Մարզպետը քսանչորս ժամ ուտում է, քսանչորս ժամ՝ ստում

Մարզպետը քսանչորս ժամ ուտում է, քսանչորս ժամ՝ ստում

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը հարցազրույցներից մեկում ասում է՝ ես աշխատում եմ 24 ժամ եւ հաց չեմ ուտում: Ուսումնասիրելով նրա աշխատանքային վերջին ամիսների գործունեությունը՝ եկա այն համոզման, որ դա այդպես չէ: Ո՞վ է Դավիթ Գեւորգյանը, ի՞նչ է արել այս մեկ տարվա ընթացքում եւ ինչքա՞ն սեր ու համերաշխություն է ներարկել մարզի «սիրազուրկ ու անհամերաշխ» բնակիչներին: Մինչեւ մարզպետ նշանակվելը նրան ոչ ոք չէր ճանաչում Արագածոտնի մարզում, բայց դա չխանգարեց, որ նորանշանակն ԱԺ ընտրություններում հավաքեր շուրջ 16 հազար 500 ձայն: Իհարկե, ինքը շնորհակալություն հայտնեց իր ընտրազանգվածին՝ մոռանալով, որ այդ մարդիկ ոչ թե իրեն, այլ Նիկոլ Փաշինյանին են ձայն տվել: 

Ամեն դեպքում՝ մարդիկ հույս ունեին, որ աշխատանքային խղճուկ կենսագրությունը չի խանգարի, եւ Գեւորգյանը կդառնա նորմալ մարզպետ։ Սակայն նշանակման առաջին օրվանից մարզպետը չի ցանկանում տեսնել համայնքապետերի երեսը, բացի մի քանիսից, որոնք որոշակի կարողություններ ունեն` հանգստի գոտիներ, սննդի օբյեկտներ: Դրանցից կարելի է առանձնացնել Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանին, ում հետ ժամանակին մտերիմ հարաբերություններ ուներ, այնքան, որ կերուխումերից մեկի ժամանակ մարզպետը որոշում է գնալ Արագածավան՝ թաղային հեղինակություններից մեկի մոտ, որպեսզի պարզեն, թե ով է եղել միտինգի ժամանակ, ավանակի ճակատին «Դավիթ Գեւորգյան» գրության հեղինակը: Սակայն դրանից մի քանի ամիս հետո մարզխորհրդի նիստի ժամանակ հեգնել է համայնքապետին, ով արհամարհել էր եւ չէր ներկայացել նիստին:

Պարզվում է՝ մարզպետը քմահաճորեն է աշխատանքի ներկայանում, կամայականորեն պարգեւատրումներ է գրում։ Նրա օգնական Տիգրան Եղիազարյանը հրամանագրված է որպես մարզպետի օգնական, բայց երբեմն ոչ միայն օգնական է, այլեւ մարզպետի վարորդ, որովհետեւ մարդիկ չեն համաձայնում մի քանի օրից ավել կատարել այդ ծառայությունը՝ արժանանալով մարզպետի անսեր եւ ոչ համերաշխ հանդիմանանքներին: Ճիշտ է, վերջերս հայտնվել է մեկը, ով կարողացել է տեւական ժամանակ դիմանալ, սակայն կարծում ենք՝ ժամանակավոր: Ու, ահա, օգնական Եղիազարյանը երբեմն նաեւ «մարզպետ» է, որովհետեւ ստանձնել է բացակայող մարզպետի թղթերի ստորագրությունը: Վերջինս մի կոշտ ու տղամարդկային հատկանիշ ունի. մերժում է բոլորին, ոչ մեկն առանց իր գիտության մարզպետի մոտ չի մտնում, գյուղապետը նախօրոք դիմում պիտի գրի, որ մարզպետն ընդունի։

Անգամ դիմում պիտի գրի իրենց կուսակցության ներկայացուցիչը, ով առաջին օրվանից եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին: Մի խոսքով՝ բոլորը: Թերեւս մեկ աշխատանք կա, որ լավ է կատարում Դավիթ Գեւորգյանը՝ քաղաքացիների ուրբաթօրյա ընդունելությունը, որը նրա ֆեյսբուքյան էջի անբաժանելի մասն է: Պարզվում է, որ նա ընդունում է ավելի շատ դրամական խնդիրներ ունեցող քաղաքացիների: Կարծում ենք՝ աղքատության դիմապատկերը մարզպետի անհատական դիմագրքում ինչ-որ տեղ սպառնում է ազգային անվտանգությանը: Հակված չենք ենթադրել, որ խնդրահարույց մարզպետի գործունեությանը ծանոթ չէ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Ի դեպ, Դ. Գեւորգյանը սկզբում այս նախարարությունում զբաղեցրել է փոխնախարարի պաշտոն եւ մարզպետ նշանակվելուց հետո մի տեղ արտահայտվել է՝ նախարարությունը սարքեցի, տվեցի իրենց, եկա մարզպետ:

Ըստ օդում կախված լուրերի էլ՝ Սուրեն Պապիկյանը Գեւորգյանի՝ մարզպետ նշանակվելուց հետո ասել է՝ Արագածոտնի մարզը թքեց:

Ուսումնասիրելով այս պաշտոնյայի կենսագրությունը (ի դեպ, այնտեղ նշված է՝ Դավիթ Գեւորգյան, քաղաքական գործիչ) եւ ծանոթանալով նրա այս մեկ տարվա աշխատանքային գործունեությանը՝ հարց է առաջանում․ ո՞ր արժանիքների համար է նա մարզպետ նշանակվել: Գուցե այն բանի, որ խնամքով տրորել է Ռուսաստանի դրոշը:

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
բանաստեղծ