխիթար Գոշն ասում է՝ բարոյականք) է ոտնահարվում, ոտնահարվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը նաև, որտեղ ոչ միայն ամրագրված չէ «անկախ պատգամավոր» անհեթեթ ձևակերպումը, այլև գծված չէ որևէ խմբակցությունից դուրս եկած պատգամավորի հետագա քաղաքական գործունեության ձևը։ Գծված լինելու դեպքում հաստատ կզսպվեին հենց Ա․ Բաբաջանյանի նման պատգամավորների անձնական նկրտումները և ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի արձանագրված վիճակը փոխելու տգետ հավակնությունները։ Իսկ Ա․ Բաբաջանյանի սիրտը ոչ միայն նոր կուսակցություն է ուզում (իր իրավունքն է), այլև այդ ուժն «իրենով» խորհրդարան տանելու փոխակերպված «երջանկություն»։ Անշուշտ, սա այն դեպքն է, երբ նույնիսկ Վահագն Հովակիմյանի հանճարը չի կարող օգնել Ա․ Բաբաջանյանին։ Բայց հայոց քաղաքական դաշտի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ այնտեղ հնարավոր է ամեն բան, մանավանդ՝ անհնար բան։ Վախենամ՝ Ա․ Բաբաջանյանն ինքն իրենից նոր խմբակցություն էլ «ծնեցնի»։ ԱԺ-ն , այնուամենայնիվ, Վ․ Հովակիմյան ունի։

Հ․Գ․։ Ա․ Բաբաջանյանի՝ կուսակցություն հիմնելու մասին լուրը, ինչ մեղքս թաքցնեմ, թեև ընդունել եմ տհաճությամբ, բայց, որքան էլ անհավատալի հնչի, նաև երախտագիտության զգացումով․ այդ մարդու հապճեպացող կուսակցաշինական գործունեությունը լավագույն հուշումն է այն բանի, որ Ստամբուլյան կոնվենցիան ծեծում է մեր դռները։
Իսկ թշնամու մոտենալը վաղօրոք իմանալը միշտ անհրաժեշտ է։

Հ․Գ․ 2։ Տեղեկություն՝ խորհրդածության համար․ մեր «ստամբուլիստները» (երկուսն էլ) ամուսնացած չեն։