2009 թվականին տանից զրկված Կոնդի նախկին բնակիչը դեռ փոխհատուցում չի ստացել

2009 թվականին տանից զրկված Կոնդի նախկին բնակիչը դեռ փոխհատուցում չի ստացել

2007 թվականի մարտի 1-ին ՀՀ կառավարության «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» 347-Ն որոշմամբ Երևան քաղաքի մի շարք թաղամասեր ճանաչվեցին գերակա հանրային շահ, որի ցանկում էին հայտնվել նաև Երևանի Կոնդ թաղամասի որոշ տարածքներ:

Այս որոշման համաձայն՝ ցանկում նշված մի քանի տարածքների ձեռք բերող էր նշված Հայաստանի Հանրապետությունը, իսկ մյուս տարածքների, այդ թվում՝ նաև Կոնդ թաղամասի, ձեռք բերողներ են հանդիսացել մի շարք մասնավոր ընկերություններ: Կոնդ թաղամասի տարածքների ձեռք բերող էր ճանաչվել «Դաունթաուն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը: Իսկ 2012 թվականի սկզբին «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ը սնանկ էր ճանաչվել։

Կոնդ թաղամասի նախկին բնակիչ Ալլա Մանուկյանն ասաց, որ մինչ օրս փոխհատուցում չի ստացել իրենից 2009 թվականին վերցված բնակարանի դիմաց։

«Գնացի ոստիկանություն, չգիտեմ, թե ինչ պետք է պատասխանեն, դեռ պատասխան չկա։ Ոստիկանությունը գործը պետք է ուղարկի Կենտրոնի դատախազություն։ Անօրինական կերպով ինձ անտուն են թողել։ Բռնի ուժով հանել-շպրտել են դուրս», - երեկ նա ասաց «Հրապարակին»։

Նրա խոսքերով՝ կառուցապատողը («Դաունթաուն Երևան») պետք է թե՛ շենքի սեփականատիրոջը փոխհատուցում տրամադրեր, թե՛ իրեն։

Նա պատմեց, որ այն ժամանակ դատարան էր դիմել, բնակարանը կալանքի տակ էր եղել, սակայն դա չէր խանգարել, որ կառուցապատող ընկերությանը գար ու բնակարանի իրերը դուրս հաներ։ «Իրենք արդեն եկել էին, իրերս հանել էին։ Ես չէի իմանում, որ տանից պետք է դուրս գամ ու չկարողանամ տուն վերադառնալ։ Դատարանում էի, հարևաններիս զանգեցին-ասացին՝ «Տունդ քանդում են»։ Տաքսիով վերադարձա, մտա ներս, ասացի՝ «Թողե՛ք»։ Ես պահարան ունեմ, որտեղ փող էի պահել, դա էլ էին կոտրել։ Պահանջեցի, որ վտարման որոշման թուղթը ցույց տան»։

Մանուկյանը շարունակեց, որ այդ ժամանակ իրեն բռնի կերպով դուրս են հանել տանից։ «Հարվածեցին գլխիս, ուղեղի ցնցումով 10 օր հիվանդանոցում պառկած եմ եղել», - նշեց նա։

«2009 թվականին են ինձ տանից դուրս հանել։ Տարածքը հանրային գերակա շահ էր ճանաչվել։ Ինձ փոխհատուցում չեն տվել տարածքի դիմաց։ Ինձ ասացին, որ տարածքի սեփականատերը պետք է փոխհատուցում տրամադրի։ Իրենք պետք է նախնական պայմանագիր կնքեին, պետք է որոշ բան հատկացնեին։ Ինձ չկանչեցին։ Ինձ քաղաքապետարանից ասել էին, որ կառուցապատողը պետք է բավարարեր։ Կառուցապատողը հա՛մ շենքի սեփականատիրոջը, հա՛մ ինձ պետք է փոխհատուցեր։ Ուղղակի ուժ գործադրեցին, բռնի ուժով ինձ անօրինական անտուն թողեցին», - շարունակեց նա։  

Ալլա Մանուկյանն ասաց, որ այս տարիների ընթացքում դիմել է դատարան, սակայն անարդյունք։ «Ոչ մի դատարան ոչ մի հարց չի լուծել։ Դատարանը վարույթ է ընդունել գործը, ուղղակի մերժել է իմ բողոքը։ Վճռաբվեկ դատարան էլ եմ դիմել, սակայն անարդյունք»։

Հետագայում նա կառավարության դիմել նաև 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը դիմումն ուղակել է գլխավոր դատախազություն, այնտեղից էլ դիմումն ուղարկել են Կենտրոնի դատախազություն։ «Հետո սա էլ ուղարկել է ոստիկանություն։ Հերթականությամբ ուղարկում են, մեկը մյուսի վրա են գցում», - ընդգծեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ այն ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարան չի դիմել, պատասխանեց․ «Ժամկետներ էի բաց թողել, դրա համար չդիմեցի»։

Մանուկյանը նաև ասաց, որ մայիսի 15-ին կառավարությունը 100 հազար դրամ աջակցություն է իրեն տրամադրել։ Կոնդի նախկին բնակիչն բնակվում է հարազատների տանը։ «Հիմա նորից դիմել եմ կառավարություն, դատախազություն, ոստիկանություն, տեսնեմ՝ ինչ պատասխան կտան», - եզրափակեց նա։