Խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում

Խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում

Քանի օր է հանրային հեռուստատեսությունից եք խոսում, որ Արցախի փոխարեն Լեռնային Ղարաբաղ է օգտագործում, բայց մեկը չի փորձում ասել՝ լա՜վ, Հայաստանում մի կառույց մնացե՞լ է, որ իշխանության հրահանգը չի կատարում։ Իշխանությունն ինչ ասում, թութակի նման կրկնում են։ Իսկ իշխանությունը նման բանն  այնպես մանրևելով է ասում ու այնպիսի պահի,  որ դուք բուն հարցի վրա կենտրոնանալու փոխարեն զգայական դաշտ եք մտնում։ Արարատ Միրզոյանն Արցախում երկու  երեխաների մահվան մեջ Բաքվին է մեղադրել՝ որպես պատճառ մատնանշելով Լաչինի միջանցքը շրջափակելու փաստը։ Այդ մի խոսքից այնպիսի զգացմունքայնության մեջ եք ընկել, որ չեք նկատել անգամ, որ ձեր իսկ քննադատած հանրային հեռուստատեսությունը իշխանության գլուխներից հետո է ասել նույն բանը։ Կամ ինչու միայն Արարատ Միրզոյանը։ Նույն բանը ասում  են  Նիկոլ Փաշինյանը, Արմեն Գրիգորյանը, հո մեկ- մեկ չե՞մ թվարկելու։ Լսենք Արարատ Միրզոյանին․ 

«Լաչինի միջանցքի յոթամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի տոտալ պաշարումն անդառնալի և կործանարար ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի վրա։ Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան զոհվել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով: 21-րդ դարում սա չի կարելի թույլ տալ»։

Ինքն ու իր թիմը դիվանագիտության մեջ խորանալու փոխարեն մանիպուլյացիոն հնարքների մեջ են խորացել։ Երկու անչափահաս երեխայի ցնցող դեպքի ֆոնին է օգտագործում Լեռնային Ղարաբաղը։ Արարատ Միրզոյանը հմտացել է մանրևելու մեջ։ Մարդը փորձության մեջ ընկնելուց է զգույշ խոսում, ավելի խորամանկ գործում։ Փոխանակ զգուշությունն ու խորամանկությունն օգտագործի դիվանագիտության մեջ, թշնամու հետ բանակցությունների մեջ, օգտագործում է  սեփական ժողովրդի դեմ։  Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում։ Ինքը ավելի լավ պիտի իմանա թակարդ ընկնելու պահը։   

Ասենք թե միջանցքը Ադրբեջանը  բացեց, դրանից Արցախի  կարգավիճակը փոխվելու՞ է։ Չէ որ այդ կարգավիճակը իրենց ձեռքով են չեզոքացրել։ Կամ միջազգային հանրույթը, կամ էս իշխանությունը, նույն բանն են։ Երկուսի սիրտն էլ Արցախի համար «նույն ձևով է ցավում»։ Նույնն են կրկնում՝ արցախցիները սովամահ են լինում, բացեք ճանապարհը։ Բացեք, բացեք։ Բայց չգիտես ինչու Ադրբեջանը անում է այն, ինչ ուզում է, բայց  ոչ մի բացասական գնահատականի չի արժանանում՝ ոչ միջազգային հանրությունից, ոչ էլ մեր չեղած իշխանությունից։