«Ես ոչինչ չեմ որոշում», ասում է ավագանու մանդատ ստացող թեկնածուն

«Ազգային առաջընթաց» կուսակցության 12-րդ համարը զբաղեցնող իրավապաշտպան Նարինե (Նարե) Արամյանը, որը նույնպես ավագանու մանդատ է ստանալու, կարծում է, որ ոչ մի պարագայում չի կարելի բոյկոտել ընտրությունների արդյունքները, այլ պարզապես պետք է աշխատել ու հասկանալ, թե ինչու է նման պատկեր արձանագրվել և ինչու էին երևանցիներն այդքան պասիվ. «Պետք է իրավիճակն ընդունել այնպես, ինչպես որ է: Հետևություններ պետք է անել ու անցնել աշխատանքի: Չափազանց վատ է, որ մենք նման մասնակցություն արձանագրեցինք, հետևաբար բոյկոտի փոխարեն, պետք է այլ հետևություններ անել: Մի քանի օրվա մեջ պարզ կլինի ամեն ինչ», - նշում է Հայկ Մարությանի թիմակից Արամյանը:
Հարցին՝ պակերացնո՞ւմ եք Վարդան Ղուկասյանի և Անդրանիկ Թևանյանի հետ կոալիցիա, մեր զրուցակիցն ասում է, որ այդ հարցն իր իրավասության տիրույթում չէ և չի կարող ճշգրիտ պատասխանել. «Ես ոչինչ չեմ որոշում, դա իմ ոլորտը չէ, մենք ունենք կուսակցության ղեկավարություն և խնդիրները պետք է քննարկեն նրանք: Այս իրավիճակում չպետք է մարդկանց լավի կամ վատի բաժանել, պարզապես պետք է արձանագրել, որ ունենք այն, ինչ ունենք», - նշեց Արամյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում իշխող ՔՊ-ն հավաքել է սպասվածից քիչ ձայներ` 32,57 տոկոս ձայն, իսկ ահա Հայկ Մարությանի, Անդրանիկ Թևանյանի և Վարդան Ղուկասյանի ձայներն իրար գումարած կարող են Ավինյանին գահընկեց անել: Դոգն արդեն ուղիղ եթերում առաջարկել է Թևանյանին և Մարությանին միանալ իրեն, սակայն նրանք դեռևս չեն արձագանքել Դոգին:
Կարծիքներ