Ինչպես հպարտ քաղաքացին դարձավ անթասիբ սպառող

Ես անհիշելի ժամանակներից մասնակցում եմ ընտրություններին։ Անգամ այն ժամանակ, երբ վստահ եմ եղել, որ հարյուր հազարավոր ձայներ են գողանալու, քվեաթերթիկներ են լցոնվելու, թվեր են նկարվելու, իմ պարտքն եմ համարել գնալ ընտրության եւ իմ մեկ հատիկ ձայնը տալ ընդդիմությանը։
Ես ընտրություններին մասնակցել եմ այն ժամանակ, երբ մարդիկ քվեարկության գնում էին ինչպես տոնի՝ գեղեցիկ հագնված, ընտանիքներով, իրենց քայլի կարեւորությունից ոգեւորված։ Ես ընտրություններին մասնակցել եմ այն ժամանակ, երբ մարդիկ գնում էին քվեարկության՝ ինչպես պատերազմ․ խմբերով, զինված, հակառակորդին արժանի հարված տալու եւ իրենց թիմի քվեն պահելու, քվեատուփերը կրծքով պաշտպանելու տրամադրվածությամբ։ Ես ընտրություններին մասնակցել եմ այն ժամանակ՝ երբ բոյկոտ էր հայտարարվում եւ քարոզում էին ընտրության ուղղակի չգնալ, որովհետեւ գնալը աջակցում է գործող իշխանություններին վերարտադրվել, իսկ չգնալը նրանց ֆիասկոն է։
Ես ընտրություններին մասնակցել եմ Լեւոնի ժամանակ, Ռոբերտի ժամանակ, Սերժի ժամանակ, հիմա էլ՝ Նիկոլի ժամանակ։ Ցավոք սրտի, երբեք չեմ հավատացել, որ ընտրությամբ հնարավոր է իշխանություն փոխել, իսկ երբ դա հնարավոր է եղել՝ փոփոխությունն իմ սրտով չի եղել եւ ես վստահ եմ եղել, որ մեծամասնությունը, որպես կանոն, սխալվում է։ Սակայն դա է դեմոկրատիայի կանոնը՝ մեծամասնության կարծիքը հաղթում է փոքրամասնության տեսակետին, որքան էլ որ մեծամասնությունը սխալ լինի։ Եւ ես հնազանդվել եմ մեծամասնության կարծիքին՝ վստահ, որ անգամ կեղծիքների ու ճնշումների նկատմամբ հանդուրժողականությունն է մեծամասնության կամքով կատարվում։
Բայց 30 եւ ավելի տարիների ընտրություններին ես նման անտարբերություն, նման պասիվություն չեմ տեսել, ինչպես այսօր է տիրում Երեւանում։ Մի բացառություն է եղել՝ 2003-ի սահմանադրական հանրաքվեն, որը բոյկոտվեց եւ այդ բոյկոտն աշխատեց, որովհետեւ կար քվորումի խնդիր՝ իքս թվով մարդկանց չմասնակցելու դեպքում Սահմանադրության նախագիծը չէր անցնում եւ մարդիկ մտածված բոյկոտեցին այն ու հասան իրենց նպատակին՝ նոր Սահմանադրությունը չընդունվեց։
Իսկ բուն համապետական կամ ՏԻՄ ընտրություններում բոյկոտն անիմաստ է, որովհետեւ շատ տարիներ առաջ օրենսդրությունից հանվել է քվորումի դրույթը եւ ցանկացած պարագայում ընտրությունների արդյունքները ճանաչվում են օրինական՝ անգամ եթե ընտրությանը մասնակցել է բնակչության չնչին տոկոսը։ Այս պարագայում նաեւ իշխանություններին ձեռնտու է մարդկանց չմասնակցելը․ ի վերջո, մասնակցածների ցանկացած թիվ դիտվում է 100 տոկոս եւ փոքր թվի մեջ որքան էլ քիչ լինեն իշխանություններին ձայն տվողները, դա կարող է 50 տոկոսից ավելի լինել եւ ստացվում է, որ, ասենք, Երեւանի ընտրողների քանակը 800 հազարից ավելի է, մասնակցել է 200 հազարը, այդ 200-ից 100 հազարը ձայն է տվել ՔՊ-ին՝ նրան ապահովելով հաղթանակ եւ 50 պլյուս 1 տոկոս։ Սակայն իրականում ստացվում է, որ Երեւանում իշխող կուսակցությանը ձայն է տվել երեւանցիներիի մեկ ութերորդը, որոնք որոշել են մյուսներիս՝ 700 հազարիս ճակատագիրը։
Ենթադրում եմ, որ այս ընտրությունների արդյունքները հենց այդպիսին են լինելու, որովհետեւ ժամը 11-ի դրությամբ, Երեւանի կենտրոնի ընտրատեղամասերից մեկում, որտեղ 2000-ի չափ ընտրող կար եւ որտեղ ես էի քվեարկում, քվեարկել էր ընդամենը 75 հոգի։ Ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը խոստովանեց՝ նման պասիվություն ես երբեք չեմ տեսել, իսկ մասնակցել եմ 10-ից ավելի ընտրությունների։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասավ նրան, որ մարդիկ դադարեցին իրենց քաղաքացի զգալ, որովհետեւ քաղաքացին նախեւառաջ ընտրող է, բանակում ծառայող է, իր հայրենիքի հանդեպ պարտքի զգացում ունեցող մարդն է։ Հպարտ քաղաքացիները 5 տարում վերածվեցին սովորական սպառողների, որոնց միայն կուշտ ուտելը, հանգիստ քնելը, նվազագույն չափի զվարճություններ ու տեսարաններ վայելելն է հետաքրքրում։
Կարծիքներ