Պատգամավորը կոպտորեն խախտել է պատգամավորական էթիկայի կանոնները․ Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ

Պատգամավորը կոպտորեն խախտել է պատգամավորական էթիկայի կանոնները․ Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը քաղաքացիների հետ հանդիպմանը բացահայտ անհարգալից է վերաբերվել քաղաքացիական հասարակության ներկայացուցչին և զրկել նրան ազատ խոսքի իրավունքից:

«Հանրային վերահսկողության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ հունվարի 21-ի երեկոյան պատգամավոր Ռուստամ Բաքոյանը այցելել է Արտաշատ քաղաք` պարտադիր սպանդանոցային մորթի մասին օրենսդրական պահանջի դեմ բողոքող ֆերմերների հետ հանդիպման: Հարությունյանի կողմից պատգամավորին ճշտող հարց ուղղելու փորձը անմիջապես կանխվել է. Ռուստամ Բաքոյանը Բաբկեն Հարությունյանին անվանել է «պրովոկատոր» և կոչ է արել հեռացնել նրան դահլիճից` քննարկումը շարունակելու համար: Քաղաքացին, այսպիսով, զրկվել է խնդրին առնչվող իր հարցն ուղղելու սահմանադրական իրավունքից:

Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն ուսումնասիրել է դեպքը և փաստել, որ իշխանական պատգամավորը, ով տվյալ պահին իրականացրել է իր լիազորություննեորը, ոչ միայն չի փորձել ցուցաբերել զսպվածություն և հանդուրժողականություն, ինչը պարտավոր էր անել օրենքի պահանջով, այլև ինքն է նախաձեռնել սադրիչ գործողություններ:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցչի նկատմամբ հրահրելով չարդարացված դժգոհություններ և հասնելով դահլիճից անցանկալի անձի հեռացմանը` պատգամավորն իր համար ստեղծել է քաղաքացիական հասարակության հսկողությունից դուրս գործելու պայմաններ: Ավելին` հանդիպման տեսաձայնագրությունների միջոցով հետևելով Ռ.Բաքոյանի խոսքին, պարզ է դառանում, որ պատգամավորը նախապես է փորձել քայլեր ձեռնարկել Բաբկեն Հարությունյանի մասնակցությունը քննարկմանը խոչընդոտելու ուղղությամբ` նախքան ակցիայի վայր հասնելը:

Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն արձանագրում է, որ պատգամավոր Ռ.Բաքոյանը, օգտագործելով իր դիրքը, իր կուսակից ընկերների միջոցով թույլ է տվել խոսքի ազատությունը խոչընդոտող գործողություններ: Խորհուրդը նաև գտնում է, որ «պրովոկատոր», «պրովոկացիա է անում», «իր պրովոկացիաների միջոցով խանգարում է» արտահայտություններով պատգամավորը իրեն թույլ է տվել այլոց անձը և արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ:

Խորհուրդը համապատասխան եզրակացությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին` «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ։

Հիշեցնցնեք՝ ավելի վաղ մենք գրել էինք, որ Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը պատրաստվում է դիմել ԱԺ՝  իշխանական 2 պատգամավորի հրապարակային պահվածքի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով։ Խոսքն Ալեն Սիմոնյանի եւ Ռուստամ Բաքոյանի մասին է։ Բաքոյանը նախօրեին Արարատի մարզում մսավաճառների հետ քննարկմանը «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանին անվանել էր պրովոկատոր եւ արգելել հարց տալ, իսկ Ալեն Սիմոնյանը վիրավորել է ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանին․ իր էջում Սերժ Սարգսյանի մասին ստատուսի տակ իր համակիրներին խորհուրդ է տվել «շան տեղ չդնել» Արզումանյանին։