Նոր թանկացումներ՝ 2020 թվականի հունվարի 1-ից

Նոր թանկացումներ՝ 2020 թվականի հունվարի 1-ից

Էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության եւ արտաքին առեւտրի վարչությունն այս օրերին պատրաստում է սոցիալական հոլովակներ, տեղեկանքներ եւ ապրանքների ցանկ է կազմում, որոնց մաքսատուրքերը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում բարձրանալու են եւ առաջիկայում կհրապարակվեն։ Շուրջ 300 ապրանքատեսակներ, այդ թվում՝ սպառողական զամբյուղում ներառված մի շարք ապրանքներ՝ բուսայուղ, սառեցված միս, մսամթերք։ «Սպառողական զամբյուղում ներգրավված ապրանքների մասով ենք տեղեկանք պատրաստում, այնտեղ կա՝ արեւածաղկի ձեթի մասով 1 տոկոսով է բարձրանալու, կարագի մասով՝ երրորդ երկրից ներմուծվող, եւ այնպես է, որ նույն՝ այդ կարագն ու ձեթն անցյալ տարի էլ են բարձրացել 2 տոկոսով, եւ գների բարձրացման միտումը շատ մեծ չի եղել»,- հայտնեցին նախարարությունից։

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարից մեր՝ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում փոխվեցին երրորդ երկրներից ներմուծվող շուրջ 6300 անուն ապրանքների դրույքաչափեր․ առաջին տարվա համար՝ շուրջ 780 ապրանքատեսակ, հաջորդ տարի՝ եւս այդքան, 2017-ին՝ 900 անուն։ Դրանք ենք՝ դեղորայք, շաքարավազ, թռչնամիս, գյուղտեխնիկա, մեքենաներ, պանրի ու ձիթայուղի տեսակներ։
Սակայն Հայաստանի բնակչության համար «ամենացավոտ» բարձրացումները թողնված էին վերջին՝ 2020 թվականին, եւ դրանք թեթեւ մարդատար ավտոմեքենաներն են, որոնց ներմուծման դրույքաչափերն այնքան են ավելանալու, որ, տարբեր հաշվարկներով, սահմանին կարող է վճարվել մեքենայի մաքսային արժեքի միջեւ 500 տոկոսը՝ կախված տարբեր հանգամանքներից: Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում: Պատահական չէ, որ ամբողջ 2019-ին Հայաստան մեծ թափով մեքենա էին ներմուծում, ու նաեւ ԵԱՏՄ «միութենակից» երկրների քաղաքացիներն էին գալիս այստեղից մեքենա տանելու, որի շնորհիվ էլ 2019-ի բյուջեն մեծ հավելում ունեցավ։

Նշենք, որ այս տարվա մաքսատուրքերի ավելացումը հատկապես վերաբերում է Բրազիլիայից, Հնդկաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից ներկրվող սառեցված միս-մսամթերքին, թռչնամսին։ Մենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներից ներմուծում ենք տավարի, խոզի, գոմեշի միս, ինչպես տեղեկացրեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։ «ԵԱՏՄ պայմանագիրը որ կնքվեց, շատ պրոֆան, դիլետանտ մարդիկ են զբաղվել դրանով՝ առանց հաշվի առնելու, որ մեզ մոտ միշտ մսի խնդիր կա, եւ Հայաստանը ներմուծող է, հաշվի չի առնվել, որ սերմի հիմնական մասը ներկրվել է դրսից։ Օրինակ՝ այս տարի սպասվում է, որ կարտոֆիլի սերմացուի գինն էլի պիտի բարձրանա։ Էն դեպքում, երբ մեզ մոտ ցանքատարածությունները պակասում են։ Իհարկե, Բելառուսի նման երկրին դա շատ ձեռնտու է, իր անորակ կարտոֆիլը կբերի-կլցնի ստեղ, անորակ սերմացուն էլ՝ հետը։ Մեր հողերն էլ կվարակեն»։ Բերբերյանի խոսքով, սա՝ այն դեպքում, երբ 2 տարի առաջ Հայաստանը մոտ 50 հազար կգ կարտոֆիլ էր արտահանում Վրաստան։ Նրա ասելով՝ վերջին 5 տարիները, գոնե գյուղմթերքի մասով, ցույց տվեցին, որ Հայաստանի շահերն այս միությունում չեն պաշտպանվել։

Ինչո՞ւ է  Հայաստանը միս եւ թռչնամիս ներմուծում։ Առավել եւս՝ եթե եղել են տարիներ, երբ Հայաստանն ինքն է թռչնամիս արտահանել Վրաստան։ Հրաչ Բերբերյանն ասում է, որ եթե ոչ մսի, ապա թռչնամսի մասով, հաստատ, ծածկելու պոտենցիալ ունենք եւ ավելին՝ արտահանելու, ինչը եւ արել ենք տարիներ առաջ, սակայն այսօր շուրջ 25 հազար տոննա թռչնամիս ենք ներմուծում։