Ընտրական օրենսգիրքը փոխելը կտրուկ կփոխի ընտրությունների ֆորմատը

Ընտրական օրենսգիրքը փոխելը կտրուկ կփոխի ընտրությունների ֆորմատը

Այն հարցը, թե առաջիկա արտահերթ ընտրություններին գնում ենք հին Ընտրական օրենսգրքով, թե նոր՝ շատ էական է։ Բանն այն է, որ Օրենսգրքի փոփոխությունը կարող է ամբողջովին փոխել ընտրական տրամաբանությունը եւ քաղաքական ուժերի մասնակցության ձեւաչափը։ 
Գլխավոր տարբերությունը, հիշեցնենք, ռեյտինգային ընտրակարգն է։ Հին օրենսգրքից հրաժարվելու դեպքում ամբողջությամբ համամասնական ընտրություններ են կայանալու՝ կուսակցական ցուցակներով։ Այսինքն՝ տեղերում թեկնածուներ դնելու պարտադրանքը, որը նաեւ նշանակում է՝ ձայն բերող թեկնածուներ գտնել, որոնք տվյալ ընտրատարածքում շրջապատ ունեն, փող եւ ընտրական տեխնոլոգիաներին էլ որոշակիորեն ծանոթ են, կվերանա։ Դա շահեկան է այն կուսակցությունների համար, որոնք նոր են եւ կայացած կառույցներ ու անդամների մեծ թվաքանակ չունեն։ Նրանք հապճեպ մի ցուցակ կկազմեն եւ 12 օրում հապճեպ քարոզարշավ կիրականացնեն՝ առանց մեծ չարչարանքի եւ մեծ փողեր ծախսելու։

Բայց նոր ընտրակարգը կնշանակի անհաշիվ մասնակիցներ՝ տեղերում թեկնածու գտնելու խնդիրը կվերանա եւ նոր գրանցված ամեն մի թիթեռնիկ կուսակցություն կկարողանա մասնակցել ընտրություններին։ Մասնակիցներն իրարից ձայներ կխլեն, արդյունքում՝ կշահեն մեծ կուսակցությունները կամ բլոկները։

Հիշեցնենք, որ անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցությունների ձայները հետո վերաբաշխվում են խորհրդարան անցածների վրա՝ ըստ իրենց տարած ձայների համամասնության։ 

Սակայն նոր օրենսգիրքն էլ իր դժվարությունները կբերի՝ ցուցակի վերջին հատվածներում անուններ գրելու դժվարություն կառաջանա եւ ընտրարշավը կմնա կուսակցությունների ղեկավարների հույսին։ Բացի այդ սա նաեւ ընտրություններին շատ ցածր մասնակցություն կապահովի՝ մարդիկ շահագրգռված չեն լինի գնալ քվեարկության։ 

Եթե հին օրենսգրքով գնանք ընտրությունների՝ ընտրապայքարի մեջ են մտնելու տարածքներում հեղինակություն եւ ձայներ ունեցող մարդիկ, եթե նոր օրենսգրքով գնանք՝ կուսակցությունների ղեկավարները։

Հին օրենսգրքի պարագայում կուսակցությունների՝ առանձին-առանձին ընտրությունների գնալը կարող է արդյունավետ լինել՝ եթե ունեն ռեյտինգային լավ թեկնածուներ տեղերում։ Նոր օրենսգրքի դեպքում ճիշտը լայն կոնսոլիդացված ցուցակներով, կուսակցական բլոկներով ընտրությունների գնալն է։

Այսինքն՝ շատ կարեւոր է, թե որ տարբերակով ենք գնում ընտրությունների։ Եւ քանի դեռ օրենսգիրքը չի փոխվել, կամ՝ հայտնի չի դարձել, փոխվելու է, թե ոչ՝ ընտրությունների մասնակիցները չեն կարողանալու որոշումներ կայացնել, ալյանսներ ստեղծել, թեկնածուներ գտնել, բանակցել ու պայմանավորվել միմյանց հետ։

Մի խոսքով, քաոսը շարունակվում է, եթե չասենք՝ խորանում։