2026-ին էլ էսպես դռնեդուռ «չլվելո՞ւ» են

2026-ին էլ  էսպես  դռնեդուռ «չլվելո՞ւ» են

Դեկտեմբերի 8-ից մեկնարկել էին  Գյումրիի նախնական ընտրությունները։ Գյումրեցիները մինչև դեկտեմբերի 10-ը՝ ժամը 21։00 -ն  հնարավորություն ունեին ընտրելու իրենց նախընտրած  ՔՊ-ական թեկնածուին ։
Հիշեցնենք, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել էին  7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը: Գյումրեցիները միայն վերջին օրերին են փորձել հասկանալ, թե ինչ բան է փրայմերիզ ասվածը, որով ՔՊ-ականները իբրև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հարցն են լուծում։

Հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչների համար փրայմերիզ ասվածն ընդամենը շոու էր, իշխանական բեմականացումներից մեկը։
Նախ գյումրեցիներին հետաքրքրում է, թե որտեղ եւ ինչպես իրականացրեցին թեկնածուներն իրենց քարոզարշավները, ընտրվող թեկնածուն ի՞նչ ծրագրով եւ ինչպե՞ս է կառավարելու քաղաքը՝ լինի 3, 5, թե 6 ամիս, իսկ որ ավելի վտանգավոր է, հնարավոր է՝ ՔՊ ժամանակավոր պաշտոնակատարը մեկ տարուց ավել կառավարի: Գյումրեցիները նկատում են, որ փրայմերիզը դեռահասների փողոցային կռիվ հիշեցրեց, որտեղ հաղթում են  շատ ախպերներ ունեցողները։
Եթե ծրագիր, գաղափար չկա, ապա գյումրեցին ինչպե՞ս է ընտրելու, ի՞նչն է հաշվի առնելու ընտրելու ժամանակ: Որքանո՞վ է արդար շրջիկ քվեատուփով հարցում իրականացնելը։

Այն, որ քվեատուփերում լցոնումներ չեն լինի, այն էլ դիտորդների բացակայության պայմաններում, գյումրեցիների համար խիստ կասկածելի է։

Գյումրեցի Արշակ Ամիրյանն է փրայմերիզի ընթացքից դժգոհում՝ ասելով, որ  թաղամասեր կան, որ ՔՊ շրջիկ խմբերը նույնիսկ չեն  էլ մտել, այսինքն՝ ում բախտը բերեց , ում թաղը գնացին, նա  էլ կանցնի, իսկ այն իրական լիդերին որին քաղաքն է ուզում , կարող է եւ չընտրվել։

Բացառապես վարդագույն ակնոցներ հագած, անմռունչ ՔՊ֊ականների դեսանտ է իջել Գյումրի։ Շրջիկ խմբերը ներկայացնող ՔՊ երիտթևի անդամներին այդկերպ են որակում  գյումրեցիները՝ նշելով, որ իշխանությունը  թոզ  փչելու տարբերակ է գտել, փրայմերիզ անցկացնելու համար Երևանից Գյումրի է բերել տասնյակից ավել երիտասարդների  եւ համոզում է, թե ամեն բան արդար է։

Գյումրեցիներն հիմա կես կատակ, կես լուրջ հարցնում են վարչապետ Փաշինյանին ՝ 2026-ին էլ  էսպես  դռնեդուռ «չլվելո՞ւ» են ,  դռնեդուռ ընկնելու, որ պատկերացում կազմեն իրենց էլեկտորատի մասին։ Ի վերջո, 2026-ը սարերի ետևում չէ։