Եվրոպան հայտնվել է կորոնավիրուսային երկրորդ խիստ կարանտինի վտանգի առաջ․ մաս 1-ին

Եվրոպան հայտնվել է կորոնավիրուսային երկրորդ խիստ կարանտինի վտանգի առաջ․ մաս 1-ին

Եվրոպացիները, դեռեւս ուշքի չեկած կորոնավիրուսային առաջին հարվածից, որը պարալիզացրեց հանրային եւ տնտեսական կյանքը գարնանը, հիմա էլ կրկին «լոքդաունի»՝ խիստ սահմանափակումների, առաջ են կանգնած․ վարակակիրների թիվը կրկին սկսել է կտրուկ աճել։

Հիշեցնենք, որ գարնանը Եվրոպայում, որպեսզի հնարավոր լիներ զսպել կորոնավիրուսի տարածումը, սահմանվեց խիստ կարանտին։ Հանրային կյանքը եւ տնտեսությունը փաստացի հայտնվեց կաթվածահար վիճակում։ Ամառային ամիսներին իրավիճակը լիցքաթափվեց, շատ սահմանափակումներ մեցմացվեցին։ Սակայն այժմ իրավիճակը կրկին դառնում է վտանգավոր։ ԱՀԿ տվյալների համաձայն, օրական Եվրոպայում կորոնավիրուսով վարակվում է 40-50 հազար մարդ։ Կորոնաթվերի նման աճը հնարավոր չէ բացատրել միայն կատարվող նմուշառումների թվի աճով։ ԱՀԿ Եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն արդեն ահազանգ է հնչեցրել․ «Սեպտեմբեր ամսվա թվերը պետք է անհանգստանալու առիթ դառնան»։ Կորոնաթվերի ներկայիս վիճակագրությունը կարող է գերազանցել նույնիսկ մարտ ամսվա վիճակագրությանը։

Այնուամենայնիվ, եվրոպական երկրների ղեկավարները ձգտում են ամեն գնով խուսափել երկրորդ խիստ կարանտինից, «լոքդաունից», համարելով, որ վերջինիս հետեւանքները կարող են լինել կատաստրոֆիկ եւ ոչնչացնող։ Իսպանիան եւ Ֆրանսիան մտադիր են ռեգիոնալ սահմանափակումներով շարժվել առաջ։ Խիստ սահմանափակումներից գարնանը հատկապես տուժեցին Ֆրանսիան եւ Իսպանիան։ Տնտեսական անկումը այնտեղ չափազանց խորը եղավ։ Ու հենց այս երկրներում է, որ վարակման թվերը ամենաբարձրն են։ Ֆրանսիան հույս ունի, որ կխուսափի նոր համազգային խիստ սահմանափակումներից եւ կկարողանա իրավիճակը հաղթահարել խիստ սահմանափակումներ սահմանել քիչ բարենպաստ համաճարակային ֆոն ունեցող Փարիզում, Մարսելում, Բորդոյում, Նիցցայում եւ Թուլուզում։ Այդ քաղաքներում մտցվել են մասսայական միջոցառումների սահմանափակումներ։ Սահմանափակվել են գինետների աշխատաժամանակը եւ ծերերի խնամքի հաստատություններ այցելելու հնարավորությունները։ Փարիզում եւ մի շարք այլ վայրերում բնակարանից դուրս գալուց հետո դիմակ կրելը դարձել է պարտադիր։