Այդ պրոեկտի հեղինակները Ջեմալ Փաշայի անունը գրում էին մեծատառով, իմը՝ փոքրատառով․ թուրքագետ Ռուբեն Մելքոնյան

Այդ պրոեկտի հեղինակները Ջեմալ Փաշայի անունը գրում էին մեծատառով, իմը՝ փոքրատառով․ թուրքագետ Ռուբեն Մելքոնյան

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը տեղեկացրել  էր, որ առաջիկայում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, որտեղ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի առնչությամբ կհրավիրի Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը, ինչի մասին հայտնել էր «Փաստինֆո»-ի հետ զրույցում։ Պատճառն այն է, որ այս 3 առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը՝ Լիլիթ Մկրտչյանը, մի քանի այլ անձանց հետ 2017 – 19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել է «History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives» («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ինչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս։ 

Աշոտ Մելքոնյանն ասում է․ «Հիմա այս խայտառակ աշխատության հեղինակներից մեկը՝ Լիլիթ Մկրտչյանը, հանդիսանում է միանգամից չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար։ Այս հանգամանքը մեզ (և ոչ միայն մեզ) խիստ մտահոգության տեղիք է տվել»: Պատմության ինստիտուտի տնօրենը նշել էր, որ  խախտված են պատմագիտական ժամանակագրության բոլոր նորմերը։ «Խորենացին ասում էր, որ չկա պատմություն առանց ժամանակագրության։ Հայոց պատմությունը սկսվում է Ուրարտուի պատմությունից։ Այսինքն, ստացվում է, որ դրան նախորդող 2000- ամյա պատմությունը ուղղակի չկա։ Հետո պատմությունը գալիս հասնում է մինչև 14- րդ դար, ավարտվում Կիլիկիայի թագավորությամբ, հետո, չգիտես ինչու, հետ է գնում 5-րդ դար։ Երեխայի մոտ նախ և առաջ պետք է ամրանա սեփական երկրի պատմության վերաբերյալ ընդհանուր տեսլականը, հետո ժամանակագրական տրամաբանությամբ գա հասնի մինչև մեր օրեր։ Սա ոչ թե սեփական պատմության դասավանդում է, այլ՝ սեփական հայեցողությամբ պատմական էքսկուրս։ Սա, անկասկած, աղավաղելու է երեխայի մոտ սեփական պատմության վերաբերյալ ունեցած պատկերացումներն ու հիմնավոր գիտելիքներ ստանալու հեռանկարը։ Բացի այդ խախտումը, կան կարևորագույն թեմաներ, որոնք, չգիտես ինչու, դուրս են մնացել ուսումնական ծրագրերից։ Դրանցից են, օրինակ, հայկական կամավորական շարժումների թեմաները, որոնք ազգային ազատագրական շարժման հիմնական մասն են կազմել։ Կամավորական շարժման թեման, առհասարակ, հանված է, չես հասկանում, թե ի՞նչ տրամաբանությամբ»։

ԱԺ իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանն անմիջապես ֆեյսբուքյան գրառմամբ արձագանել էր՝ գրելով, որ Լիլիթ Մկրտչյանին «փորձում են մեղադրել «Թուրքիայի կողմից ուղղորդվող խոշոր դրամական միջոցների» դիմաց չափորոշիչներում «թուրքական հայեցակարգ ներմուծելու» և «պետական և ազգային դավաճանության» մեջ։ Ցը՛մփ»» ։

Ըստ Մարիա Կարապետյանի՝ այս մեղադրանքները հյուսվել են այն փաստական հանգամանքներից, որ Լիլիթ Մկրտչյանը մասնակցել  է Կարապետյանի նախկին աշխատավայր հանդիսացող «Կոնֆլիկտների վերափոխման «Իմեջին» կենտրոնի» ծրագրերին։ «Իմեջին» կենտրոնը, որտեղ պատգամավոր աշխատել եմ 2011-2018 թվականներին, զբաղվում է տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծմամբ: Կենտրոնը մասնավորապես  զբաղվում է Հարավային Կովկասից և Թուրքիայից մասնագետների՝ հիմնականում լրագրողների, վերլուծաբանների, պատմությամբ զբաղվող գիտնականների, դասախոսների և ուսուցիչների մասնագիտական ցանցեր ստեղծելով»։

Կարապետյանը տեղեկացրել է նաև. «2013-2018 թթ․ մի քանի անգամ ես, Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաև այլ մասնագետներ մեկնել ենք Ստամբուլ՝ այնտեղի մասնագետների հետ համատեղ քննարկումների, և դրանց ընթացքում էլ 2014 -ին գրվել է գիրքը»:

Հայտնելով, որ Թուրքիայից այս ծրագրերին մասնակցած մասնագետները Ցեղասպանության մասին ոչ թե պարզապես որպես փաստ են խոսում, այլ իրենց կրթական միջավայրերում դասավանդում են Ցեղասպանության պատմությունը, գրում գրքեր և հոդվածներ Ցեղասպանության մասին՝ Մարիա Կարապետյան  առաջարկել էր մտածել, թե ինչպես է Ռեջեփ  Թայիբ  Էրդողանը հալածում նրանց՝ մեղադրելով «ազգային և պետական դավաճանության» մեջ: Մարիա կարապետյանն ասել էր. «Ամոթ է, գոնե Հրանտ Դինքի հիմնադրամի անունը չտայիք»։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը դասագրքին դեռ չի ծանոթացել, խոստացավ կարդալուց հետո մասնագիտական կարծիքը ներկայացնել, բայց այս պահին «Հրապարակին» ասում է հետևյալը․ «Թուրքիայում և Հայաստանում պատմության դասավանդման զուգահեռ քննությունը մեթոդաբանական առումով սխալ է, որովհետև Թուրքիայում պատմությունը, պատմագրությունը հենված է կեղծարարության վրա, և, բնականաբար, այդ կեղծ թեզերն էլ ընդգրկված են դասագրքերում։ Ավելին, դասագրքերում ընդգրկված են հայատյաց շեշտադրումներով, Ցեղասպանությունն ուրանալով և այլն։ Եվ նույն հարթության մեջ դնել Հայաստանյան դասագրքերը, որոնք նվիրված են պատմությանը, և թուրքականները, իմ կարծիքով, մեթոդաբանական առումով սխալ է։ Այդ տիպի տարատեսակ պրոեկտներին ես վաղուց,մեղմ ասած, դրական չեմ մոտենում և ունեմ փորձառություն՝ նման հիմնադրամների հետ չշփվելու և նրանց գործունեության ոճը տեսնելու»։

Խոսքը «Հրանտ Դինք» հիմնադրամի մասին է, որի հետ Ռուբեն Մելքոնյանը դեռ 2014-ին ունեցել է կոնֆլիկտ։  Թուրքագետը մեկնաբանում է, որ հիմնադրամի անվանումը հայ հանրությանը կարող է մոլորության մեջ գցել, տպավորություն ստեղծել, որ հիմնադրամը բացառապես զբաղվում է հայանպաստ պրոեկտներով։ Իրականում հիմնադրամի գործունեության շատ էջեր, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք են տալիս։ «Եվ հանրությունը պետք է իմանա, որ Հրանտ Դինք գործիչն այլ էր, «Հրանտ Դինք» հիմնադրամն ու նրա գործունեությունը՝ այլ։ Եվ, իհարկե, ՀԿ-ները, որոնք համախմբված են նման պրոեկտների շուրջ, մի փոքր այլ մտածողության կրողներ են։ Ես լավ հիշում եմ, որ երբ 2014-ին կոնֆլիկտ եղավ երիտթուրք պարագլուխ Ջեմալ փաշայի թոռան գրքի հետ կապված՝ իմ և հիմնադրամի միջև, հայաստանյան մի շարք ՀԿ-ականներ, ակտիվիստներ, որոնք երևի թե այսօր իշխանության մեջ են, իրենց գրառումներով Ջեմալ փաշայի անունն ընդգծված մեծատառով էին գրում, իմը՝ ընդգծված փոքրատառով»,-հավելեց Մելքոնյանը։

Նա ամփոփում է. «Եթե նրանց հայրենասիրությունն այնքան է, որ իրենց հայրենակցին համեմատում են երիտթուրք պարագալխի հետ և նրա անունը մեծատառով են գրում, իսկ հայրենակցինը՝ փոքրատառով, ապա նրանք իր՝ Մելքոնյանի համար ներքին թուրքեր են, որոնց անունը ոչ թե «փոքրատառերով է, այլ ուղղակի, չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում