«Ժողովրդավարության» եւ ինքնիշխանության չտեսնված ու չլսված տարատեսակը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու Մարտուն Գրիգորյանը քաղաքականության բարոյական կողմի առումով չտեսնված դաս է տվել «իրական Հայաստանում նորաձև կրթության» կեղծ գաղափարի դրոշակակրին: Այն անձը, ով մի ժամանակ երկրում հայտնի էր իր բացասական կերպարով, այսօր մարդկայնության վերաբերյալ կարևոր դաս է տալիս հայության երբեմնի «դուխով» առաջնորդին: Եթե վերջինս լիներ ադեկվատ անձնավորություն, ապա, ինչպես ընդունված է ասել, գլուխը կառներ ու կփախչեր հեռու: Հաշվի առնելով, որ վերջինս աչքի չի ընկնում նման առանձնահատկությամբ, ապա Գրիգորյանի դասը կմնա ձայն բարբառո հանապատի: Ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ անձանց ու այդ թվում տողերիս հեղինակի բազմաքանակ հոդվածներն ու սոցցանցային գրառումները: Այս առումով տեղին կլինի հիշատակելը, որ օրերս մամուլի ազատությամբ հպարտացող վարչակազմը թքած ունի նույն այդ մամուլի հրապարակումների վրա: Ու երևի այդ պատճառով էլ թույլ է տալիս, որպեսզի մամուլն իրեն որոշակիորեն ազատ զգա: Բայց վերադառնանք Մարտուն Գրիգորյանին:
Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, մեջբերում կատարեմ Գրիգորյանի ֆեյսբուքյան տեսանյութից: Ահա այն. «Սա քաղաքական պրոցես էր և հենց առաջին օրվանից ես հայտարարել եմ, որ ՔՊ–ի հետ համագործակցություն չի լինելու։ Հավաքական ընդդիմությունը Գյումրիում հաղթել է։ Հիմա տեսնելով, որ իշխանական մուտիլովկաները, խայծերը կուլ չենք տալիս, հիմա էլ անցել են գողական աշխարհի մարդկանց մեջ բերելուն։ Էդ մարդիկ Գյումրիում խառնաշփոթ, արյունահեղություն են ուզում, սիրտներն արյուն է ուզում։ Թշնամություն են ուզում իմ և Վարդան Ղուկասյանի թիմերի միջև, իմ և Սարիկ Մինասյանի թիմերի միջև, Վարդան Ղուկասյանի և Սարիկ Մինասյանի թիմերի միջև, թշնամություն քաղաքի տղաների միջև»: Պատկերացնում եք, թե ինչ կլինի, եթե եվրոպական որևէ երկրի վարչապետի հասցեին նման բան հայտարարի ընդդիմադիր որևէ պատգամավոր ու իրավապահ համակարգն անմիջապես չզբաղվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձով:
Այդ երկրում մարդիկ դուրս կգան փողոցներ և աջ ու ձախ կավերեն՝ ինչ աչքերովն ընկնի: Ու այդ պատճառով էլ կամ էլ որպեսզի նման բան թույլ չտա՝ դատախազությունն անմիջապես քրեական վարույթ կնախաձեռնի նշված պաշտոնյայի նկատմամբ: Բայց քանի որ մեզանում տիրում է «ժողովրդավարության» չտեսնված ու չլսված տարատեսակը, ապա իրավապահ համակարգն էլ կանի այնպես, ինչպես նրան կհրահանգի վարչապետի աթոռից կառչած անձը: Ինչ մնում է հենց Գյումրիին, ապա վերջինս կարող է իր խամաճիկներին հրահանգել, որպեսզի դրանք մեկը մյուսի դեմ հրահրեն բնակիչներին՝ «բաժանիր, որ տիրես» տարբերակով, և ստեղծեն միմյանց թշնամի խմբավորումներ: Իսկ քանի որ այդ կարգախոսն օգտագործվել է Մեծ Բրիտանիայի կողմից այլ ժողովուրդների տիրելու նպատակով, ապա, ուզենք-չուզենք, պետք է ընդունենք, որ Հայաստանի իշխանությունը զավթված է ազգանվան «յան» վերջավորությամբ արտասահմանյան գործակալի կողմից: Ինչի վկայությունն է, օրինակ, երկու-երեք տարի առաջ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելն ու, ի վերջո, դատարանում «սպանելը» շատ ավելի մեղմ զանցանքի համար: Եթե, իհարկե, նրա խոսքը հնարավոր է զանցանք համարել:
Ինչևէ, վերադառնալով մամուլի ազատությանը, պետք է արձանագրենք, որ ՀՀ իշխանությունը բացարձակ վախ չունի այդ հրապարակումների ազդեցության առումով: Բայց վերաբերմունքն անմիջապես փոխվում է՝ երբ իր մասին ինչ-որ նյութ է հրապարակվում հատկապես անգլո-սաքսոնական մամուլում: Մեկ-երկու օր առաջ Ֆեյսբուքում նյութ էր հայտնվել Հայաստանի չորս (եթե թիվը ճիշտ եմ հիշում) բժշկական կենտրոններում առողջության համար խիստ վտանգավոր դեղամիջոցների փորձարկումների մասին: Կարդալով այն՝ մեջս կասկած առաջացավ դրա ճշմարիտ լինելու առումով: Չնայած գործող իշխանությունը, որքան հասկանում եմ, հանուն փողի պատրաստ է ոտնահարել ամեն մի սրբություն:
Ինչևէ, առողջապահության նախարարն անմիջապես արձագանքեց՝ հայտարարելով, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես բժիշկ չեմ ու չունեմ բժշկական շրջապատ, որպեսզի ճշտեի, թե որքանով է իրականությանը մոտ այդ հրապարակումը: Բայց այն փաստը, որ համարյա նույնաբովանդակ նյութերի առումով ռուսական հրապարակումները բացարձակ բանի տեղ չեն դրվում, վկայում է, թե իրականում որքան ինքնիշխան է Հայաստանը՝ երբ խոսք է գնում արևմտյան ազդեցության մասին: Ինչը հերթական անգամ հաստատում է, որ թեկուզ մամուլի հրապարակումների առումով մեր ինքնիշխանությունը սկսվում է ռուսական սահմաներից այս կողմ ու ավարտվում է անգլիական ափերի մոտ: «Մեր ժողովրդավարության» նման մեր ինքնիշխանությունը ևս չտեսնված ու չլսված տարատեսակ է:
Կարծիքներ