Ադրբեջանը արդեն Թուրքիա՞ է

Ադրբեջանը արդեն Թուրքիա՞ է

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների առիթով հակառակորդի ռազմական օդանավակայաններից մեկում վայրէջք են կատարել Թուրքիայի ռազմաօդային ուժերի շուրջ 10 F-16 կործանիչներ: Դրանք ամերիկյան արտադրության մարտական մեքենաներ են եւ իրենց տեսակի մեջ աշխարհում լավագույններից մեկն են համարվում: Նման զորավարժություններ անցկացվել են նաեւ նախկինում: Այս անգամ, սակայն, զորավարժությունների աշխարհագրությունը բավական լայն է եւ չափազանց մոտ ԼՂ հակամարտության գոտուն: Բավական է ասել, որ համատեղ զորավարժություններ են նախատեսված նաեւ Եվլախում, որտեղ խորհրդային տարիներից օդանավակայան կա:

Բացառված չէ, որ այն արդիականացվել եւ նախատեսվել է նաեւ F-16 կործանիչներ ընդունելու համար: Հակառակորդի ռազմական փորձագետ Շաիր Ռամալդանովը չի բացառում, որ զորավարժություններից հետո թուրքական ռազմաօդային ուժերի այդ կործանիչները կարող են մնալ Ադրբեջանում: 

Նա չի թաքցնում, որ Ադրբեջանն ունի ռազմաօդային ուժերի արդիականացման խնդիր: Ավելի վաղ խոսք էր գնում Պակիստանից նոր սերնդի կործանիչներ գնելու մասին: Հետո տեղեկատվություն շրջանառվեց, որ Բաքուն Մոսկվայի հետ է բանակցություններ սկսել՝ ՍՈՒ -35 չորրոդ սերնդի կործանիչներ ձեռք բերելու հարցով: Ռուսական կողմն այդ տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատել, բայց եւ վճռականապես չի հերքել: Ըստ երեւույթին, տավուշյան մարտերից հետո Ադրբեջանն շտապում է: Կամ Թուրքիան է օգնություն առաջարկել: Եւ եթե զորավարժությունների ավարտից հետո ամերիկյան արտադրության F-16 կործանիչները մնան Ադրբեջանի տարածքում, ապա հետեւությունը մեկը կլինի՝ Ադրբեջանը արդեն Թուրքիա է, եւ մեր ռազմական հակառակորդն արդեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունն է: