Պուտի՞նն է նոյեմբերի 9-ի փաստաթղթի հեղինակը 

Պուտի՞նն է նոյեմբերի 9-ի փաստաթղթի հեղինակը 

«Պուտինն է նոյեմբերի 9-ի փաստաթղթի հեղինակը՝ ինքն է, չէ՞, խոստովանել դրա մասին»: Սա իրենց գրագետ եւ հայրենասեր համարող ռուսատյացների առաջնային բանավիճային կռվանն է: Այն սկսել են շրջանառել մեկ տարի առաջ եւ շարունակում են առայսօր: Այն ոչ միայն արտացոլում է իրականությունը, այլեւ կարծես ինքնին սպանիչ փաստարկ է ընդդեմ Ռուսաստանի: Բայց իրո՞ք անխոցելի հիմնավորում է: Փորձենք վերլուծել, թե ինչու է հենց ՌԴ նախագահը կազմել տեքստը: Դրա համար պատկերացնենք իրավիճակը. Արցախը կորցնում է Շուշին, եւ հերթը Ստեփանակերտինն է: Խաղաղ բնակչությունը հիմնականում տարհանվել է, իսկ ֆիզիկապես եւ բարոյապես պարտված բանակն այլեւս անկարող է դիմադրություն ցույց տալ: Հատկապես որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեծ հաշվով, չի էլ ձգտում դրան: Եվ ՌԴ նախագահը հերթական անգամ ներկայացնում է պատերազմը կանգնեցնելու առաջարկ, ինչն ընդունվում է Նիկոլի եւ Իլհամի կողմից: Կարող էր նույնիսկ ոչ թե միջնորդել, այլ նրանցից ստանալ պատերազմը կանգնեցնելու խնդրանք՝ դա էական չէ:    

Պարտված կողմը, ի դեմս Նիկոլի, այլ տարբերակ չուներ, քանզի, իր ասելով, պատերազմ կանգնեցնելով՝ փրկում էր 25 հազար զինվորականի կյանքը: Իսկ Ադրբեջանի նախագահը դեմ չէր դրան՝ հասկանալով, որ ձմռանն ավելի դժվար է լինելու պատերազմը շարունակելը, իսկ իր ռեսուրսները, այնուամենայնիվ, անսպառ չեն: Հասնում է հրադադարի տեքստ կազմելու հերթը: Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որպես պարտված կողմ, կարո՞ղ էր հեղինակել որեւէ տեքստ: Իհարկե՝ ոչ, քանի որ պարտվածները պայմաններ չեն թելադրում: Միակ տեքստը, որ կարող էր նա կազմել՝ ամբողջական կապիտուլյացիայի մասին հայտարարելն էր: Բայց քանի որ միջնորդի կողմից նման խնդիր չի դրվել, որքան էլ Իլհամը ցանկանար, ուրեմն տեքստը պետք է կազմեր կա՛մ Իլհամը, կա՛մ Պուտինը: Իլհամին որ մնար՝ ինքն առաջադրելու էր այնպիսի պայմաններ, որոնք բացարձակ ընդունելի չէին լինելու նույնիսկ Փաշինյան Նիկոլի համար: Ուրեմն մնում է, որ «ռուսաց թագավորը» կազմեր այդ տեքստը՝ պահանջներն ընդունելով Իլհամից, իսկ դրանց մերժումը կամ համաձայնությունը՝ Նիկոլից: Ընդամենը, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր, կարող էր աջակցել Նիկոլին Իլհամի ինչ-որ պահանջներ մերժելու առումով: Դա, իհարկե, ենթադրություն է, բայց երեւի մի օր կիմանանք, թե ինչպես է մշակվել հայտարարության տեքստը: 

Երկրորդ բանավիճային կռվանը Ռուսաստանի, այսպես կոչված, դավաճանական վարքագիծն էր մեր նկատմամբ եւ մեզ թշնամական տանդեմի դեմ միայնակ թողնելը: Այն Ռուսաստանի, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է (կամ՝ «էր»): Բայց մենք մոռանում ենք, նախ, որ 2018-ից այս կողմ «ժողովրդի իշխանություն» ենք, իսկ ՌԴ ղեկավարությունն էլ պիտի հարմարվեր մեզանում կատարված փոփոխություններին: Ինչը (հարմարվելու պահանջը) նրան «մատուցվում» էր ամեն հնարավոր տարբերակով: Եվ երկրորդ, որ դա այն երկիրն է, որը գունավոր հեղափոխության նկատմամբ ունի ճիշտ այնպիսի վերաբերմունք, ինչպիսին իսպանական ցուլը կարմիր լաթի նկատմամբ: Հաշվի առնելով այս ամենը՝ զարմանում ես, թե ինչու նույն այդ մարդիկ նման վերաբերմունք չեն ցուցաբերում արեւմտյան երկրների վարքագծի հանդեպ:

Հիշենք, որ արեւմտյան արժեքներ դավանող մարդիկ (այդ թվում՝ տողերիս հեղինակը) խայտառակ պարտությունից հետո կրկնակի շոկի մեջ էին ընկել, եւ երկրորդի պատճառը հենց արեւմտյան երկրների վարքագիծն էր թե՛ պատերազմի ընթացքում եւ թե՛ դրանից հետո: Պատերազմի ընթացքի վարքագծի օրինակնե՞ր եք ուզում: Խնդրեմ՝ Ադրբեջանը, ինչպես հարկն է, չդատապարտվեց ագրեսիայի եւ Մինսկի խմբի երեք սկզբունքներից մեկը՝ ուժի կիրառման բացառումը, խախտելու համար: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ձեռքը չբռնեցին վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու համար: Երրորդ՝ երբ Գյանջայի մի քանի տուն հրթիռակոծվեց՝ աղմուկ բարձրացավ, սակայն ադրբեջանական վայրագությունները եւ այդ թվում՝ քիմիական զենքի օգտագործումը, նույն վերաբերմունքի չարժանացան: Չորրորդ՝ երբ Թուրքիան Ադրբեջանին ռազմական եւ այդ թվում՝ շտաբային, օգնություն տրամադրեց, կրկին ոչ մի պետություն չփորձեց կասեցնել այն, եւ ոչ էլ, ի տարբերություն Ռուսաստանի, ռազմական օժանդակություն ցույց տրվեց մեզ: