«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մարդկանց աշխատանքից չեն ազատում․ խոսնակ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մարդկանց աշխատանքից չեն ազատում․ խոսնակ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տասնյակ մարդիկ չեն ազատվում, անգամ սրտաբանական բրիգադը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է սկսվել, ազատված չէ աշխատանքից։ «Հրապարակ»-ին հայտնեց ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Որևէ մեկին ազատման դիմում բժշկական կենտրոնի կողմից երբևէ չի պարտադրվել։ Մեզ մոտ ընթանում են սովորական աշխատանքային գործընթացներ, որոնք կարող են լինել ցանկացած 5, 15, 100 հոգանոց հիմնարկում։ Մեր հիմնարկն ունի 1500-ից ավելի աշխատող, և, առհասարակ, ընթացիկ գործողություններ են տեղի ունենում։ Իսկ ինչ վերաբերում է Ձեր նշած՝ տասնյակներով մարդանց ազատելուն, չի համապատասխանում իրականությանը»:

Ամեն դեպքում՝ ինչ-որ այլ մարդիկ ազատվե՞լ են։ Ծովինար Խաչատրյանը կրկին հերքեց՝ ոչ ոք չի ազատվել։ Բայց ասում է, որ ինչ-որ պահի որևէ հիմնարկում լինում է հաստիքների քչացում, շատացում։

Հիշեցնենք, որ Ծովինար Խաչատրյանի փոխանցմամբ՝ ԲԿ-ում սրտաբանական բաժանմունքի բժշկական հերթափոխի նկատմամբ՝ բժիշկ, բուժքույր, մայրապետ կազմով, կարգապահական գործընթաց է սկսված: 3 աշխատողների հետ կապված` ստացվել են բողոքներ, որ նրանք աշխատանքի ժամին քնել են, խախտել են հատուկ դողորայքային ռեժիմը, բացակայել են աշխատավայրից, հիվանդների հարազատների նկատմամբ անպարկեշտ բառապաշար են կիրառել ու հիվանդների հարազատներից փող են պահանջել։ Խոսնակի խոսքով, թեև նրանք ազատված չեն աշխատանքից, երեկ թողել, գնացել էին ու այնուհետև սկսել էին զանգահարել լրատվամիջոցներին, խոսնակի մեկնաբանությամբ՝ փորձելով ձևավորել հանրային կարծիք, որ իրենք իրավացի են։
Այսօր էլ խոսնակը կրկնում է՝ ասելով․ «Եթե իրենք որևէ խնդիր ունեն, կարող են իրավական ճանապարհով իրենց խնդիրը լուծեն, ազատ են, իրենց որոշելիքն է։ Բայց ես կարծում եմ՝ ազնիվ չէ մամուլին ներգրավել մի հարցում, որն աշխատանքային, կարգապահական խնդիր է»։

Ծովինար Խաչատրյանը նկատեց, որ, փաստորեն, երեկ այդ երեքը աշխատանքային ժամին թողել են, գնացել աշխատավայրից, և այդ ընթացքում եկել են լրագրողներ, որոնց կանչել էին՝ ասելով, թե հիվանդանոցում բոյկոտ ու բունտ է, ու նրանց անգամ չէին էլ հարգել ու կանչելուց հետո թողել գնացել էին։