Սա ոչ պարադոքս է, ոչ էլ զավեշտ. սա լուրջ սպառնալիք է՝ ուղղված պետությանն ու պետականությանը

 Սա ոչ պարադոքս է, ոչ էլ զավեշտ. սա լուրջ սպառնալիք է՝ ուղղված պետությանն ու պետականությանը

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրել է․

«Վերջին շրջանում երկրում տեղի ունեցող բազմաբնույթ գործընթացները ևս մեկ անգամ հաստատեցին իշխանություն-հասարակություն կապի՝ գնալով էլ ավելի թուլացող ընթացքը։ Անգամ այն աստիճանի, որ վարչապետը կարծես թե «հիասթափված և նեղացկոտ» կեցվածք է ընդունել և տևական ժամանակ է, ինչ ընդհատել է իր զրույցը քաղաքացու հետ։ Ավելին, իշխանությունները սկսել են նեղվել, որ հպարտ քաղաքացիներն այլևս իրենց չեն լսում և իրենց ասածները հալած յուղի տեղ չեն ընդունում։ Կամ, այլ կերպ ասած, իշխանությանը որպես իշխանություն չեն ընդունում։

Եվ այստեղ է, որ ծագում է հետևյալ կարևոր հարցադրումը․ նման իրավիճակն օբյեկտիվ գործոնների ազդեցության, թե՞ սուբյեկտիվ իրողությունների հետևանք է։

Կառավարության կողմից գույքահարկի բարձրացումն արդարացնող իշխանական լոբբիստ-պրոպագանդիստները, փորձելով տպավորություն ստեղծել, որ խորապես մտահոգված են սոցիալապես խոցելի անձանց սպասվող ֆինանսական դժվարություններով, նրանց խորհուրդ են տալիս չվճարել գույքահարկը և կուտակված պարտքերը փոխանցել ապագա սեփականատերերին: Եթե ավելի հստակ արտահայտվենք, ապա սա իշխանության բարձր օղակներում գտնվող քաղաքական խմբակի ներկայացուցիչների կողմից սեփական երկրի քաղաքացիներին օրինախախտման մղող կոչ է:

Անցած երկու տարիներին գործող իշխանությունների դրսևորած վարքաբանությանը ծանոթ ցանկացած մեկը կհաստատի, որ սա ոչ թե պատահական քայլ է կամ լեզվի հերթական սայթաքում, այլ պետության, պետականության և պետական ինստիտուտների հանդեպ իշխանությունների ունեցած վերաբերմունքի ու պատկերացումների պերճախոս վկայություն: Արդյո՞ք կարելի է խոսել պետության և ամուր պետականության գոյության մասին, երբ իշխանությունը հարկատուներին կոչ է անում խախտել օրենքը և չվճարել հարկերը: Միթե դժվար է գիտակցել, որ եթե անգամ դա արվում է բնակչության որոշակի կատեգորիաների համար սպասվելիք դժվարությունները մեղմելու «բարի» մղումներից ելնելով, ապա միևնույնն է, հասարակության մյուս անդամների մոտ ևս ձևավորվում է օրենքի պահանջների կատարումից խուսափելու օբյեկտիվ գայթակղություն: Իսկ որ նման սպասումներ առկա են հասարակության որոշակի հատվածի մոտ, առավել քան ակնհայտ է:

Ի դեպ, հենց իշխանությունն է իր գործելաոճով օբյեկտիվ հիմքերի ստեղծել նման սպասումների ու ակնկալիքների համար: Ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերի ու տուգանքների համաներումը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների գումարը վճարելու պարտավորությունից ազատումը և մի շարք այլ ընդգծված պոպուլիստական քայլերի իրականացումն այսօր երկրում ստեղծել են իրավական անպատասխանատվության և ամենաթողության մթնոլորտ: Իշխանությունը հասարակության մոտ կորցրել է իմպերատիվ միջոցներ սահմանելու և կիրառելու բացարձակ իրավասություն ունեցող միակ ուժի ընկալումը: Հանուն սեփական նեղ խմբակային քաղաքական շահերի ընտրողներին բոլոր հնարավոր ու անհնարին խոստումներով կերակրած և այդպիսով իշխանության հասած, սեփական իշխանությունը պահելու համար իրավունքն ու օրենքը ոտնատակ տված ու այդպիսով հասարակությանը վատ օրինակ ծառայած իշխանությունն այսօր նեղվում է այդ նույն հասարակության՝ օրենքի ու կարգուկանոնի հանդեպ ունեցած վերաբերմունքից։

Երբ պետական իշխանության ամենաբարձր օղակում քաղաքական պաշտոն զբաղեցնող առողջապահության նախարարը հայտարարում է, որ չի պատրաստվում կատարել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, ապա հենց այդ պահից շարքային քաղաքացին իրավունք է ձեռք բերում չկատարել օրենքի պահանջները՝ դրանով իսկ հիմք դնելով երկրում իրավական վակխանալիայի ձևավորմանն ու ազդարարելով իրավական պետության կործանման գործընթացի սկիզբը։

Հավատացեք, սա ոչ պարադոքս է, ոչ էլ զավեշտ, սա լուրջ սպառնալիք է՝ ուղղված պետությանն ու պետականությանը։ Սա կյանքի չգրված օրենքներից է․ հարգելի իշխանավորներ, այսօր դուք քաղում եք անցած երկու տարվա ընթացքում ձեր իսկ ցանած սերմերի պտուղները, որոնք, գնալով ավելի դառն են դառնալու։
#Վեհ մնացեք»։