Արխային նստացրեք, անմեղ մարդ չկա

Արխային նստացրեք, անմեղ մարդ չկա

Վարչապետի ս․թ․ ապրիլի 6-ի հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած խնդրահարույց մտքերից է այն, որ նախկինում ԲՈԼՈՐ պետական պաշտոնյաներին տրված էր արտոնություն՝ կաշառքներով, հովանավորչությամբ, կոռուպցիոն այլ լծակներով փողեր աշխատել եւ ըստ էության թալանել երկիրը։ 

Մեր համոզմամբ՝ նման ծանր մեղքերի տակ կքած ներկա ու նախկին պաշտոնյաներին մարդիկ պետք է ճանաչեն դեմքով, անուն առ անուն։ Ուրեմն փորձենք հասկանալ՝ ըստ օրենսդրության ովքեր են մեզանում համարվում պետական պաշտոնյաներ։ 

Հանրային ծառայության մասին օրենքը, որն ընդունվել է 2018թ․ապրիլյան անկարգություններից «հինգ պակաս»՝ մարտի 23-ին, սահմանում է, որ հիշյալ օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների, հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմինների լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը (ա), համայնքային ծառայությունը (բ), հանրային պաշտոնները (գ): Սրանցից առաջինը՝ պետական ծառայությունը, պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված մասնագիտական գործունեություն է: 

Ընդ որում, պետական ծառայությունն ընդգրկում է ծառայության 11 տեսակ՝ քաղաքացիական, դիվանագիտական, մաքսային, հարկային, փրկարար, զինվորական, ԱԱ մարմիններում, ոստիկանությունում, քրեակատարողական, ԴԱՀԿ, դատական կարգադրիչների։
Հանրային պաշտոնը, իր հերթին, դասակարգվում է խմբերի` պետական եւ համայնքային, իսկ պետական պաշտոնների տեսակներն են` քաղաքական, վարչական, ինքնավար եւ հայեցողական: Քաղաքական ու վարչական պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանակը հասկանալի է․ հանրապետության 4 նախագահներ, 16 վարչապետներ, բոլոր ժամանակների անհամար փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ, բանակի եւ իրավապահ համակարգի բարձրաստիճան սպաներ եւ այլն։

Դառնանք ինքնավար ու հայեցողական պաշտոն վարած անձանց՝ մարդու իրավունքների պաշտպաններ, ՍԴ դատավորներ, անկախ պետական ու ինքնավար մարմինների, վիճակագրական պետական խորհրդի անդամներ, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների դատավորներ, գլխավոր դատախազ ու դատախազներ, քննչական մարմինների ղեկավարներ եւ նրանց տեղակալներ, քննիչներ, ՀՀ  նախագահի, ԱԺ նախագահի, նրա տեղակալների, վարչապետի, փոխվարչապետների, ԱԱԽՔ-ի, գլխավոր դատախազի, կառավարությանն ու վարչապետին ենթակա պետական մարմինների ղեկավարների, անկախ եւ ինքնավար պետական մարմնի նախագահների, մարզպետի խորհրդականներ, մամուլի քարտուղարներ, օգնականներ ու ռեֆերենտներ, նույնիսկ ԱԺ խմբակցության փորձագետներ, պատգամավորի օգնականներ։ 
Ցանկը սպառիչ չէ։ Լայն է պետական պաշտոնյաների շրջանակը, որոնց ԲՈԼՈՐԻՆ կոռուպցիոներ ու թալանչի անվանեց ապրիլի 6-ի եթերային հարցուպատասխանի միակ հերոսը։ 
Ի՞նչ անել։ 

Կրկին ժամանակն է եկել ասելու՝ կանգ առ։

Իրավական կատեգորիաներն անթույլատրելի է բելետրիստիկայի թեթեւ ժանրում խաղարկելը։ Դա պետք է իմանա յուրաքանչյուր ոք, առավել եւս, երբ զբաղեցնում է վարչապետի բարձր պաշտոնը։ 
Մի նսեմացրեք խոսքի արժեքը: Սա կարող է ազդարարել մարդկանց մտքերում քաոսի սկիզբը։ Բուն աշտարակաշինությունը վրա կհասնի, երբ մոտ օրերս՝ արտադատական բռնագանձման օրենքի գործադրման հետ կապված կարիք առաջանա յուրային կոռուպցիոներներին ու թալանչիներին ջոկջոկել եւ ոչ յուրայիններից։ Քանի որ նախկին ու ներկա, սեւ եւ սպիտակ քաղաքական բաժանումներն այս հայտարարությամբ կորցրել են իրենց իմաստը։ Պարզորոշ ասվել է՝ ԲՈԼՈՐԸ։
Եվ այս պարագայում պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հեռանկարներ են բացվում քննիչների եւ դատախազների առջեւ։ Ականջ դրեք նրանց կաբինետներից արձագանքվող խոսքին՝ արխային նստացրեք, անմեղ մարդ չկա։

Արա ՍԱՀԱԿՅԱՆ