Իսկ տրանսգենդերները ո՞ր սեռին են պատկանելու (տեսանյութ)

Իսկ տրանսգենդերները ո՞ր սեռին են պատկանելու (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, մեծ մասը՝ կանայք, և որոշ կուսակցություններ ու ՀԿ-ներ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ քննարկում էին կազմակերպել, որի նպատակն էր խթանելու կանանց մասնակցությունը ապագա օրենսդրության և, մասնավորապես, կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի հետագա մշակման համատեքստում: Այլ կերպ ասած՝ ինչպես անել, որ կանայք ավելի շատ ներգրավված լինեն խորհդրարանում և պետական կառավարման մյուս օղակներում։

Քննարկումը վարում էր ԱԺ փոխնախագահ, իմքայլական Լենա Նազարյանը։ Նա ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետական համակարգում կանանց ներգրավվածությունը բավականին քիչ է։ Օրինակ՝ Ազգային ժողովում 132 պատգամավորներից միայն 31-ն է կին, կառավարությունում ընդամենը մեկ նախարար ունեն, կին մարզպետ չունեն, 45 փոխնախարարներից 13-ն է կին, իսկ 37 դեսպաններից 6-ն է կին։

«Ես իմ գործընկերների հետ կառավարությունում և Ազգային ժողովում քննարկում եմ կանանց ներգրավվածության համար օրենսդրական մեխանիզմներ ստեղծելու համար»,-ասաց Լենա Նազարյանը։

Hraparak.am-ի հարցին, թե որքա՞ն պետք է լինի կանանց քվոտան, որ բավարարի, ԱԺ կին փոխխոսնակն ասաց․ «Ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքում քվոտան․․․ սովորաբար ասում են՝ կանանց քվոտա, բայց, իհարկե, ավելի գրագետ ասելու համար խոսքը վերաբերում է՝ մի սեռի ներկայացվածությունը չպիտի գերազանցի 70 տոկոսը ներկայումս, ես առաջարկում եմ, որ չպիտի գերազանցի 60 տոկոսը։ Այսինքն՝ կանանց քվոտան պետք է հասցնենք 40 տոկոսի»։

Մեր հարցին՝ ի՞նչ տարբերություն կին է, թե տղամարդ, եթե պրոֆեսիոնալ է տվյալ անձը, Նազարյանն ասաց, որ, իհարկե, առաջին հերթին քննարկվում են մարդու մասնագիտական կարողությունները, բայց ինքը բոլորովին կասկածի տակ չի դնում կանանց մասնագիտական կարողությունները։

Մեր մյուս հարցին՝ եթե սեռը փոխել են, տրանսգենդեր են, այդ դեպքում ինչ են անելու, իրենք ո՞ր սեռին են պատկանելու, Լենա Նազարյանը չպատասխանեց այս պարզ հարցին։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ի՞նչն էր խանգարում, որ իրենց թիմից մեծ թվով կանանց նշանակեին մարզպետ ու նախարար, Լենա Նազարյանը մի պահ շփոթվեց, ապա արձագանքեց․ «Լավ հարց էր․․․ իհարկե, նման ցանկություն և ձգտում եղել է, բայց նաև եղել են օբյելկտիվ հանգամանքներ։ Մենք երկար ժամանակ փնտրել ենք կին նախարարներ, և չենք կարողացել այդ պահին գտնել, երբ կառավարություն էինք ձևավորում։ Բայց մեր նպատակը և ձգտումը մնում է նույնը, և մենք հիմա արդեն ստեղծում ենք օրենսդրական մեխանիզմներ, որպեսզի հետագայում, նույնիսկ եթե իշխանությունը փոխվի, կառավարություններ փոխվեն, մշակույթը ձևավորվի, որովհետև հաջորդ կառավարություններն արդեն հետքայլ չեն կարողանա անել»;

-Տիկին Նազարյան, իսկ եթե օրենքով ամրագրեք, որ պետք է 40 տոկոս լինի կանանց ներգրավվածությունը, բայց այդ 40 տոկոսի միջից էլի տվյալ իշխանությունը չկարողանա նախարարներ ընտրել, դա ինչպե՞ս է կարգավորվելու։

-Խոսքը հիմա վերաբերում է օրենսդիր իշխանությանը, մենք Ընտրական օրենսգրքով կարգավորում ենք Ազգային ժողովում կանանց ներկայացվածության հարցը կուսակցությունների մասին օրենքով, ուզում ենք կարգավորել կանանց ներկայացվածության հարցը կուսակցությունների ղեկավար կազմում։ 

-Նկատի ունեմ՝ որակի վրա չի՞ ազդի, որ զոռով ուզենան կին պաշտոնյա ընտրել։

-Ես չեմ հասկանում՝ Դուք ինչու եք կանանց որակից խոսում և շրջանցում եք տղամարդկանց մասնագիտական որակները։

-Ես տղամարդկանց որակից էլ կարող եմ խոսել, նաև տղամարդկային որակներից։

-Խոսեք։