Հունվարի 1-21-ը միայն մեկ ԲԿ-ում գրանցվել է շան կծելու 16 դեպք

Հունվարի 1-21-ը միայն մեկ ԲԿ-ում գրանցվել է շան կծելու 16 դեպք

Հունվարի 18-ին Շենգավիթի շրջանում, օրը ցերեկով՝ ժամը 3-ին, փողոցի բանուկ հատվածում շունը կծել է ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանին։ Նրան  Հերացու թիվ մեկ համալսարանական կլինիկայում առաջին բուժօգնություն են ցուցաբերել՝ կատաղության դեմ սրսկել։ Արա Սահակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հիվանդանոցում իրեն ընդունած բժիշկը հայտնել է, որ այդ օրը շան կծածից տուժած 8-րդ հիվանդն է դիմում իրենց։ «Կովկասյան հովվաշուն էր, երկուսն էին, մեկն անսպասելի հարձակվեց, ոտքս բռնեց։ Ես գնացի Արամյան հիվանդանոց, ասացին, որ ոչ մի օգնություն չեն կարող ցույց տալ, նոր գնացի 1-ին հիվանդանոց եւ շատ գոհ եմ վերաբերմունքից։ Ի դեպ, ոչ մի վճարում չեմ կատարել, չնայած իմ ոտքով եմ գնացել»,- պատմեց Արա Սահակյանը։ 

Ըստ որում, շները չեն նահանջել եւ դեռ տեւական ժամանակ հարձակվել են։ Արա Սահակյանը շների ագրեսիվությունը բացատրեց նրանով, որ գուցե սոված են, գուցե տարածք են պաշտպանում, գուցե իրենցից ինչ-որ մեկը հիվանդ է, եւ նրան են պաշտպանում։

ԱԺ նախկին փոխխոսնակը Երեւանի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ նույն վայրում, որտեղ շները հարձակվել են իր վրա, այլ մարդկանց վրա էլ են հարձակվել։ «Այնտեղ պետական քոլեջներ են, հիմա ձմեռային արձակուրդները կավարտվեն, էնտեղ երեխաներ են լինելու, էլի սենց փորձանք կարող է պատահել։ Ինչ է, ահավոր մի բան պետք է պատահի, որ քաղաքապետարանը սթափվի՞»,- ասաց Սահակյանը։ Նա չի նկատել՝ հարձակվողները ստերջացվա՞ծ են եղել, թե՞ ոչ։

Հիվանդանոցի ընդունարանից, ուր կա նաեւ հատուկ շան կծածի դեպքերով մատյան,  մեզ հայտնեցին, որ հունվարին իրենց մոտ շան կծելու գանգատով գրանցվել է 16 դեպք։ 
Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հայտնեց, որ հունվարին իրենց մոտ գրանցվել է 6 նման դեպք։ Ավելացրեց, որ 2018 եւ 2019 թվականների հունվար ամսվա համեմատ սա զգալի նվազում է, քանի որ 2018-ին գրանցվել էր շան կծելու 12, իսկ 2019-ին՝ 11 դեպք։ Բայց նկատենք, որ մարդիկ նման դեպքերում միշտ չէ, որ դիմում են շտապօգնության, «Հերացի» է դիմել 16 անձ։ Թե ինչու են շները կատաղել, հարցն ուղղեցինք «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի այլեւս նախկին տնօրեն Արմեն Բեգոյանին, ով քաղաքապետարանի կանաչապատման վարչության պետ է նշանակվել։

Նրա բացատրությունը հետեւյալն է․ շները սոված են, մոտենում են սնունդ խնդրելու, իսկ մարդիկ սխալ վարք են ցուցաբերում։ «Շները աղբի պակաս ունեն, սոված են, հիմա էդպիսի դեպքեր են լինում, 99 տոկոսով կարող եմ ասել, որ մարդու ձեռքին տոպրակ է եղել սննդով կամ հաց է եղել։ Իրենք գալիս են դրա վրա ու մարդուն չեն կծի, եթե նա իմանա, թե իրեն ոնց պահի։ Ինձ էլ որ մի շուն մոտենա, ես էլ կարող է ոտքով կամ ցելոֆանով փորձեմ քշել։ Ու նա մեր կանոնների չիմանալու արդյունքում մեր վարքագիծն ընդունում է որպես ագրեսիա։ Նա ուղղակի չի հասկանում, որ մենք փորձում ենք իրենից խուսանավել, ընկալում է, որ իրեն փորձում ենք խփել։ Աչքովս եմ տեսել, որ շունը հաչալով գնում է դեպի մարդը, դե, հաչալն իր խոսելն է, բայց պոչը վերեւ տնկած․ դա նշանակում է, որ ուզում է խաղալ, բայց մարդը քացիներով փորձում է էնպես անել, որ իրեն չկպնի, եւ արդյունքում ստացվեց, որ շունը փորձում էր իր ոտքը բռնել։ Վստահեցնում եմ, որ եթե ստատիստիկա անցկացնենք, պարզենք՝ էդ կծվածների մեջ կա՞ն մարդիկ, որ շուն են պահում… վստահ եմ, որ ոչ, որովհետեւ ինքը գիտի շան հետ ոնց վարվի»։

Ինչ վերաբերում է ագրեսիվությանը, ապա Բեգոյանը կոչ է անում հավատալ իրեն՝ 100 շան մեջ 1 շուն կունենա ագրեսիվություն։ Նման դիտարկում արել է ՀՈԱԿ-ի ձեռքի տակով անցած 3 հազար շների փորձից։

Նա վկայակոչում է Երեւանի քաղաքապետարանի «Թեժ գծին» ստացված զանգերը, որոնց քանակը դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 17-ը պակասել է։ «Դրա զապիսներն էլ կան, այնպես որ, ես չեմ կարող ստել՝ ամենամեծ ցանկության դեպքում… քաղաքացիների բողոքներ են՝ մեր բակի շունը եկեք տարեք, ագրեսիվ ա, պարտադիր չէ կծման… տասնքանի օրվա մեջ 7 ահազանգ։ Սա խոսում է նրա մասին, որ էդ օրերին սննդի քանակությունը բավարար է եղել, այնինչ մինչեւ դա ամեն շաբաթ զեկուցվում էր մոտավորապես 30-40 ընդհանուր ահազանգ»,- ասում է Բեգոյանը։ 

Երեւանի քաղաքապետարանն ունի՞ սոված շների սննդի հարցը լուծելու ինչ-որ ծրագիր։ Նա հառաչելով ասաց, որ մինչեւ նոր պաշտոնին անցնելը կազմակերպել եւ նվեր է ստացել (անվճար) ու պահեստավորել է սնունդ՝ հատուկ թափառող կենդանիների համար։ ՀՈԱԿ-ի աշխատակիցները հավաքված սնունդը հենց այս երկու օրվանից սկսած՝ կենդանասերների ՀԿ-ների միջոցով տեղափոխելու են մայրաքաղաքի վարչական շրջաններ՝ քիչ-քիչ, մինչեւ որ ձմեռն անցնի։ «Գոնե ամեն մեկին մի քանի մեշոկ կեր բաժանենք, կես տոննայից ավել ենք պատրաստվում բաժանել։ Մենք, իհարկե, կզգուշացնենք, որ շռայլ չօգտագործեն, պարբերաբար, ամեն օր մի քիչ, մի քիչ տան, որ սովածությունը կոտրվի, մինչեւ էս ձմեռվա ցուրտ սեզոնը դուրս գա»։

Պարզվում է՝ ձմռանը շներն ավելի սոված են լինում, նախ՝ որովհետեւ ցրտին ավելի շատ էներգիա են ծախսում, եւ բացի այդ էլ շների համար մյուս սեզոններին սննդի տարբեր աղբյուրներ կան, օրինակ՝ թռչունները, որոնց բռնում-ուտում են։ Բեգոյանը վստահ է, որ կենդանասերների ՀԿ-ներն այդ սնունդը չեն գողանա կամ յուրացնի, քանի որ նախ նրանց ճանաչում է, եւ երկրորդ՝ նրանց մեծ մասը նույն բանը կենդանիների համար անում է առանց քաղաքապետարանի՝ իրենց բյուջեից։