Պորտից վեր չթռնելու հրամայականը

Պորտից վեր չթռնելու հրամայականը

Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ ես սկզբունքային բանավեճ ունեմ մի կարեւորագույն հարցում. քաղաքական կազմակերպվածության ոչ ավելի, քան տասնամյա փորձ ունեցող կուսակցությունը, որի ֆինանսական հենարանը կովկասահայ՝ գերազանցապես ապազգային, բուրժուազիան էր, քարոզչականը՝ բացառապես մեկ-երկու թերթ ու պարբերական, իսկ «դիվանագիտականը»՝ Հայ առաքելական եկեղեցին, ինչպե՞ս գայթակղվեց, որ Արեւմտյան Հայաստանում կարող է հակաթուրքական մի հզոր ապստամբություն հարուցել, ինչպե՞ս հավատաց, որ ցարական Ռուսաստանը կաջակցի զինական ուժով, եւ կգտնվի հայկական հարցի լուծումը:

Մանավանդ որ նախընթաց տարիներին նույն ցարական իշխանությունները հերյուրել էին «Դաշնակցության գործը»՝ հարյուրավոր գործիչների նետելով բանտեր, հետագային՝ դատապարտելով աքսորի: Աբսուրդն այն էր, որ Դաշնակցությունը մեղադրվում էր հայ-թաթարական զինված բախումների ժամանակ ինքնապաշտպանություն կազմակերպելու մեջ, իսկ հակառակ կողմը՝ Կովկասի թրքությունը՝ ոչ: Ինչպե՞ս կարելի էր ահագնացող, օր-օրի առարկայան դարձող՝ համաշխարհային մեծ պատերազմի սպառնալիքի հանդեպ այդքան անմեղսունակ գտնվել: ՀՅԴ գործիչներից Հովհաննես Քաջազնունին հիշում է, որ պատերազմի նախօրեին Վանից անցել է Թիֆլիս ու կուսակցության Վասպուրականի կոմիտեի անունից պահանջ դրել, որպեսզի Կովկասում կասեցվի կամավորական ջոկատների կազմավորման գործը:

Բուն Երկիրը, որի անունից Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը «բանակցությունների մեջ էր» Կովկասի փոխարքայի հետ, դիմադիր էր կամավորական շարժմանը: Տագնապի ահազանգ էր հնչեցնում Պոլսի հայ էլիտան: Այդ կասկածների, մտահոգությունների, ըմբոստացման դիմաց, ավաղ, Թիֆլիսում ոգեւորությունն այնքան մեծ էր, որ, ինչպես ժամանակակիցներից մեկն է վկայում՝ երբ քննարկվել է կամավորականների ձմեռային հանդերձավորման հարցը, զորավար Անդրանիկը խրորխտացել է, թե հարկ չկա, առավոտյան Օրթաճալայում կթեյի, կեսօրին կճաշի Վանում: Ի՞նչ ունեցանք իրականում՝ հայտնի է, բայց այդ ամբողջ գեղարվեստա-թատերականացված «իրականությունից» այդպես էլ չեն արտածվում հարցեր՝ հնարավո՞ր էր խուսափել աղետից, գոնե կարելի՞ էր նվազագույնի հասցնել կորուստները, ինչու՞ ոչինչ չի արվել, եւ ո՞վ է համազգային ողբերգության՝ մեր ներսից պատասխանատուն: Իսկ արտածել պետք է, որպեսզի պարզ լինի, որ տղայամիտ անփութություն էր, երբ երկրի ու ժողովրդի ճակատագիրը դրվեց միլիոնանոց բանակների, ռազմական հարյուրամյա հետախուզությունների, դիվանագիտական մեծ փորձառությունների բախման թատերաբեմում, որտեղ ոչ ոք սեփականից զատ այլ շահ չէր հետապնդում եւ մարդասիրական զեղումների ժամանակ եւ ցանկություն չուներ: ՀՅԴ հետ իմ սկզբունքային բանավեճն այդ մասին է՝ որ ազգային ողբերգության մեջ սեփական պատասխանատվությունից  ավելի քան մեկ դար է՝ խուսափում եւ չի առերսվում պատմական ճշմարտությանը:

Մեկ օրինակ. Դաշնակցությունը գիտեր, որ գերմանական գլխավոր շտաբը թուրքական կառավարությանն է ներկայացրել արեւմտահայության բռնատեղահանության եւ Բաղդադի երկաթուղու շրջակայքում վերաբնակեցման ծրագիր: Եւ ինչպե՞ս արձագանքեց: Դաշնակցության «անպաշտոն արտաքին գործերի նախարար» Զավրիեւը մի հուշագիր հղեց Ռուսաստանի արտաքին  գործերի նախարարին, թե գերմանացիները դատարկում են այն տարածքները, որ պետք է գրավվեն ռուսական զորքերից: Ասես Ռուսաստանը հետախուզություն չուներ, տեղյակ չէր գերմանական գլխավոր շտաբի մտադրություններից: Միջին-վիճակագրական հայ մարդը տեղյակ չէ այս եւ շատ ուրիշ փաստերի: Մեր պատմագիտությունն էլ դրանք լայն շրջանառության չի դնում, գիտակցաբար շրջանցում է ցավոտ հարցերը: Մենք ունենք մի կաղապարված պատմություն, որի ալֆան եւ օմեգան այս է՝ «թեեւ (Զեյթունի կամ Սասունի) ապստամբությունը պարտվեց, բայց…»:

Շարունակությունը միջազգային արձագանքների, Եվրոպայում եւ Ռուսաստանում մտավորական շրջանակների հակաթուրքական հայտարարությունների, եվրոպական մայրաքաղաքներից Օսմանյան կայսրության նկատմամբ ճնշումներ գործադրելու եւ Արեւմտյան Հայաստանում «բարեփոխումների ծրագիր մշակելու» մասին պատմություններն են, որ սերնդից-սերունդ փոխանցվում եւ դառնացնում են մեր հոգիները, թե ինչու՞ այնպես չեղավ, այլ՝ այսպես: Եթե դրան էլ գումարենք ըղձախոսական գրականությունը, որ ստեղծվել է անցյալ դարի 50-ականների վերջից սկսած եւ դեռ տեւում է, պատկերն ավելի ցցուն կդառնա: Ինչու՞ են արվում այս դիտարկումները: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատն ընդունել է ցեղասպանությունը որպես պատմական իրողություն ճանաչող բանաձեւ: Եւ ահա մամուլի առաջին արձագանքներից մեկը. «Դա նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար»:

Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ հնարավորությունների: Ռեալ-պոլիտիկի առումով այդ բանաձեւը միայն մի հուշում ունի՝ թուրք-ամերիկյան հարաբերություններն անամպ չեն, Վաշինգտոնն Անկարային մերժում է Մերձավոր Արեւելքի «կուրացիայի» հարցում: Այսքան բան: Իսկ Հայաստանը պարտավոր է արտաքին քաղաքական հարցերում մի ճշմարտություն որդեգրել՝ անհնար է սեփական պորտից վեր թռնել: