Չիրականացված բարեփոխումներ
Ռուսական հայտնի առած կա, որ ասում է՝ «век живи, век учись, а дураком помрёшь»: Սովորաբար հիշատակվում է միայն դրա առաջին մասը: Ամբողջական առածը մեծ հաշվով համապատասխանում է մեր չորս ու կես տարվա իրականությանը: Բնականաբար, որոշակի փոփոխությունների ենթարկելու դեպքում: Եվ եթե փորձենք տեղայնացնել այն, ապա կստանանք հնարավոր տարբերակներից մեկը՝ «ինչքան էլ նայես՝ միշտ կմնաս զարմացած»: Ընդ որում, զարմացած կմնաս ոչ թե նորություն հայտնաբերելու, այլ տեսածդ գիտակցելու և ընդունելու առումով: Որովհետև որքան էլ ճանաչես գործող իշխանության ներկայացուցիչներին, որքան էլ տեղեկանաս նրանց վարք ու բարքին, միևնույն է, անընդհատ կմնաս զարմացած: Կմնաս զարմացած այն հանգամանքից, թե ինչպես է պատահում, որ երեկվա ընդդիմադիրը, որ պայքարում էր նախկինների դեմ հանուն ժողովրդավարական արժեքների, այսօր ժողովրդավարության անվան ներքո կառուցում է գերավտորիտար համակարգ: Որպես պարբերականի գլխավոր խմբագիր մամուլի ազատության համար պայքարողն այսօր փորձում է մամուլի ձայնը լռեցնել կապիտալիստական տարբերակով՝ գրպանին հարվածելով: Էլ չեմ խոսում այն մասին, որ երեկվա հայրենասերները, որոնց համար Արցախը հայաստան էր և կամ Աղդամը՝ հայրենիք, այսօր թքած ունեն Արցախի վրա, իսկ Աղդամի մասին վաղուց են մոռացել:
Այժմ անցնենք նախկիններին համարյա «անծանոթ» ու գործող իշխանության կողմից «հայտնագործված» երևույթի առարկայական ներկայացմանը: Մի երևույթ, որ ժամանակ առ ժամանակ որպես կուտ է տրվում հանրությանը: «Հրապարակի» ընթերցողներին երկրա չտանջելու համար անցնեմ այդ երևույթի առարկայական նշանակության վերջին դրսևորմանը: Մեկ-երկու օր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը պաշտոնապես հանդիպել է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Խաչատուրյան Վահագնին: Այն սկսվել է, բնականաբար, Խաչատուրյանի շնորհակալական զեղումներով, բայց դրանք բաց թողնելով՝ անցնենք բուն խնդրի խաչատուրյանական ներկայացմանը: Վերջինիս կողմից արձանագրվել է «տնտեսական առումով կառավարության ձեռքբերումների շատ ակնառու» լինելը: Նշվել է, որ «համաշխարհային տնտեսական ծանր պայմաններում» ՀՀ կառավարությունն այն քչերից է, որ «կարողացել է մաքսիմալ օգտագործել հնարավորությունները»: Ինչն, ըստ մասնագիտությամբ տնտեսագետ Խաչատուրյանի, «պայմանավորված է ոչ թե մեկ տարվա աշխատանքով, այլև վերջին չորս տարիներին կատարած բարեփոխումներով»:
Ավարտելով մեջբերումները՝ ճշգրտենք, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Իրականում ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանը ժամանակավորապես կամ մշտական հիմունքներով լքել է մի քանի հարյուր հազար քաղաքացի: Այդ զանգվածի հիմնական մասը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ են: Դրանք հիմնավորվել են Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում և միջինասիական և այլ մի քանի երկրում: Այդ անձանց կողմից կատարված ներդրումների, նրանց բարձր գնողունակության շնորհիվ նրանց տեղակայման երկրներում տնտեսական աճի բում է դրսևորվել: Ընդ որում, ամենամեծ աճը՝ 13 տոկոս, գրանցվել է Հայաստանում: Սակայն այդ թիվը պայմանավորված է ոչ թե ամենամեծ գումարների ներդրմամբ, այլ ՀՀ տնտեսության փոքր ծավալով: Ոորովհետև մնացած երկրներում ներդրումներն ավելի շատ են եղել, սակայն տնտեսության մեծ ծավալի պատճառով դրանց ազդեցությունն ավելի փոքր է եղել: Սա է ողջ իրականությունը: Ինչպես տեսնում ենք, այստեղ ՀՀ կառավարության ազդեցության գործոնը զրոյական է: Եթե Փաշինյան Նիկոլի և նրա ստորադասների փոխարեն գործող կառավարությունը կազմված լիներ ռոբոտներից, ապա ռուսաստանցիների շնորհիվ առաջ եկած աճը կլիներ նույնը կամ գուցե ավելի ազդեցիկ: Քանի որ, որքան հասկանում եմ, նիկոլական «բարեփոխումները» (բնականաբար, չակերտավոր) բացասական հետևանքներից բացի այլ ազդեցություն չեն գործել մեր կյանքում: Որ ոլորտում էլ դրանք տեղի ունեցած լինեն:
Ինչ մնում է իբրև թե բոլոր կապանքներից ազատված բիզնեսին, ապա ազատականացման հանգամանքը մեզ վաղուց արդեն ծանոթ նիկոլական մանիպուլյացիաների շարքից է: Ինչը բացահայտվել է «Լույս» հիմնադրամի կողմից: Տնտեսության ազատականացման գործընթացն իրականում տեղի է ունեցել նախկինների ժամանակ, ինչը ժառանգություն է ստացել գործող իշխանությունը: Եվ այդ գործընթացը ոչ միայն շարունակվում է ընդամենը իներցիայով, այլև, ըստ այդ ոլորտի մասնագիտական հարթակ «Հերիթեյջ» հիմնադրամի, նույնիսկ անկում է գրանցել: Սա այն է, ինչ պետք է իմանալ այդ հարցով՝ երբ ծանոթանում ենք գործող իշխանության դերակատարների փիառ դատողություններին: Ինչ մնում է Փաշինյանի ասած «հավասար մրցակցային դաշտի ապահովմանը, բյուրոկրատական քաշքշուկների կրճատմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը», ապա գործարարներն իրենց դաշտում և շարքային քաղաքացիները՝ կենցաղային հարցերում, կարող են իրենց փորձառությամբ վկայել, թե ինչպես են դրանք չիրականացվում:
Կարծիքներ