Իմ ձերբակալությունը, խղճուկ աշխատավարձիս 1/3-ի չափով տուգանք նշանակելն ինձ գցեց խորը հոգեբանական շոկի մեջ. ԵՊՀ դասախոս

Իմ ձերբակալությունը, խղճուկ աշխատավարձիս 1/3-ի չափով տուգանք նշանակելն ինձ գցեց խորը հոգեբանական շոկի մեջ. ԵՊՀ դասախոս

Փաստորեն, հեղափոխությունից հետո ինձ՝ բաց տարածքում հանգիստ կանգնած, դիմակով, սոցիալական հեռավորությունը պահպանող մարդուս կարող են ձերբակալել, մեղադրել անօրինական գործողության մեջ, դատարանով սպառնալ, իմ խղճուկ աշխատավարձի 1/3-ի չափով տուգանք նշանակել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը` անդրադառնալով ակցիա անցկացնլու համար իրեն բերման ենթարկելուն:

«Երրորդ գիշերն է չեմ քնում։ Չեմ կարող։ Հասկացա, որ իմ ձերբակալությունը Ամուլսարի այդպես էլ չկայացած հավաքից ինձ գցեց խորը հոգեբանական շոկի մեջ։ Փաստորեն, հեղափոխությունից հետո ինձ՝ բաց տարածքում հանգիստ կանգնած, դիմակով, սոցիալական հեռավորությունը պահպանող մարդուս կարող են ձերբակալել, մեղադրել անօրինական գործողության մեր, դատարանով սպառնալ, իմ խղճուկ աշխատավարձի 1/3-ի չափով տուգանք նշանակել... 

Չեմ մոռանում 30-40 հոգանոց ոստիկանական պատնեշը կառավարության շենքի դիմաց։ Երիտասարդ առույգ ոստիկանները, որոնք կառավարությունը, նույնպես երիտասարդ տղամարդկանցից բաղկացած կառավարությունը պաշտպանում էին մի տասնյակին չհասնող քաղաքակիրթ կանգնած մտավորականներից։ Ու այդ կառավարությունում, ԱԺ-ի իմ ընտրյալներից չգտնվեց մեկը, որ ձայն բարձրացներ ի պաշտպանություն մեզ։

ՈՉ ՄեԿը։

Մենք ոչինչ ենք նրանց համար, զրո, զզվեցնող մրջյուններ, որոնց կարելի է մի մատով ճզմել»։