«Հրապարակ». Նորաստեղծ դաշինքը տարբեր համայնքներում տարբեր անվանումներով հանդես կգա

«Հրապարակ». Նորաստեղծ դաշինքը տարբեր համայնքներում տարբեր անվանումներով հանդես կգա

Նորաստեղծ «Իմ հզոր համայնք» եւ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցությունների ձեւավորած նոր դաշինքն առաջիկա ՏԻՄ ընտրություններին երեք համայնքներում կառաջադրվի։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում դաշինքի թեկնածուն կլինի իշխանությունների կողմից տեւական ժամանակ հալածվող, այժմ կալանքի տակ գտնվող Հարություն Մանուչարյանը՝ Բերդի գործող համայնքապետը։

Դաշինքը թեկնածու կառաջադրի նաեւ Անի խոշորացված համայնքում, որտեղ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո՝ տեւական ժամանակ բողոքի ցույցեր էին՝ ընդդեմ ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գեւորգյանի: Վերջինս Սամվել Նիկոյանի սանիկն է, հենց նա էլ կգլխավորի նորաստեղծ դաշինքը։ Գյուլագարակում էլ առաջադրելու են Հայկ Հարությունյանին։ Ուշագրավ է, որ տարբեր համայնքներում դաշինքը տարբեր անվանումներով է մտադիր հանդես գալ․ եթե Բերդում դաշինքը կրելու է «Զորավոր համայնք» անունը, ապա Գյուլագարակում «Հանուն ժողովրդի» անվանումով է հանդես գալու, Անիում՝ «Ազգ-համայնք»։