Մարտի 1-ից Չորրորդ Հանրապետություն

Մարտի 1-ից Չորրորդ Հանրապետություն

Նիկոլի ասելով մարտի 1-ը «բնավ սգո օր չէ, այն եղբայրների պայքարի, ժողովրդավարության պակասի, դեմոկրատիան դեֆորմացնելու օր է»: Չգիտեմ, թե ինչ իմաստ է դրել Նիկոլը  դեմոկրատիայի դեֆորմացում ասելով՝ քանի որ 15 տարի առաջ այդ օրը ինքը չէր խոսում դեմոկրատիան վերականգնելու մասին: Այլ խոսում էր «ղարաբաղյան տականքներին» քաղաքից հեռացնելու անհրաժեշտության մասին: Հետո կպարզվեր, որ միտք ուներ ոչ միայն ղարաբաղցիներին, այլ ողջ Ղարաբաղը հեռացնել Հայաստանից: Եվ ըստ այդմ՝ կարող եմ վստահ պնդել, որ մարտի 1-ն իսկապես սգալու օր է: Առաջին հերթին այն 10 ընտանիքների համար, որոնք զրկվեցին իրենց հարազատներից: Սգալու օր է նաև բոլոր մնացած հայաստանյան և արցախյան ընտանիքների համար, որոնք հետագայում կորցրեցին իրենց հարազատներին: Եթե մարտի 1-ի գլխավոր փորձարկումը տեղի չունենար, ապա հաջողությամբ չէր պսակվի նաև  պրեմիերան՝ 2018 թվականի ապրիլ ամսվա իրադարձությունները: Իսկ եթե չլիներ չարաբաստիկ այդ ամիսը, ապա չէր լինի նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ը: Իսկ նոյեմբերի 9-ը Հայաստանի երրորդ հանրապետության վախճանի սկիզբն էր: Ահա թե ինչու է պետք մարտի 1-ը հայտարարել սգո օր և փակել երրորդ հանրապետության պատմության էջը: Իսկ այնուհետև ոչ թե կեղծ ու սարքովի «դուխով», այլ ծանր ու տքնաջան աշխատանքով դնել չորրորդ հանրապետության հիմքերը:

«Մի հարցնող լինի՝ դու չէի՞ր 15 տարի առաջ այդ օրն այն տարածքում, որտեղ սպանվեցին այդ երիտասարդները»,- կհարցնի «Հրապարակի» և հատկապես իմ հոդվածների մշտական և ուշադիր ընթերցողը: «Այո, ես էի,- ցավով կպատասխանեմ ես,- քանի որ քաղաքականապես միամիտ էի: Աստծուն թողած՝ հավատում էի թե՛ Լևոնին և թե՛ նրա աջ ձեռք հանդիսացող Նիկոլին»: Բայց միամիտ լինելն իմ «մենաշնորհը» չէ: Այն հզոր և միաժամանակ աննորմալ մի զգացում էր, որ պատել էր բազմահազար զանգվածներին: Բայց, դժբախտաբար, այն իր ժամանակին արդարացված էր: Քանի որ «Միացում» կարգախոսով Լեռնային Ղարաբաղն ազատագրած հերոսների մի պատկառելի մաս ստրկացրել էր Հայաստանի բնակչությանը: Այդպես պետք է չլիներ, դա դեմ էր հասարակության և նույնիսկ բնության օրենքներին: Խոսքը, բնականաբար, այսպես կոչված նախկինների մասին է: Բայց ես ու ինձ նմանները կարողացանք ազատագրվել նախկինների նկատմամբ վերաբերմունքից և դրանով պայմանավորված միամտությունից: Սակայն ազգաբնակչության մեծ մասը, դժբախտաբար, հայրենիքի ճակատագիրը ստորադասեց այդ վերաբերմունքին: Ու 2021 թվականին հունիսի 20-ին կրկին ընտրեց Նիկոլին: Եվ կամ էլ ալարեց դուրս գալ տնից ու հասնել ընտրատեղամաս: Ու դրանով ապահովեց պատերազմում խայտառակ պարտություն կրած «գլխավոր հրամանատարի» հաղթանակը սեփական ժողովրդի և սեփական երկրի նկատմամբ: Եթե, իհարկե, ընդունում ենք, որ ինքն ազգությամբ հայ է:

Եվ որպեսզի վերանա նախկիններին վկայակոչելով ժողովրդին մանիպուլյացնելու նիկոլական երևույթը՝ անհրաժեշտ է ձերբազատվել Ռոբերտ-Սերժ-Նիկոլ եռանկյունուց: Եվ Նիկոլին իշխանությունից հեռացնելու նպատակով փորձել ձևավորել այնպիսի համակարգ, որտեղ դրանք տեղ չեն ունենա: Իսկ այնուհետև ողջ ազգաբնակչության, այդ թվում՝ նախկինների ու նույնիսկ նիկոլականների, ջանքերի գնով ստեղծել չորրորդ ու վերջնական մեր հանրապետությունը: Եվ կյանքի կոչել «21-րդ դարը մերն է լինելու»՝ Սպարապետի պատգամը: