Պուտինի վերընտրությունից հետո ռուսական էլիտայում տեղաշարժեր կլինեն

Ռուսաստանում մոտեցող նախագահական ընտրությունների հետ, հատկապես ռեգիոնալ մակարդակի լրատվամիջոցներում, ավելի ու ավելի հաճախ կարելի է տեսնել տարբեր հրապարակումներ այն մասին, որ նախագահական ընտրություններից հետո ռեգիոնալ վարչակազմերում հնարավոր են փոփոխություններ։ Մասնավորապես, հնարավոր է որոշ ռեգիոնների նահանգապետերի փոփոխություն։ Այսպիսի հրապարակումները, իհարկե, մեծ մասնաբաժին չունեն ընդհանուր լրահոսում, սակայն ուշագրավ են մի քանի առումներով։ Նախ, դրանք կարող են լինել «կրեմլյան նախազգուշացումներ»՝ տեղեկատվական «արտահոսքերի» մակարդակում, ուղղված հենց նահանգապետերին՝ սպասվող նախագահական ընտրություններից առաջ, որպեսզի, ինչպես ասում են, «զգաստանան» ու «զգոնությամբ եւ պատասխանատվությամբ» կատարեն այն հանձնարարականները, որոնք իջեցվել են Կրեմլից՝ գալիք ընտրությունների հետ կապված։
Մյուս կողմից էլ, նման տեղեկատվական «արտահոսքերը» կարող են նախաձեռնված լինել հենց հնարավոր «հարվածի տակ» հայտնվելիք նահանգապետերի կողմից եւ «վերեւներում» ընկալվել որպես նշան այն բանի, որ վերջիններս ընտրությունները բարեհաջող կիրականացնեն, ըստ հանձնարարականների, սակայն նաեւ ակնկալում են, որ ընտրություններից հետո իրենք կտեղափոխվեն այլ աշխատանքի՝ արդեն ֆեդերալ մակարդակում որեւէ գերատեսչությունում, կամ էլ ցանկություն ունեն ընտրություններից հետո պարզապես պաշտոնաթող լինել ու անցնել հանգստի։ Որոշ նահանգապետերի առումով, ըստ ռուսական մեդիա-փորձագիտական դաշտում եղած տեղեկությունների, իրականում էլ ռեգիոնալից դաշնային մակարդակի աշխատանքի անցման բանակցություններ ընթանում են, որոշների դեպքում նման հրապարակումները պարզապես «մեդիա-սպեկուլյացիաներ» են, որոշներն էլ իրենց հավատարմությունը Կրեմլին ապացուցելու են ընտրություններում իրենց «քրտնաջան աշխատանքով», որը կորոշի նաեւ վերջիններիս վարչաքաղաքական ապագան։ Սակայն պարզ է մի բան, որ նախագահական ընտրություններից հետո ռուսական քաղաքական վերնախավում, այնուհանդերձ, կլինեն ինչ-ինչ փոխատեղումներ, փոփոխություններ։
Մի խոսքով, առաջիկա նախագահական ընտրությունները Ռուսաստանում նշանային են լինելու նաեւ քաղաքական էլիտաներում որոշակի տեղաշարժերի առումով։ Հատկապես որ ռուս-ուկրաինական պատերազմը, այսպես ասած, «ծնունդ է տալիս» ռուսական նոր էլիտաների, որոնք աչքի են ընկնում առավել «ռուսաստանամետ-կենտրոնաձիգ» կեցվածքով եւ իրենց «մարտական մկրտությունը» ստացել են պատերազմին մասնակցությամբ կամ հանուն հայրենիքի ունեցած որոշակի ներդրմամբ։
Կարծիքներ