Դարբինյաններից տարածքը վերցնելու համար քրեական գործ են հարուցել
Գրել էինք, որ Լոռվա մարզպետարանին հարակից հրապարակում շինարարական աշխատանքներ են ընթանում, հրապարակը վերանորոգվում է, սակայն մարզպետարանի աջ եւ ձախ կողահատվածները եւ հարակից տարածքները չեն վերանորոգվի։ Համենայնդեպս, այս պահին այդ տարածքները ներառված չեն ծրագրում։ Բանն այն է, որ վերոնշյալ 2 տարածքները կոնկրետ սեփականատերեր ունեն։ 2004 թվականին Վանաձորի քաղաքապետարանին եւ Լոռու մարզպետարանին հարակից 850 քառակուսի մետր տարածքի վարձակալության համար մրցույթ է հայտարարվել՝ առանց մրցութային հանձնաժողովի։ Որպես մրցույթի միանձնյա կազմակերպիչ՝ Վանաձորի այդ տարիների քաղաքապետ Սամվել Դարբինյանը տարածքը վարձակալությամբ տվել է որդուն՝ Աղասի Դարբինյանին։ Երկու տարի անց քաղաքապետը՝ դարձյալ միանձնյա, առանց ավագանու, որոշում է կայացրել՝ 850 քառակուսի մետր տարածքը՝ արդեն սեփականություն իրավունքով, հանձնելով որդուն։
Մարզպետարանի մյուս կողմում 250 քառակուսի մետր տարածքը եւս գրեթե նույն մեխանիզմով դարձել է նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի որդու՝ Հարություն Դարբինյանի սեփականությունը։ Վերջինս նախկին քաղաքապետի հորեղբոր թոռն է։ Այսինքն՝ ստացվում է, որ Դարբինյանները մարզպետարանին կից սեփական հողեր ունեն, ինչի հետեւանքով էլ այդ տարածքներին որեւէ մեկը ձեռք տալ չի կարող, ուստի չեն էլ ընդգրկվել վերանորոգման ծրագրում։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Դարբինյանների տարածքում ոչ մի աշխատանք չի իրականացվում: Կիրականացվի համայնքին վերադարձնելուց հետո»։ Իսկ ի՞նչ ընթացակարգով են պատրաստվում տարածքները ետ բերել՝ «քրեական գործի շրջանակներում»։ Մարզպետին հարցրինք նաեւ, թե հանդիպում-քննարկում եղե՞լ է Դարբինյանների հետ, գուցե ցանկանում են ինքնակա՞մ վերադարձնել։ «Առաջարկվել է հանձնեն համայնքին, չեն համաձայնել»,- պատասխանեց Ղուկասյանը։ Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ, սակայն մեղադրյալներ եւ կասկածյալներ չկան․ «Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում Վանաձոր քաղաքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եղանակով պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ դեպքի հանգամանքներով: Նախնական տվյալներով՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը մարզպետարանին կից հողատարածքները գրանցել է հարազատների անունով: Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան»։
Նշենք, որ Սամվել Դարբինյանի որդին՝ Աղասի Դարբինյանը, ՀՀ վարչական դատարանի նախագահն է։ Նրա կենսագրությունն ուսումնասիրելիս մի հետաքրքրական տեղեկության հանդիպեցինք․ 2002-2004 թթ․ Աղասի Դարբինյանը սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում, միեւնույն ժամանակ՝ 2000-2004 թթ․, աշխատել է «Արգիշտի-1» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան, իսկ «Արգիշտի-1» հյուրանոցը գտնվում է Վանաձորում եւ, ըստ տեղեկությունների, պատկանում է հենց Դարբինյանների ընտանիքին։
Նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի որդին էլ՝ Հարություն Դարբինյանը, ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է՝ ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչության հարկային հսկողության բաժնի պետ։ Նա սեր ունի թանկարժեք մեքենաների նկատմամբ: Հարկային տարում Հարություն Դարբինյանը գնել ու վաճառել է 4 հատ «HONDA FIT 1.3» մակնիշի եւ 2 հատ «HONDA ACCORD 2.3I SR» մակնիշի մեքենա։
Դարբինյաններից որեւէ մեկի հետ կապվել մեզ չհաջողվեց։ Նշենք, որ այդ տարիներին Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը ղեկավարած Տիգրան Պապանյանն, որը Սամվել Դարբինյանի քրոջ ամուսինն է, ասել է, որ տարածքների ձեռքբերման հետ կապված՝ որեւէ խախտում չեն արել՝ քաղաքապետի հարազատները Վանաձորի հրապարակի մաս կազմող հատվածների տեր են դարձել օրենքի ուժով, մտադիր չեն հրաժարվել իրենց ունեցվածքից, եւ նրանց սեփականությունից կարող են զրկել միայն դատարանի որոշմամբ։
Կարծիքներ