Ռուզան Հովասափյան. Տղերքն են գալիս

Ռուզան Հովասափյան. Տղերքն են գալիս

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 

Դու մեռած չես, երկիր, եւ ոչ էլ քնած ես, 
Կապույտներիդ լուրը հենց իմ սրտից առա. 
Պատերազմը անցավ (էդ ի՜նչ լրբի քած էր), 
Երկիր, ցավդ տանեմ, աչքերդ բաց արա։ 

Քո պատանքը` ճերմակ, չար երազ չէր կամ խաղ - 
Հրեշներիդ խիղճն էր` ծախված արնոտ ստին, 
Թող ձեռքը սուրբ գրքին երդվի ամեն ճիվաղ, 
Ես երդվում եմ միայն ձեռքս դրած սրտիս. 

- Պատանքդ էլ չկա, պատառոտել եմ այն, 
Ճերմակ ծվեններից ինձ թեւեր եմ կարել, 
Ես երկինքդ գրկած՝ քո հրեշտակն եմ հիմա, 
Հրեշներիդ մեկ-մեկ պիտի դժոխք տանեմ: 

Ճերմակ ծվեններից զգեստ էլ եմ կարել 
(Եվ այն իմ երգերում չեմ հանելու միայն...), 
Երազներիս լույսն ինձ շատ հեռու է տարել, 
Որ գրկումդ լույս տամ մերկությունով մի այլ... 

Աչքերդ բաց արա, այս դավերն էլ կանցնեն, 
Ես քո հրեշտակն եմ՝ գտած թեւերը իր, 
Հրեշներիդ մեկ-մեկ հենց դժոխքին հանձնեմ - 
Լույսդ եմ բացելու, չարըդ տանեմ, երկիր... 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 2 

Տանելի է, երբ սիրտն է արտասվում, 
Երբ անձրեւները հորդ են ու դառը, 
Երբ ոչ մի բառով ցավը չի անցնում,
Եվ ոչ մի ցավով չի անցնում բառը։ 

Իսկ ի՞նչ անես, երբ սիրտն է քարանում, 
Երբ անբառ տող է երգերիդ սպին, 
Ու մինչ նրանից բառեր ես քամում, 
Երկրիդ քարերն են դառնում մի-մի սիրտ... 

Դառնում բաբախյուն` տղերքին կանչող, 
Նրանց կարոտը ի՞նչը կչափի, 
Մենք` լեղի գինով մղկիտը մաշող, 
Քարերը` սրտեր տղերքի ճամփին... 

Թռչնից բարձր է կարոտը թռչում, 
Երբ աստվածներն են երկնքում լալիս... 
Բայց հենց թռչունի աչքերն են թրջվում - 
Անձրեւները չեն... Տղերքն են գալիս... 


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 3 

Տղերքն են գալիս ջրերի միջով, 
Նրանք չեն քայլում ջրերի վրա, 
Նրանք գալիս են ծովերի ճիչով, 
Որ իրենց գալը երազ չթվա։ 

Տղերքն են գալիս՝ նոր լուսաբացով, 
Երբ ոչ շշուկ կա, ոչ աքլորականչ, 
Ու ո՛չ մի անգամ Պետրոսի լացով 
Չի ուրանալու երկիրը նրանց։ 

Տղերքն են գալիս... եւ համբուրելու 
Ես եմ վազելու, այլ ոչ թե Հուդան, 
(Գողգոթաները տուն են բերելու), 
Տղերքը հիմա ճամփին են իմ տան: 

Տղերքն են գալիս ջրերի միջով 
(Ուզեն` ջրերի վրայով կգան), 
Նրանք գալիս են ծովերի ճիչով, 
Որ չթվա թե երազում եկան...

***
Քեզ հետ միայն հաց չեմ կիսել. 
Սիրտս եմ կիսել, մեծը՝ քեզ, 
Թե մի թռչնի թեւ եմ տեսել, 
Բաժին սիրտս եմ փշրել ես։

Քեզ հետ միայն թաս չեմ զարկել. 
Սիրտս եմ կիսել, լիքը՝ քեզ, 
Թե մի ծարավ սիրտ է ճաքել, 
Բաժին կումս եմ մեկնել ես։

Քեզ հետ միայն սեր չեմ արել. 
Սիրտս եմ կիսել, շատը՝ քեզ, 
Ու թե մի տեղ սեր չի ճարվել, 
Բաժին սերս եմ տվել ես։

Երկիր, քեզ հետ ի՛նչ չեմ տեսել, 
Ի՞նչ եմ տեսել, ո՞վ ինձ կասի. 
Բացի այն, որ սիրտ եմ կիսել
Հացի պես ու դառը թասի...

***
- Թե ծեծում է՝ սիրում է քեզ.- 
Ասում էր իմ տատը. 
Երկիր, էս ինչքան ես սիրում, 
Ո՜նց է բերել բախտս։ 

-Մարդի ծեծը վարդի ծեծ է.- 
Ասում էր իմ տատը. 
Երկիր, էս ինչքան ես սիրում, 
Ո՜նց է բուրում բախտս։ 

- Լավ է, վատ է` գլխիդ տերն է.- 
Ասում էր իմ տատը... 
- Տատ ջան, էս ինչքա՜ն եմ սիրում 
Իմ այս մի բուռ բախտը... 

***
Գլուխս դնեմ քո կրծքին, 
Լսեմ՝ 
Ինչպես է զարկում 
Երկրիս սիրտը։ 
Գլուխս դնեմ 
Երկրիս կրծքին՝ 
Քո սրտի զարկերը լսեմ... 

Կամ 
Ձեզնից մեկը 
Թակի իմ դուռը, 
Գլուխս դռանը դնեմ, 
Որ լսեմ 
Զարկերը սրտիս... 

***
Սա դո՞ւ ես, թե՞ դու չես, 
Ոնց որ դու չես, երկի՛ր, 
Էդ ինչ ճարպոտ դունչ է
Ծռմռվում քո դեմքին։

Երկիր, դո՞ւ ես, դո՛ւ չես, 
Դեմքդ ինչո՞վ լվամ, 
Էդ ինչ կեղտոտ թուշ է, 
Քանի՞ պաչ կա վրան։

Դո՞ւ ես, երկի՛ր, դո՛ւ չես, 
Շատ ես նման մեկին, 
Որ դրախտիս շունչն էր, 
Բայց կուլ գնաց մեղքին։

Իսկ ե՞ս, երկի՛ր, ե՞ս եմ, 
Մեկին շա՞տ եմ նման, 
Որ թռչունի պես էր, 
Ի՞նչ դարձրիր նրան... 

***
Իմ հայրենիք, ցուրտ է, 
Մի բան գցիր վրադ, 
Դեռ փչում է սուտը
Հայացքներից շվայտ։

Ինձ ասում են՝ հաշտվիր, 
Էլ հայրենի՞ք մնաց, 
Չեկավ կռվի դաշտից, 
Տղերքի հետ գնաց։

Իբր՝ հույսդ է սին, 
Ճամփադ՝ ընդմիշտ ծվատ, 
Ոչ ոքի մի լսիր, 
Մի բան գցիր վրադ։

Իմ երգը քո մասին
Լոկ տողեր չեն վհատ, 
Դու միայն ինձ լսիր, 
Մի բան գցիր վրադ։

Ու դաշտերով անցիր, 
Մինչ բառերս հասնեն, 
Վրադ մի բան գցիր
Տղերքը չըմրսեն... 

***
Սիրի՛ր ինձ,
Բայց 
Պատերազմի աչքի առաջ,
Թեւե՛ր տուր,
Որ
ԱԹՍ-ներից բարձր թռչեմ,
Թեւե՛ր տուր՝
Փրկեմ երկինքը...

Հետո նորից
Թեւեր տուր,
Որ 
Թռչուններից բարձր թռչեմ...

***
Որի՞դ տաքացնեմ, 
Քե՞զ, 
Գարնա՞նը, 
Թե՞ երկիրս։ 
Այս տարվա ձնծաղիկները 
Ձեր վերքերն են՝ ձյան տակ, 
Որի՞դ վերքը քաղեմ... 

Երկրիս ու գարնան տեղը 
Գոնե գիտեմ, 
Դու որտե՞ղ ես... 

***
Այ, հենց որ ինձ սիրես, 
Հենց սիրես ինձ, երկի՛ր, 
Եվ բոլորին ի տես
Լրբիդ երգը երգվի, 

Ես կփնտրեմ ելքը, 
Որ ձմեռդ անցնի, 
Թե չհասնի խելքս, 
Սիրտս հո կհասնի։

Եվ կարոտ իմ դերին` 
Քո անունը կտամ
Ու կասեմ՝ ինձ ներիր, 
Ես քեզ նորից գտա։

Եվ կարոտով վայրի
Կըմպեմ գինին մթան
Ու կասեմ քեզ՝ այրիր, 
Ու չեմ ասի՝ գթա: 

Ու կրակը բառիս
Կառնի վիհ ու որմեր... 
Ծխախոտդ վառիր. 
Տեսա՞ր՝ սերը ո՛րն էր...

***
Չգիտեմ՝
Սիրո՞ւմ եմ քեզ,
Թե՞ ոչ,
Ինչպես չգիտեմ՝
Այս պատերազմը
Կավարտվի՞,
Թե՞ ոչ։
Հիմա երեքով ենք՝
Ես,
Դու,
Պատերազմը...
Այնպես եմ ուզում հավատալ
Իմ եւ քո սիրուն,
Որ երրորդը ավելորդ լինի,
Որ երրորդը հեռանա...

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ