Գները՝ 2018-ին եւ 2021-ին․ հեղափոխության ձեռքբերումները

Գները՝ 2018-ին եւ 2021-ին․ հեղափոխության ձեռքբերումները

Թանկացումների մասին Հայաստանում մամուլում եւ կենցաղային մակարդակով խոսել են միշտ՝ հատկապես ամեն հունվարին․ որ այսքան անուն ապրանք թանկացել է, ու դեռ այսքանինն էլ սպասվում է։ 2017-ին էլ, երբ դեռ չէին մերժել Սերժին, ողջ ընդդիմադիր մամուլը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը», գրում էր կարագի, խոզի մսի, հավի ու ձվի, ձեթի, պանրի, առաջին անհրաժեշտության 50 ապրանքատեսակների՝ երկնիշ տոկոսներով գնաճի մասին, եւ ընդդիմությունն էլ՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, ընդդեմ թանկացումների երթ էր անում։ Առաջանցիկ տեմպերով թանկացողը հատկապես կարագն էր, որի գինը 1 կգ-ի դիմաց 3 հազար 250 դրամից հասել էր 4 հազար 700-ի: Դրանից մեկ տարի առաջ՝ 2016-ի օգոստոսին, կարագը Հայաստանում արժեր 3 հազար 400 դրամ՝ 1 կիլոգրամի դիմաց։

Իսկ 2018-ին արդեն կարագի մանրածախ շուկայական գինը 5 հազար 199 դրամ էր։ 2020-ին, չնայած որ ԵԱՏՄ կարգավորումների արդյունքում 2018 թվականից կարագի ներմուծման մաքսատուրքը 11%-ից բարձրացել է՝ 2021 թվականի հունվարի 1-ից կազմելով 15%, միջինում կարագի իրացման գինն ավելի ցածր է եղել, քան նախորդած տարիներին։

Հեղափոխության պարծանքը՝ շաքարավազը, այսօր վաճառվում է 366-445 դրամով․ չփաթեթավորվածը, որը նկատելիորեն քիչ է, 365 դրամ է, փաթեթավորվածը՝ 445։ Մինչդեռ 2018-ին շաքարավազի մեկ կիլոգրամն արժեր 285 դրամ, եւ հեղափոխական Հայաստանի պաշտոնյաներն այդ փաստը հպարտությամբ բոլորի աչքն էին մտցնում՝ բանանի գնի հետ միասին։

Ձեթի գները Հայաստանում․ 2018-ին արեւածաղկի բուսայուղի մեկ լիտրանոց շիշն արժեր 650 դրամ, 2019-ին՝ 655, 2020-ին՝ 845, իսկ 2021-ին՝ 960 դրամ։ Ընդ որում, 2020 թ․ համեմատությամբ, գնաճն այս տարի կազմել է 14 տոկոս։ Տնտեսագետ, ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող Թադեւոս Ավետիսյանը մտահոգիչ է համարում Հայաստանում սննդամթերքի գնաճը։ «Առնվազն մոտ 70 տոկոսով՝ հավկիթի թանկացում, միջինը մոտ 40 տոկոս՝ ձեթ եւ այլ բուսայուղեր, մոտ 30-35 տոկոս՝ կաթնամթերք։ Այսինքն՝ նման գնաճի մասին ենք խոսում։ Նաեւ թանկացել է գազը, մոտ 15-20 տոկոս, հացամթերքը, բենզինը, դիզվառելիքը, որոնք այնպիսի ապրանքներ են, որոնց գնաճն ուղղակիորեն ունենում է նաեւ սոցիալական առաջնային հետեւանքներ, որովհետեւ կրճատում են առանց այն էլ ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտները։ Միջին եկամուտ ունեցողների վրա այդ 100-200 դրամ թանկացումները եթե այդքան էլ էական ազդեցություն չունեն, ապա նպաստ, թոշակ, ցածր աշխատավարձ ստացողների վրա թողնում են ծանր հետեւանքներ։ Մանավանդ որ գնաճին զուգահեռ նպաստ, թոշակ, աշխատավարձ չի բարձրանում։ Խոսքն անապահով խավի ու աղքատների մասին է, մարդիկ, որոնք աշխատում են, բայց այնքան չեն վաստակում, որ գոնե աղքատության շեմից դուրս գան, էդ պարագայում էս հարվածը շատ ուղղակի է եւ ունենում է սոցիալական հետեւանքներ»,- ասում է տնտեսագետը։

Այսինքն՝ աղքատության շեմին մոտ գտնվողները դառնում են աղքատ, աղքատները՝ ավելի աղքատ, ծայրահեղ աղքատների մասին էլ չենք խոսում։ Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ այստեղ փակ շրջան է՝ գնաճը, բնականաբար, բերում է ծավալների սպառման, իսկ ծավալների սպառումն էլ՝ նոր գնաճի, «որովհետեւ այստեղ աշխատում է մասշտաբի էֆեկտը․ երբ քիչ են վաճառում, փորձում են բարձրացնել գները, որ շահույթը շատ չտուժի, եւ սա հնարավոր է փոքր շուկա ունեցող երկրներում, որոնցում ներմուծումն ունի բարձր մենաշնորհացման աստիճան, քանի որ չկա մրցակցություն, որ պահանջարկի կրճատումը բերի նաեւ գների նվազման։ Ու եթե ներկրողները մեկն են կամ երկուսը, իրենք, սպառման ծավալների կրճատման ֆոնին, հակված են գների բարձրացման»։

Օրինակ՝ 2020թ․ հունվար-մայիսին առեւտրի ընդհանուր շրջանառության նկատմամբ  աճը կազմել է 7,4, բայց եթե նկատի ունենանք, որ ընդհանուր սննդամթերքի գնաճը, ԱՎԾ տվյալներով, կազմել է 9 տոկոս, ապա ակնհայտ է, որ իրական ծավալները նվազել են։ Նույնիսկ նախորդ տարվա գարնան առաջին 3 ամիսների՝ տոտալ լոքդաունի շրջանի  հետ համեմատության մեջ։ 

Բացի այդ, ըստ Ավետիսյանի, սկսում է գործել տնտեսագիտական երկրորդ կանոնը․ մի  գործոնը կարող է բերել գնաճի, բայց երբ այն վերանում է կամ հակառակ ուղղությամբ է «ընթանում», չի բերում գնանկման։ Օրինակ՝ եթե ներկրվող կարագը թանկանում է, որովհետեւ ներկրողը դրսում ավելի թանկ է վճարում, ապա երբ արտարժույթը նվազում է, եւ ազգային դրամն արժեւորվում է, ապրանքների գները չեն ընկնում։

Այսինքն՝ եթե գները մի անգամ բարձրացել են եւ տեւական ժամանակ բարձր են, այդպես էլ մնում են։ 
«Հիմա գնանկում չենք տեսնում, երբ դոլարը 1 ամսվա ընթացքում 525-ից դարձել է 480, բայց եթե վաղը թանկանա, միանգամից տեսնելու ենք դրանից բխող գնաճ, եւ փորձելու են բացատրել էդ գործոնով»,- արձանագրեց տնտեսագետը։