Լոնդոնի ուշագրավ ժեստը Երեւանի հանդեպ

Լոնդոնի ուշագրավ ժեստը Երեւանի հանդեպ

Բրիտանական կառավարությունը անսովոր քայլ է արել։ Առաջին անգամ ազգությամբ հայ, բրիտանացի դիվանագետը կներկայացնի Լոնդոնը Երեւանում։ Խոսքը Ալան Անդրանիկ Գոգբաշյանի մասին է։  Սա յուրահատուկ քայլ է, քանի որ ըստ «կարգավիճակային տաբելի» նա մուտք է գործում բրիտանական դիվանագիտական ծառայության բարձրագույն խումբ՝ ԱԳ նախարարի ու նրա տեղակալների հետ միասին։ Բրիտանական դիվանագիտական ծառայության ավանդույթի համաձայն, նախատեսվում է, որ դեսպանը իր աշխատանքային կենսագրության մեջ առնվազն պետք է երկու երեք ուղղություններում մասնագիտացած լինի։

Գոգբաշյանի կենսագրությունը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Գոգբաշյանը, բացի ազգությամբ հայ լինելուց, մինչեւ այժմ Հայաստանի հետ որեւէ կապ չի ունեցել։ Նույնիսկ հայտնի չէ, թե դեսպանը տիրապետում է արդյոք հայերենին, թեեւ ասվում է, որ նա ռուսերենի ուսուցման ամբողջական կուրս է անցել։ Սա նշանակում է, որ նրան նախապատրաստել են Ռուսաստանում կամ այլ որեւէ հետխորհրդային երկրում դիվանագիտական ծառայություն իրականացնելու համար։ Գոգբաշյանը կփոխարինի Ջուդւթ Մարգարեթին, ով նույնպես բավական ուշագրավ ծառայողական կենսագրություն ունի եւ մասնագիտացած է ռուսական փիլիսոփայության մեջ եւ տիրապետում է ռուսերենին բավական լավ։ Մարգարեթի ծառայության ժամանակ է, որ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխությունը, որին ինչպես բրիտանական մի պարբերական է գրել, Լոնդոնը շատ ուշադիր հետեւել է։

Այժմ, ինչպես նկատում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, Լոնդոնը փոփոխություն է կատարում Երեւանում իր դիվանագիտական դեկորացիայի մեջ։ Տարասովը բավական հետաքրքիր դիտարկում է կատարում։ Նախ նշում է, որ Հայաստանի ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը երկար տարիներ Երեւանն է ներկայացրել Լոնդոնում եւ ունի լավ կապեր բրիտանական շրջանակներում, ինչը նշանակում է, որ Գոգբաշյանը Երեւանի ներկայիս վերնախավում  խնդիր չի ունենա։ Իսկ ապա նաեւ նկատում է, որ երբ Սահակաշվիլին Փարիզում դեսպան էր նշանակում Սալոմե Զուրաբիշվիլուն, չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր նա կարող է դառնալ Վրաստանի նախագահը։ Տարասովը հարց է բարձրացնում, թե արդյոք նման զարգացում հնարավոր է, երբ Գոգբաշյանը այժմ գործ է ունենալու Հարավ-Կովկասյան ներկայիս դեմոկրատ Փաշինյանի հետ։ Իսկ ինչու ոչ։  Մինչ նման դիտարկումները, պետք է այժմ, թեկուզ գոնե միայն տեսականորեն փորձել հասկանալ, թե ինչ փոփոխություններ է նախատեսում Լոնդոնը Երեւանի եւ ռեգիոնի հետ վարած իր քաղաքականության մեջ։ Մինչեւ վերջերս բրիտանական դեսպանները իրենց հարցազրույցներում որեւէ հստակ կամ կոնկրետ ռեգիոնալ նպատակների մասին չեն խոսել, հաշվի առնելով, որ Լոնդոնը մաս էր ԵՄ-ի եւ ընդհանուր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շրջանակ կար։ Սակայն եւ ազդակ էր հաղորդվում, որ Հարավային Կովկասը հանդիսանում է միասնական աշխարհաքաղաքական ամբողջություն՝ ընդհանուր պատմական փորձառությամբ։  Նույնիսկ, չնայած այն բանին, որ ռեգիոնում երեք բարցարձակապես տարբեր երկրներ են, իրենց տարբեր կրոններով, մշակույթներով եւ աշխարհայացքով։  Այժմ այն տպավորությունն է, որ Լոնդոնը պատրասվում է որոշակի պայմանների եւ հանգամանքների փոփոխությունների։

Ստանիսլավ Տարասով
REGNUM