Քաղաքային կարանտինն արդեն ժամանակավրեպ է

Քաղաքային կարանտինն արդեն ժամանակավրեպ է

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում եւս կորոնավիրուսի վարակման դեպքեր են գրանցվել: Ի՞նչ իրավիճակ է հիմա քաղաքում, վերահսկելի՞ է արդյոք քաղաքացիների ինքնամեկուսացման գործընթացը, ի՞նչ քայլեր են արվում վարակի տարածումը կանխելու ուղղությամբ. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ:

-Ուշադիր հետեւում ենք բոլոր այն հանձնարարություններին, որ տալիս է պարետը: Պետք է ասեմ, որ վերջին օրերին ժողովուրդը կարծես ավելի շատ է գիտակցում, որ ճիշտն ինքնամեկուսանալն է, եւ ավելի կազմակերպված ձեւով են ամեն ինչն անում: Մենք շաբաթը երեք անգամ կենտրոնական եւ ներթաղամասային փողոցները պարտադիր ախտահանում ենք, քանի որ Չարենցավանում մի քանի գրանցված դեպքեր կան արդեն:

-Կոնկրետ քանի՞ քաղաքացի է վարակված, խոսվում է տասնյակների մասին:

-Կոկրետ թիվը մենք չգիտենք, բայց գիտենք, որ դեպքեր կան: Ախտահանման աշխատանքներն անում ենք քլորով եւ ժավելի խտանյութով, աշխատանքներ են արվում նաեւ բոլոր 200 բազմաբնակարան շենքերում: Քաղաքապետարանը հիմնականում անցել է հեռավար աշխատանքի, ոնց որ պարետի հանձնարարությունն է եղել, բայց բոլոր բաժնի պետերից սկսած, վերջացրած ինձանից, բոլորիս հեռախոսահամարները տրամադրել ենք, քաղաքապետարանում հերթապահություն է սահմանված, արձագանքում ենք: Քաղաքի մեծ սուպերմարկետներից մեկը պարտավորվել է իր ցանկությամբ տարեցներին, ովքեր սննդի խնդիրներ ունեն, մինչեւ արտակարգ իրավիճակի ավարտը ապահովել սննդով: Մենք  խնդրել ենք էլի ուրիշ սուպերմարկետների` տարեցներին սննդով ապահովել, հասցեներ ենք փոխանցել: Հիմնական աշխատանքները սրանք են: Այս պահին քաղաքում անդորր է, շատ քիչ մարդիկ են փողոցում երեւում:

-Իսկ վարչական տուգանքներ կիրառվե՞լ են:

-Ճիշտն ասած` դեռ չեմ խոսել ոստիկանապետի հետ, գիտեմ նաեւ, որ քաղաքում ներքին զորքերից կան տեղակայված, ինձ թվում է` ժողովուրդը կհասկանա… ես երեկոյան կզրուցեմ, բնական է, որ կունենանք տուգանվածներ էլ, որովհետեւ եւ ՃՈ-ն է աշխատանքներ իրականացնում, եւ ոստիկանական զորքերը:

-Հրանտ Բագրատյանն առաջարկում էր բոլոր այն քաղաքներում, որտեղ վարակ է արձանագրվել, կարանտին սահմանել եւ միջքաղաքային անցուդարձը դադարեցնել,  քաղաքացիների ոչ ելք լինի, ոչ մուտք: Դուք ի՞նչ կասեք այս առաջարկի մասին:

-Ես կարծում եմ՝ դա արդեն ժամանակավրեպ է, հիմա ամբողջ Հայաստանում են այդ գործողությունները կատարվում, դա, իմ կարծիքով, ժողովրդի մեջ կարող է պանիկա առաջացնել: Եթե մարդիկ ճիշտ են հասկանում իրավիճակի լրջությունը, ինքնամեկուսացողները շատ-շատ են:

-Իսկ եթե չեն հասկանո՞ւմ:

-Ես ասացի, որ կոնկրետ մեզ մոտ էլ այդպիսի հավաքներ կամ մի քանի մարդ նույն տեղում չկան, որովհետեւ զգացել են պահի լրջությունը: Իմ կարծիքով, անհրաժեշտություն չկա, որ քաղաքներ փակվեն:

-Հասարակ մի բան: Չնայած երեկ արդեն կար պարետի որոշումը, որ մարզային եւ միջքաղաքային տրանսպորտը չպիտի աշխատի, բայց հակառակի մասին բազմաթիվ ահազանգեր հնչեցին, մեքենա ունեցողներն էլ ազատ տեղաշարժվում են:

-Ես 100 տոկոսով գիտեմ, որ մեր քաղաքից երեկվանից տրանսպորտ չի աշխատել: Նույնիսկ բնակիչներն էդ հարցով էլ են դիմել, ասացին՝ թողեք գնանք, խնդրում եմ, ասացի՝ դու այդ մարդը չես, որ չկարողանաս ապրել մի քանի օր, համբերեք` այս իրավիճակից դուրս գանք: Եթե պետք լինի, քաղաքապետարանի բյուջեից քեզ օգնություն կտանք:

-Այսինքն, այդուհանդերձ, սոցիալական աջակցության կարիք ձեր համաքաղաքացիները զգում են, եւ դուք աջակցում եք:

-Չարենցավանը փոքր քաղաք է, ես ժողովրդի 60-70 տոկոսին 10-12 տարի ճանաչում եմ: Այն տարեցները, որոնք մինչեւ հիմա էլ գիտենք, որ տնից դուրս գալու հնարավորություն չունեն, նախկինում հարեւաններն էին օգնում, փորձելու ենք իրենց օգնել, ոչ թե այն ընտանիքներին, որոնք աշխատել են, բայց այս պահին չեն աշխատում:

-Ձեզ մոտ օրավարձով աշխատողներ չկա՞ն, իրենց հարցը ո՞նց է լուծվելու,  սոցիալական աջակցություն լինելո՞ւ է, թե՞ ոչ:

-Դե, դա արդեն մեր որոշելու խնդիրը չէ:

-Բայց կա՞ այդպիսի խնդիր:

-Դե, բնականաբար, կլինի, այնպես չի, որ չկան օրավարձով աշխատողներ՝ կան, բայց  մեր լուծելու խնդիրը չէ, ավելի շատ կառավարության լուծելու խնդիրն է: