Վերմիշյանի գործով մեղադրյալները գրավի դիմաց ազատ են արձակվել

Վերմիշյանի գործով մեղադրյալները գրավի դիմաց ազատ են արձակվել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանը ապրիլի 1-ին 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գագիկ Խաչիկյանը։

Պաշտպանի խոսքով՝ նախաքննական մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ՝ կիրառել է գրավ։

Նա նաեւ նշեց, որ իր պաշտպանյալը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը․ «Այն պարզ պատճառով, որ մեղադրանքը հիմնավոր չէ։ Վահագն Վերմիշյանի հետ առերեսում չի եղել, ըստ էության՝ քննչական գործողություններ չեն կատարվել»։

Մենք նաեւ տեղեկացանք, որ գրավ է կիրառվել նաեւ գործով անցնող Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի նկատմամբ։

Նշենք, որ օրերս Վահագն Վերմիշյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է։

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է փետրվարի 5-ին, ապա կալանավորվել է։

ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել, որ նա շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ և ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ Դրա դիմաց Վերմիշյանը 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման ներկայացնելու համար։ Դրա դիմաց նա որպես կաշառք է ստացել 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։
Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։