Տիգրան Ավինյանի գրասենյակն անգրագետ որոշումներ է գրել

Տիգրան Ավինյանի գրասենյակն անգրագետ որոշումներ է գրել

Մայիսի 3-ին, երբ պարետատունը որոշեց հանրային բաց տարածքներում եւ տրանսպորտային միջոցներում բոլորին պարտադրել դիմակ կրել, Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսով վարակման 113 նոր դեպք: Երեկ՝ հուլիսի 22-ին, դեպքերը երեք անգամ ավելի էին՝ օրական 439: 
Թեեւ քաղաքացիները կատարում են պարետատան ամենաանհեթեթ պահանջները, ակնհայտ է, որ միայն դիմակի վրա շեշտը դնելով՝ վարակի տեմպը չի նվազում, իսկ պարետատան դեմ համընդհանուր դժգոհություն է հասունանում: Ավինյանի անարդյունավետ որոշումները քննադատվում են աջից ու ձախից: Մի խումբ փաստաբաններ հունիսի 21-ին ՀՀ կառավարությանը կոլեկտիվ հանրագիր ուղարկեցին, որով նրանք պաշտպանում են մարդու՝ մաքուր օդ շնչելու իրավունքը եւ առաջարկում են վերացնել հանրային բաց տարածքներում միայնակ գտնվող մարդու, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցում ընտանիքի անդամների կողմից դիմակ կրելու սահմանափակումները, որոնք բխում են պարետի մայիսի 3-ի որոշումից:

Փաստաբանները, ըստ էության, ասել են այն, ինչ արդեն երկու ամիս է, կրկնում են բոլորը՝ մարդը չի կարող վարակել կամ վարակվել բաց տարածքում, եւ հիմարություն է ստիպել ընտանիքի անդամներին, որոնք տանն առանց դիմակի են իրար հետ շփվում, ավտոմեքենայում լինել դիմակով: 
«Ստացվում է, որ պետությունն իր վերահսկողություն կատարելը հեշտացնելու համար մարդուն զրկում է շնչելու իրավունքից, ինչը չի համապատասխանում միջամտության թեստին»,- գրում են փաստաբանները, եզրակացնելով, որ «հասարակությունը չի կարող ընդունել անարդար պատվիրանները, որոնք հակասում են մարդու բնական իրավունքին»: 

Կառավարությունը ստացե՞լ է փաստաբանների հանրագիրը, ի՞նչ պատասխան ունի: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը պատասխանեց. «Երեկ երեկոյան ստացել ենք փաստաբանների դիմումը: Այն քննարկումների փուլում է»: 

Պարետի մայիսի 3-ի որոշումը, նաեւ նորմատիվ ակտ համարվող մի շարք այլ փաստաթղթեր քննադատում է «Բեկում» ՀԿ նախագահ Արմեն Վարդանյանը: Նա 10 տարի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մեթոդոլոգիայի եւ մոնիթորինգի վարչության պետն է եղել, կարծում է, որ պարետի որոշումներն այնքան փնթի ու անգրագետ են գրված, որ դրանք առհասարակ չի կարելի նորմատիվային ակտեր համարել: «Դրանք կարող է բողոքարկել ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձ, որի նկատմամբ արտակարգ իրավիճակի շղարշի պայմաններում ինչ-ինչ գործողություններ են կատարվել եւ պահանջել հետեւանքների հատուցում»,- համոզված է նա: 

Այդ որոշումները, ըստ Վարդանյանի, ընդհանրապես չեն համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վավերապայմաններին: Կան որոշումներ, որոնք չունեն իրավական ակտի տեսակի անվանման եւ բնույթի մասին նշումներ: Խոսքը պարետի 2020թ․ մարտի 31-ի N27, 2020թ․ մայիսի 3-ի N63, 2020թ․ մայիսի 14-ի N 74, 2020 թ․ հունիսի 3-ի N110-Ն որոշումների մասին է: Պարետի որոշումները պետք է ընդունվեին բացառապես օրենքի դրույթի հղումով, ինչպես պահանջում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, ոչ թե կառավարության որոշման հղմամբ: Որպես որոշումների հիմք՝ նշվում է ՀՀ կառավարության 2020թ․ մարտի 16-ի N298-Ն որոշումը, որն իրավական առումով անորոշ է: «Հայտնի չէ, թե այդ որոշման կոնկրետ որ դրույթի կամ նորմի հիմքով է պարետը լիազորված՝ սահմանել երկրի ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի եւ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումներ»,- համոզված է Արմեն Վարդանյանը: «Բեկում» ՀԿ նախագահը պարետատան կողմից թույլ տրված եւս մի քանի տարրական սխալներ ու օրենքներին անհամապատասխանություններ է նշել, որոնք հասնում են զավեշտի: 

«Պարզվում է, որ նույն իրավական ակտը կարող է ուժը կորցրած ճանաչվել մի քանի անգամ: Պարետի 2020թ․ մայիսի 3-ի 63 որոշման 9-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը: Պարետի 2020թ․ մայիսի 14-ի 74 որոշման 11-րդ կետով եւս 1 անգամ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչն արդեն զավեշտ է: Զավեշտը շարունակվում է, քանի որ նոր պարետի 2020թ․ հունիսի 3-ի 110-Ն որոշումով՝ 13-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվել՝ արդեն 3-րդ անգամ, նույն՝ պարետի N27 չարաբաստիկ որոշումը, որը, միստիկ կամ արկածային, կամ սարսափ կինոնկարների չար հերոսների պես, ոչ մի կերպ չի վերանում կամ մահանում եւ յուրաքանչյուր հաջորդ սերիայում կամ ֆիլմի շարքում հառնում է, եւ պետք է նրան հերթական անգամ սպանել կամ ոչնչացնել»,- ֆիքսում է մասնագետը։