Ով եւ ինչու չի ստորագրել հայտնի հայտարարության տակ

Ով եւ ինչու չի ստորագրել հայտնի հայտարարության տակ

ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության տակ, որով բարձրագույն հրամանատարները վարչապետի եւ կառավարության հրաժարականն են պահանջում, չեն ստորագրել գեներալներ Պողոս Պողոսյանն ու Անդրանիկ Մակարյանը: Ինչո՞ւ են այս գեներալներն այսօր փաստացի աջակցում Փաշինյանին:

Պատճառը, գուցե, Փաշինյանի հետ կատարվածի պատասխանատվությունը կիսելու ազնիվ մտատանջա՞նքն է: Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը ՀՀ ԶՈՒ սպառազինության պետն է 2016 թվականից: Նա է պատասխանատուն զենքի, զինամթերքի, ՀՕՊ միջոցների համար, որոնք, ինչպես արդեն հայտնի է բազմաթիվ հրապարակումներից, գնվել են խախտումներով, կոռուպցիոն ռիսկերով, չեն համապատասխանել բանակի բուն պահանջներին, ինչի մասին, մասնավորապես, խոսել էր գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ հայտնի ասուլիսի ժամանակ:

Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եթե անմիջական պատասխանատուն չէ, ապա գոնե տեղյակ է եղել կոռուպցիոն գործարքների, սպառազինության վիճակի մասին: Ինչ վերաբերում է գեներալ-լեյտենանտ Մակարյանին, որը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն է 2019թ. նոյեմբերից, ԶՈՒ կողմից նշանակված է եղել որպես հարավ-արեւելյան ուղղության համակարգող: Նրա անմիջական ղեկավարմամբ է առաջին բանակային կորպուսը հսկայական կորուստներ ու նահանջ ունեցել Ջաբրայիլի ուղղությամբ, ունեցել է անհայտ կորածներ, մեծ թվով զոհվածներ:

Պատահական չէ, որ զոհվածների ու կորածների ծնողները հենց գեներալ Մակարյանին էին մեղադրում իրենց երեխաների զոհվելու մեջ: Արդյոք չստորագրելով հայտարարությունը, Փաշինյանի իշխանությունից կառչելով, հարգարժան գեներալները չե՞ն ուզում կոծկել իրենց հանցակցությունը եւ ապահովել սեփական անվտանգությունը: