Այս քաղաքական հեզությունն ունեցող իշխանությունները անհնար է մեզ պայքարի ուղղությամբ տանեն

Այս քաղաքական հեզությունն ունեցող իշխանությունները անհնար է մեզ պայքարի ուղղությամբ տանեն

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

- Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների զոհվելու ողբերգական դեպքին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ առաջիկայում նման սադրանքները, ցավոք, բացառված չեն: Արայիկ Հարությունյանը խոսել է Ադրբեջանի հետ երկխոսության մեջ մտնելու և Ադրբեջանի առաջարկը մերժելու մասին: Տպավորություն է, թե Արցախի նախագահն Արցախում փորձում է պայքարի առաջամարտիկ դառնալ, նրա հայտարարության մասին հիմնականում դրական կարծիքներ են հնչում: Ի՞նչ կասեք Դուք:

- Ես Արայիկ Հարությունյանին պայքարի առաջամարտիկ չեմ համարել ու չեմ համարում: Ցանկացած մարդ կարող է գեղեցիկ խոսքեր ասել, որոնք իր գործերի հետ չհամապատասխանեն: Երբ երկրի նախագահն ինչ-որ բան է ասում, ապա այդ խոսքը պետք է իրականությանը համապատասխանի, այդ խոսքը որպես գործողություն դու պետք է տեսնես: Ցավոք, մենք բացի խոսքից, ոչինչ չենք տեսնում, ավելի ճիշտ տեսնում ենք, սակայն լրիվ այլ բան` խոսքին հակառակ: Այդ գործողությունների արդյունքում մենք կրկին ծանր արդյունքներ ունեցանք: Այսօր հուղարկավորվեցին մեր երեք քաջորդիները: Արցախում նրանց բոլորն էին ճանաչում ու գիտեն, որ նրանք այն մարտիկներն էին, որոնք երբեք ու երբեք խաղաղություն չեն մուրացել, այլ պայքարել են խաղաղության համար: Դժվար է, շատ դժվար է այդ մասին խոսելը…. Եթե մեկնաբանեմ նախագահ Արայիկ Հարությունյանին խոսքն, ապա պետք է ասեմ, որ այն վտանգներով լեցուն էր:

- Ի՞նչ առումով, ի՞նչ վտանգներ:

- Նա նշեց, որ պայքարում են, իհարկե, մենք չգիտենք, թե որն է պայքարի գործիքակազմն, այդ մասին ոչինչ չի ասվում, սակայն ասվում է, որ պայքար են տանում ու դրան հաջորդում է այն հայտարարությունը, որ ովքեր պայքարի մեջ չեն ու կողմ են ինտեգրմանն, ապա կարող են իրենց կարծիքը միտինգների ժամանակ ասել` ձևավորելով նոր իշխանություն: Սա ասում է մի մարդ, ով Արցախի Հանրապետության նախագահն է: Ըստ Արցախի Հանրապետության Սահմանադրության` Արայիկ Հարությունյանը համարվում է Արցախի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը: Խոսել կարմիր գծերի մասին, սակայն պարզվում է, որ ինքնիշխանությունն իր ասած կարմիր գծերի մեջ չկա: Նա կոչ է անում այլախոհներին, որոնք ցանկանում են ինտեգրման ուղղությամբ գնալ, համախմբվել, այն դեպքում, երբ հենց ինքն է Արցախի անվտանգության ու ինքնիշխանության երաշխավորը:

- Ձեր կարծիքով ի՞նչ խնդիր է փորձում լուծել Արցախի նախագահը:

- Չգիտեմ, թե կոնկրետ ինչ խնդիր է փորձում լուծել, սակայն այն, որ նրա հայտարարությունները վտանգեցին Արցախը, փաստ է: Խոսում է, որ թշնամին ուլտիմատում է դրել ու պահանջներ է առաջ քաշել, օրակարգում ինտեգրման հարցն է, ճանապարհի բացման մասին խոսք չկա, այն դեպքում, երբ շրջափակման առաջին իսկ օրվանից մենք բազմիցս կոչ ենք արել չանել հետնահանջ, քաղաքական լրջագույն հարցերը չտանելով հումանիտար խնդիրների դաշտ: Մարտի 1-ին Արցախի իշխանությունները հետընթաց պայքար գրանցեցին, գնալով հումանիտար հարցերի քննարկման` ադրբեջանականի հետ: Այդ քննարկումից անմիջապես հետո Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտարարեց, որ տեղի է ունեցել կառուցողական հանդիպում: Դրանից մի քանի օր հետո Արցախի նախագահը հայտարարում է, թե Ադրբեջանն ուլտիմատում է դրել: Ի՞նչ է ստացվում: Եթե առաջին իսկ հանդիպման ընթացքում է եղել այդ խոսակցությունը, օրակարգ է բերվել ինտեգրման հարց, ինչո՞ւ էիք ասում, թե կառուցողական քննարկում է տեղի ունեցել, ի՞նչ էիք մտածում օրեր շարունակ, երբ հասարակությանն այդ հանդիպման իրական բովանդակության մասին չէիք տեղեկացնում: Եթե տեղի չունենար մարտի 5-ի դաժան դեպքը, թշնամին դարանակալած Ստեփանակերտի մատույցներում չսպաներ մեր քաջորդիներին, Արայիկ Հարությունյանը փաստորեն դեռ երկար կարող էր լռել: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ մեզ համար առնվազն տարակուսելի է իշխանությունների լռությունը, որ չեն հրապարակում հանդիպման իրական արդյունքները, ընդհուպ` չեն ասում, թե այդ հանդիպումն ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել: Կցկտուր ինֆորմացիա տրվեց, որը շատ ավելի մեծ անհանգստություն է առաջացրել, քանզի արդեն պարզ էր, թե ինչպիսի արդյունքների են հասել իշխանություններն այդ հանդիպումից հետո: Եղավ այն, ինչ եղավ: Այդքանից հետո խոսել պայքարի մասին, հասկանալի չէ: Եթե դու տապալել ես քո ժողովրդի որոշումը, պայքարելու պատրաստակամությունը, հիմա ի՞նչ իմաստ կա խոսել պայքարի մասին: Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին մի հայտարարություն արեց, որ եթե ինքը վարչապետ չլինի Հայաստանը վարչապետ չի ունենալու: Այժմ նման քայլեր փաստորեն Արայիկ Հարությունյանն է անում: Նախագահի համար ոչ թույլատրելի հայտարարություններ են հնչում Հարությունյանի կողմից, ասում է` ով պայքարի մեջ չէ, պետք է հեռանա: Սթափ քաղաքական գործիչը չի կարող ընկալել ու ընդունել այդ հայտարարությունները:

- Արցախահայությունն այսօր ինչպե՞ս կարող է պայքարել:

- Արցախի քաղաքացիները 2022 թվականի դեկտեմբերի 13-ին իրենց պայքարի մասին խոսել են, այն է` պատրաստ են բոլոր տեսակի զրկանքների միջով անցնել, սակայն չգնալ զիջումների: Արդեն երեք ամիս է Արցախը շրջափակված է, սակայն գեթ մեկ անգամ չի տրտնջացել, որովհետև գիտակցել է, որ պայքարի մեջ է: Սա պայքար է: Անմտածված, չհաշվարկված քայլերի արդյունքում ունեցանք նման իրավիճակ: Այս իշխանությունների հետ մեկ գրամ անգամ չունեմ հավատ, որ Արցախը կարող է պայքարում հաջողության հասնել: Առաջին բանը, որ Արցախում պետք է տեղի ունենա` իշխանափոխությունն է: Այս իշխանությունների հետ մենք անդադար պարտություն ենք արձանագրելու: Այն քաղաքական հեզությունը, որ ունեն մեր իշխանությունները, անհնար է մեզ պայքարի ուղղությամբ տանեն, դա բացառված է: Լինի անզեն պայքար, զինված պայքար, այս մարդկանց հետ պայքարի մասին խոսելն առնվազն միամտություն է: