Իշխանությունը պլստալու ակնկալիք ունի․ Ալ․ Իսկանդարյան

Իշխանությունը պլստալու ակնկալիք ունի․ Ալ․ Իսկանդարյան

Հունիսի 20-ին նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքական ուժերն ինչ-որ չափով արդեն սկսել են պատրաստվել, քննարկումների ու բանակցությունների մեջ են։ 

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։

- Պարո՛ն Իսկանդարյան, հայտարարվեց հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին։ Որքանո՞վ եք ընտրությունների անցկացումը հավանական համարում։ Ընդհանուր իրավիճակը, որ գնահատում եք, հնարավո՞ր է «Իմ քայլը» հետ կանգնի իր հայտարարածից։

- Արդեն դժվար թե, որովհետև արդեն սա ոչ միայն հայտարարություն է։ Ռազմական դրությունը չեղարկված է, հավանաբար դա արվել է ընտրություններ անցկացնելու համար։ Արդեն իսկ պարոն Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական կտա։ Համաձայն ժամկետների՝ հրաժարականի դեպքում 14 օրվա ընթացքում անհրաժեշտ է 2 անգամ վարչապետ առաջադրել։ Առաջին ագամ վարչապետի թեկնածու է առաջադրում նրա քաղաքական կուսակցությունը, հետո՝ պատգամավորների 1/3-ը։ Եվ եթե չի ընտրվում խորհրդարանը լուծարվում է և այլն։ Քանի որ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, իրավիճակն այնպիսին է, որ ամեն դեպքում հնարավոր է ընտրություններ անցկացնելը։ Իշխանության մտադրությունը հասկանալի է։ Դատելով սոցիոլոգիական հարցումներից, որոնց հանդեպ ես որոշակի վերապահումներ ունեմ․․․ Նկատի չունեմ սոցիոլոգները ստում են, այլ, որ սոցիոլոգիական հարցումները կորոնավիրուսի պայմաններում կատարվում են ոչ պատշաճ կերպով։ Բացի այդ, շատ մարդիկ չեն պատասխանում հարցերի։ Բայց քիչ թե շատ կարելի է հավատալ պատկերին, որ եթե ընտրությունները վաղը լիեն ընտրություններ, ինչպես սոցիոլոգներն են ասում, ապա ամենաշատ ձայներ հավաքելու հնարավորություն ունի «Իմ քայլը»։

Սրանից ելնելով՝ նրանք ուզում են լեգիտիմության ռեստարտ անել։ Այստեղ ես տեսնում եմ մի քանի խնդիր։ Առաջինը, որ սոցիոլոգիական հարցումներին հետևելն ու քվեարկելը տարբեր բաներ են։ Երկրորդը, բավականին չկոմնորոշվածների թիվը կարող է որոշել ու փոխել պատկերը։ Երրորդը, 3 ամիս կա, և իրավիճակը կարող է փոխվել։ Եվ չորրորդը, մենք չգիտենք՝ ինչպես կաշխատի ընդդիմությունը։ Այսինքն՝ իրավիճակը կարող է փոխվել։ Ամեն դեպքում իշխանության խնդիրն այն է, որ հաղթանակի դեպքում հնարավոր է վերահաստատել բյուրոկրատական լեգիտիմությունը՝ պաշտոնապես լինեն ընտրությունները պատերազմից հետո, որի հիման վրա ինչ-որ ձևով վերահաստատվի լեգիտիմությունը, ենթադրենք, եթե իշխանությունը հաղթի։ Իսկ սոցիալական լեգիտիմությունը՝ արդյո՞ք մարդիկ հավատում են իշխանություններին, թեկուզ ապագա 5 տարիների համար, դժվար թե, ցանկացած իրավիճակում։ Ամենահեշտը 2017 թվականի ընտրությունները վերհիշելն է։ Այն մարդիկ, որոնք վերցրին իրենց 10 հազար դրամն ու գնացին ընտրատեղամասեր քվեարկելու, կես տարի անց դուրս եկան փողոց ու մասնակցեցին հեղափոխությանը։ Համաձայն տվյալների այդ թվում են եղել նաև այդ մարդիկ։
Համապատասխանաբար այդքան էլ հեշտ չէ Հայաստանի քաղաքական իրադրությունը, որպեսզի այն հնարավոր լինի ուղղակի ընտրություններով կարգավորել, բայց իշխանությունը հույս ունի, որ կհաջողվի ինչ-որ կերպ վերահաստատել լեգիտիմությունը։

- Վերջերս Սյունիքում ձևավորվեց «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որում ընդգրկվեցին նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, խոշորացված համայնքների ղեկավարներ։ «Հայրենիք» կուսակցություն կա, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», Ռոբերտ Քոչարյանն է իր շուրջ կոնսոլիդացիա իրականացնում, Հայ ազգային Կոնգրես, Հայ կառուցողական կուսակցություն, էլի նոր կուսակցություններ են հիմնադրվում՝ «Ձայն», «Ազգի ձայն» և այլն։ Կուսակցություններից որո՞նք շանսեր ունեն։

- Տարօրինակ կլիներ, որ ես հիմա պատասխանեի այդ հարցին։ Արդյո՞ք հաղթանակի հնարավորություն կունենա կուսակցությունը, որն իր գոյության մասին հայտարարել է 2 օր առաջ, կարո՞ղ են հաղթել քաղաքական գործիչները, որոնց՝ ընտրություններին մասնակցելու մասին իմացել ենք 1 շաբաթ առաջ։ Ընտրություններն արտահերթ են, և թե ինչպիսին կլինի քաղաքական իրականության դասավորվածությունը, 3 ամիս դեռ կա, հիմա կանխատեսումների չէի անի կոնկրետ կուսակացությունների և ուժերի մասին։ Ես նույնիսկ թվեր ունեմ, բայց այդ սոցիոլոգիական հարցումները, կրկնում եմ, կարող են կտրուկ փոխվել, և այս ընթացքում շատ կուսակցություններ ու դաշինքներ են կարող ձևավորվել։ Քիչ թե շատ մի բան է հստակ, որ իրավիճակը բավականին մասնատված է ընդդիմության մեջ։ Այսինքն՝ կլինեն բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ։ Միավորել նրանց մեկ դաշինքի մեջ և գնալ միավորված դաշինքով, հատուկ առաջադրանք է, որը Հայաստանում երբևէ որևէ մեկին չի հաջողվել։ Միշտ մնում է մասնատվածությունը, միշտ մնում են տարաձայնություններ։ Տարաձայնություններ կան նաեւ, օրինակ, «17» կամ «15» (կարեւոր չէ, այստեղ իրականները և դեկլարատիվները տարբերվում են) կոչվող կուսակցությունների ձևաչափում։ Եթե նայենք գաղափարախոսություններին, մյուս բոլորի դեպքում էլ ընդդիմադիր են դրանք։ Ի՞նչ ենք մենք տեսնում։ Տեսնում ենք 2018-ին եղած գծաթուղթը՝ «Մերժիր Նիկոլին», կար «Մերժիր Սերժին», հիմա՝ «Մերժիր Նիկոլին»։

Դրական ծրագիր, որ միավորում է բոլոր այս կուսակցություններին, չկա։ Եվ իրականում դժվար է միավորել այսպիսի տարբեր մարդկանց տարբեր խմբերը, տարբեր կուսակցությունները, որոնց մեջ կան ավանդական, որոնց մեջ կան համեմատաբար խոշորներ, կան, որոնք կարող են մի բազմոցի վրա տեղավորվել, կան նորեր և այլն։ Նրանց մեջ և՛ Ձախեր, և՛ Աջեր և այլն։ Միավորել նրանց ընդհանուր դրական ծրագրով՝ չի ստացվում։ Ծրագիրը բացասական է․ նրանց միավորում է միայն այն, որ բոլորը Նիկոլի դեմ են։ Դա կաշխատի այն խնդրի վրա, որի մասին ասացի։ Ընդդիմության համար դժվար կլինի միավորվել, եթե ընտրությունները մասնատված լինեն, այդպես է կազմված Ընտրական օրենսգիրքը։ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին, ցանկացած գործող իշխանության համար թողել է ուղղակի փայլուն Սահմանադրություն։ Դա վատ կաշխատի, այսինքն՝ կուսակցությունները, որոնք 5 տոկոսից քիչ ձայն կհավաքեն, չեն անցնի, և այդ կերպ չանցնելով՝ հնարավորություն կտան այն կուսակցությանը, որը համեմատաբար ձայների մեծամասնություն կհավաքի։ Իսկ իշխանությունները հույս ունեն, որ դա կարող է լինել «Իմ քայլը»։ Այլ բան է, որ սկզբունքորեն եթե 2-րդ փուլ լինի, որը մեծ հավանականությամբ հնարավոր է, որ լինի։

- Նկատի ունեք՝ հնարավո՞ր է, որ ընտրությունների 2-րդ փուլ լինի։

- Այո, հնարավոր է, եթե 50 տոկոս չհավաքեն։ Իսկ այս դեպքում բոլոր հնարավորություն կունենան միավորվել «Իմ քայլի» դեմ ու կառավարություն ձևավորել։ Դե, տեսնենք՝ ինչպես կլինի, դա չափազանց դժվար կլինի։ Փաշինյանը հնարավորություն ունի։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է դա աշխատում՝ ստեղծել սփոյլերներ [այս դեպքում ձայն փախցնողներ], համաձայնության գալ քաղաքական ուժերի հետ, ներգրավել քաղաքական ուժերին։ Այսինքն՝ դա միշտ է արվում։ Ուստի շատ դժվար կլինի։ Հետևաբար կապրենք-կտեսնենք։

- Պարո՛ն Իսկանդարյան, կան նաև ընդդիմադիր այլ թևեր՝ «Ազգային- Ժողովրդավարական բևեռ»՝ կազմված «Սասնա ծռերից», «Հայաստանի եվրոպական կուսակցությունից», կա այլ կուսակցությունների խումբ, որի մասին հայտարարվեց 2-3 օր առաջ՝ Հայ կառուցողական կուսակցություն՝ Անդրիաս Ղուկասյանի գլխավորությամբ, ով նախագահի թեկնածու էր, «Ժառանգություն», որը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ԵԺԿ անդամ է, Պահպանողական կուսակցություն, Պարույր Հայրիկյանի կուսակցությունը՝ ԱԻՄ-ը և այլն։ Այս թևի հետ կապված ի՞նչ կասեք։

- Ես գիտեմ՝ որ թերթում եք աշխատում, բայց Դուք ինձանից կոնկրետ մարդկանց ու կոնկրետ կուսակցությունների մասին գնահատականներ չեք կարող դուրս բերել, անարդյունավետ է դա անելը։ Ես գնահատում եմ իրավիճակը, գրեթե բոլոր կուսակցությունները, որոնք դուք թվեցիք, 5 տոկոսը հաղթահարելու հնարավորություն չունեն։ Մնացածը կարևոր չէ։ Ոչ միայն պետք է կուսակցություն ստեղծել, դա երբեմն ստեղծել չէ։ Մարդիկ անուն են տալիս քաղաքական կուսակցությանը, որը կազմված է մարդկանցից, որոնք կարող են մի բազմոց վրա կամ մի սենյակում տեղավորվել։ Որքա՞ն մարդ նրանց համար ձայն կտա, ինչպիսի՞ն է գաղափարախոսությունը, որը գրված է պաստառների վրա։ Կրկնում եմ, շատ կարևոր է, որովհետև բոլոր պաստառների վրա գրված է նույն բանը՝ «Պետք է հեռացնել Նիկոլին»։ Տեսեք, ենթադրենք, Նիկոլը կամ «Իմ քայլը» խոչընդոտ են հանդիսանում, բայց ինչի՞ն են խոչընդոտ։ Ահա, Դուք մտնում եք սենյակը, որտեղ մենք հիմա նստած ենք ու հարցազրույց ենք անում, «Պետք է այս պատը քանդել», ես հենց այդ պահին կհարցնեմ․ «Ինչո՞ւ»։ «Դե, պատուհան այստեղ կսարքենք, կամ դուռ կդնենք, կամ հակառակը՝ կամրացնենք այս պատը»։ Կամ օրինակ, երբ այդ դուռը դնենք, դեպի ո՞ւր է տանելու այն, ո՞ւր եմ այդ դռնով կարողանալու դուրս գալ։ Ինչի՞ համար մենք պետք է քանդենք պատը։ Ենթադրենք, Նիկոլը կամ «Իմ քայլը» խոչընդոտ են, ինչի՞ն են խոչընդոտ, ի՞նչ ենք անելու։ Չկա այդ ծրագիրը։ Իսկ ընտրությունների խնդիրը ո՞րն է։ Հասկանալի է, թե ինչի վրա է հաշվարկ անում իշխանությունը։ Մոբիլիզացնել սեփական ընտրազանգվածը, բայց մարդկանց մեծ մասը կմնա տանը։ Այդպես է եղել նույնիսկ 2018 թվականի ընտրությունների ժամանակ։

Իսկ եթե այդ մարդիկ մնան տանը, ապա իշխանության ծրագիրը կարող է իրականանալ, որովհետև ինքն իր ընտրազանգվածը հավաքելու սեփական միջոցն ունի։ Ինչպե՞ս տանից «դուրս բերել» ամեն տնային տնտեսուհուն, ամեն ուսանողուհուն, ամեն ուսանողին, ամեն գյուղացուն և այլոց։ Ինչո՞վ նրանց դուրս բերել փողոց, ի՞նչ է նրանց անհրաժեշտ առաջարկել։ Էլ չասած, որ ամեն տնային տնտեսուհին, ամեն ուսանողը հոգնել են, նրանք ապատիայի մեջ են, նրանք 3 տարի առաջ հեղափոխություն արեցին և ստացան այն, ինչ ստացան։ Նրանք պատճառ չեն տեսնում՝ ինչ անել․ ի՞նչ անել, երկրո՞րդ հեղափոխություն, իսկ ինչո՞ւ։ Ղարաբաղյան պատերազմը սարսափելի է ավարտվել և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար։ Ի՞նչ, հենց ընտրություններ անցկացնենք, ընտրենք մեկ ուրիշին, Ձեր թվարկածներից մեկին, երբ ընտրենք, այդ բոլոր մարդկանց, Արցախը մեզ կվերադարձնե՞ն, ադրբեջանիցները հե՞տ կգնան, ռուսները հետ կթռչե՞ն, ի՞նչ տեղի կունենա և այլն։ Այսինքն, մենք դա տեսնում ենք, մենք դա տեսնում ենք փողոցներում հանրահավաքների ծավալով՝ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր հավաքներով։ Ինչո՞ւ է այդպես, որովհետև հռետորաբանությունը ջրի պես մաքուր քաղաքական է՝ «Ղարաբաղ», «սահմաններ», «պատերազմի արդյուքներ», «քաղաքական առումով ինչպե՞ս առաջ գնալ», «կառավարման որակ», դրանք բոլորը քաղաքական թեզեր են։ Փողոց են դուրս գալիս մարդիկ, որոնք ռեալ հետաքրքրված են քաղաքական թեզերով։ 40 անց տղամարդիկ, 50 տարեկանին մոտ, իմ հասակակիցները։ Բայց նրանք բավարար ընտրազանգված չունեն իրավիճակ փոխելու համար։ Իսկ այն թեզերը, որոնք հասկանալի են յուրաքանչյուր մարդուն, չկան։ 

Եկեք հիշենք՝ ինչ էին անում 2018 թվականի հեղափոխության ժամանակ, ինչ թեզեր էին այն ժամանակ առաջ տանում։ Դրանք շատ պրիմիտիվ էին, դրանք անիրականանալի էին, դրանք հաճախ ծիծաղելի էին, բայց դրանք սոցիալական էին։ Դրանք այնպիսին էին, որ կարող է հասկանալ ցանկացած տնային տնտեսուհի՝ «Բանկերը կդադարեն փող վերցնել կրեդիտի համար», «Ճանապարհային երթևեկությունը կկարգավորվի ինքն իրեն՝ առանց տեսախցիկների ու ոստիկանության», «Ինչ որ մեկից կխլեն 50 տոկոսն ու կբաժանեն բոլորին, և բոլորն ավելի բարձր աշխատավարձ կստանան», «բոլոր օլիգարխները վատն են, բոլոր օլիգարխները կվերանան, և նրանց փոխարեն «մայր թերեզաները» կաշխատեն որպես խոշոր սեփականատեր»։ Նորից եմ կրկնում, սրանք պրիմիտիվ, ծիծաղելի էին այն մարդկանց համար, ովքեր սովոր են մտածել ու վերլուծել։ Ամեն դեպքում մարդկանց համար հասկանալի լոզունգներ  էին, գրավիչ ու սոցիալական, այլ ոչ թե քաղաքական։ Նման որևէ բան հիմա չկա։ Այն ամենը, որ հիմա ասում են ընդդիմադիրները, ընդհանուր առմամբ ասում են, որ «Մեզ սպասվում է ծանր աշխատանք»։ Դա ճիշտ է, նրանք ճշմարտությունն են ասում։ Միայն թե ինչպե՞ս այդ թեզի հիման վրա մարդկանց բերել ընտրական տեղամասեր։ Իշխանությունը հնարավորություն ունի այդ մարդկանց բերել, իսկ ընդդիմությունը՝ ոչ այնքան։     

- Որ ասում եք «իշխանությունը հնարավորություն ունի», նկատի՞ ունեք՝ վարչական ռեսուրսով, թե՞ ...

- Իշխանությունը մարդկանց տանից դուրս հանելու իր բնական ռեսուրսներն ունի։ Ինչ որ թվով, ես չգիտեմ՝ շատ թե քիչ, տեսնենք՝ ինչպես կլինի, ինչպես նրանք կաշխատեն։ Բայց այն ունի ռեսուրսներ, որովհետև իշխանություն է։ Ընդդիմադիր ուժերը չունեն, իրենք պետք է ունենան այլ ռեսուրսներ, որը համապատասխանաբար ես դեռ չեմ տեսնում։ Բայց դեռ 3 ամիս կա։ Մենք կտեսնենք՝ ինչպես կլինի։ Ժամանակն իշխանության օգտին չի աշխատում, լավ հո՞ չի լինելու։ Առջևում տնտեսական ճգնաժամ է, ինֆլացիա՝ այն արդեն ընթանում է, ղարաբաղյան խնդիրը որևէ տեղ չի գնա։ Սահմանների խնդիրն ու գյուղական համայնքներում տնտեսության խնդիրը որևէ տեղ չի գնա, Սյունիքի խնդիրը որևէ տեղ չի գնա, վատ կառավարման խնդիրը չի կարող 3 ամսվա ընթացքում ինչ-որ կերպ կարգավորվել։ Բանակի խնդիրը, մենեջմենթի խնդիրը, այս ամենը մնալու է, սա գործելու է նույնպես ընդդիմության օգտին։ Ընդդիմությունը կարող է այս բոլոր պահերն օգտագործել իշխանության դեմ, բայց 3 ամիսն այդքան էլ շատ չէ։ Ուստի իշխանությունը պլստալու ակնկալիք ունի։