Ծնողավարություն․ Երեխայի «վատ» վարքի պատճառները՝ ի՞նչ անել

Ծնողավարություն․ Երեխայի «վատ» վարքի պատճառները՝ ի՞նչ անել

Երեխան հաճախ կարող է իրեն վատ պահել դրսում, տանը, ընկերների կամ ծնողների շրջապատում: Եվ շատ հաճախ ծնողների արձագանքն է երեխային սաստելն ու երկար-բարակ, խրատական նախադասություններով «դաստիարակելը»: Սակայն այստեղ կարեւոր է պատճառները հասկանալը, այն պատճառները, որոնք հանգեցրել են երեխայի նման վարքի առաջացմանը: Երբ ծնողը չի փորձում երեխայի պահվածքի պատճառները հասկանալ, որոնք կարող են այնքա՜ն պարզ լինել (օրինակ` ծնողի ուշադրության պակաս), դրանք փորձել լուծել, նա մշտապես հայտնվելու է նույն խնդրի առաջ, որոնք ժամանակի ընթացքում ծնելու են նոր ու ավելի բարդ խնդիրներ երեխայի դաստիարակության հարցում եւ ծնող-երեխա հարաբերություններում: 
Պատճառները

Երեխայի վատ վարքի հիմնական պատճառներից մեկը ծնողի ուշադրությունը գրավելն է: Իսկ եթե երեխան իրեն ագրեսիվ է պահում, ապա դա, ամենայն հավանականությամբ, ծնողների վարքի արտացոլումն է: Անհերքելի է`եթե երեխան իրեն ագրեսիվ է պահում իր ընկերների ու հասակակիցների հանդեպ, ապա, ըստ երեւույթին, տանն ընտանիքի մեծահասակ անդամներից մեկը նույնպես ունի ագրեսիվ վարք: Առհասարակ, երեխաները միտված են կրկնելու մեծերին: Երբեմն` հազվագյուտ դեպքերում, երեխայի ագրեսիվ վարքը կարող է պայմանավորված լինել նաեւ հոգեկան խանգարումներով: Ինչպես նաեւ՝ կարեւոր է հիշել, որ եթե երեխան հիստերիաներ է անում, դա կարող է պայմանավորված լինել, օրինակ, երեք տարեկանի ճգնաժամի կամ նախադպրոցական տարիքում երեխա-ծնող հարաբերությունների փոփոխություններով:
Մինչ երեք տարեկանը երեխան ամբողջությամբ գտնվում է ծնողի վերահսկողության տակ, իսկ երեք տարեկանում սկսում է ձեւավորվել նրա «ես»-ը, եւ նա սկսում է արտահայտել իր «ես ուզում եմ», «ես չեմ ուզում»-ները: Սա լավ ու կարեւոր շրջան է, քանի որ ձեւավորվում է երեխայի բնավորությունը: Սակայն ծնողները հաճախ սովոր չեն, որ երեխան պետք է իր կարծիքն արտահայտի եւ ընդդիմանա իրենց որոշումներին: Ուստի ծնողներին հարկավոր է անսպառ համբերություն: Հարկավոր է գտնել այն ճիշտ հարաբերակցությունը, թե ինչպես երեխային թույլ տալ արտահայտել իր ցանկությունները եւ միեւնույն ժամանակ չկորցնել ծնողական «ես»-ը: 
Դպրոցական տարիքում երեխաների մոտ ձեւավորվում է պատասխան ռեակցիա բարձր ձայնի, տարբեր պնդումների նկատմամբ: Նրանք կարող են պարզապես չլսել ծնողին. կարծես ծնողի խոսքն ականջի կողքով է անցնում: Այս դեպքում խորհուրդ է տրվում երեխայի հետ  խոսել հանգիստ ու վստահ ձայնով` պատմելով նրան ծնողական զգացմունքների մասին: Օրինակ` «ինձ դուր չի գալիս քո պահվածքը»:

Մի քանի խորհուրդ
• Որպեսզի երեխայի մոտ ագրեսիա չառաջանա, պետք է նրան ընտրության հնարավորություն տալ: Օրինակ, երբ երեխան ասում է, որ ուտել է ուզում, պետք է նրան հարցնել` ապո՞ւր, թե՞ կաթնաշոռ: Երբ երեխան ընտրության հնարավորություն է ունենում, նա չի կարող ագրեսիվ արձագանքել:
• Շատ գործող տարբերակ է երեխայի հետ ֆիզիկապես գտնվել նույն հարթության վրա, այսինքն` կռանալ կամ նստել նրա կողքը: Երբ ծնողն ավելի բարձր է կանգնած, քան երեխան, վերջինս իրեն անհարմարավետ է զգում: Իսկ երբ ծնողը հավասարվում է նրան` նստելով նրա կողքը կամ ծնկելով, նայում է ուղիղ նրա աչքերի մեջ, երեխան իրեն շատ ավելի հարմարավետ է զգում, եւ զրույցը ստացվում է:
• Խանութում հիստերիաներից խուսափելու համար երեխայի հետ նախապես պետք է պայմանավորվել` ինչ է իր համար գնվելու խանութում, ինչը` ոչ:
• Այստեղ ծնողի համար կարեւոր է պահել իր խոսքը: Եթե ծնողն ասում է, որ այդ իրը չի գնելու, իսկ խանութում երեխան սկսում է ճնշել, եւ ծնողն ի վերջո գնում է այդ իրը, երեխայի մոտ ձեւավորվում է ընկալում, որ եթե ինքը հիստերիաներ անի, ապա միշտ կստանա այն, ինչը ցանկանում է: Ուստի երեխան սա կփորձարկի մշտապես, մինչեւ հակահարված չստանա:
• Եթե ուրիշի երեխան ձեզ խանգարում է դրսում, ամենաճիշտ լուծումն է` հանգիստ դիմել ծնողներին: Երբեմն ծնողը կարող է չնկատել, որ իր երեխան չափն անցնում է: Իսկ եթե երեխան մենակ է, կարելի է նրան հանգիստ բացատրել, որ իրեն վատ է պահում:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ