«Զենիթը» կրկին հետաքրքրվում է Մխիթարյանի ծառայություններով

«Զենիթը» կրկին հետաքրքրվում է Մխիթարյանի ծառայություններով

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»։ Այս մասին հայտում է eurosport.ru-ն։

Ըստ աղբյուրի՝ տեղափոխությունը կկայանա ոչ թե գալիք՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ, այլ 2020 թվականի ամռանը։

Նշվում է, որ  հայազգի ֆուտբոլիստի համար սա նախընտրելի տարբերակ է, քանի որ Անգլիայի առաջնությանը Մխիթարյանը այդպես էլ չի կարողանում հարմարվել։ Հոդվածագիրը բացառում է, որ Մխիթարյանը կարող է նորից վերադառնալ Լոնդոնի «Արսենալ»։ 

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս վարձակալության պայմանագրով, իսկ ֆուտբոլիստի տրանֆերը պատկանում է «Արսենալին»։

Մխիթարյանով հետաքրքրվելու լուրերը պտտվում էին դեռ անցած տարվա ամռանը։ 
Պետերբուրգյան ակումբի նախագահ Ալեքսանդր Մեդվեդևը անձամբ էր հայտարարել, որ ակումբը հետաքրքրվում է հայ ֆուտբոլիստի ծառայություններով։

«Ռուս-հայկական հանդիպում է եղել, որի ժամանակ նշվել է Մխիթարյանի ազգանունը` որպես ֆուտբոլիստի, որը կարող է հետաքրքրել մեզ։ Բայց նա գործող պայմանագիր ունի «Արսենալի» հետ, դա պետք է հաշվի առնել։ Սա առաջիկայի կամ հաջորդ տրանսֆերային պատուհանի հարց չէ»,- նշել էր Մեդվեդևը։