Հայաստանը հավաստիացրել է, որ Թուրքիայի հանդեպ հողային պահանջներ չունի․մանրամասներ հայ-թուրքական բանակցություններից

Հայաստանը հավաստիացրել է, որ Թուրքիայի հանդեպ հողային պահանջներ չունի․մանրամասներ հայ-թուրքական բանակցություններից

Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման բանակցությունները տեղափոխել երկու երկրների մայրաքաղաքներ, այլ երկրներում բանակցային գործընթացը շարունակելու փոխարեն։ Այս մասին, ինչպես հայտնել են թուրքական աղբյուրները, հայտարարել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդեր Քըլըչը, ասելով նաեւ, որ պատրաստ է այցելել Երեւան եւ այնտեղ հանդիպել իր հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային մամուլում տեղ գտած հրապարակումներից։

Հրապարակման մեջ նշվում է, որ դատելով պաշտոնական Երեւանի կեցվածքից, Հայաստանը չի ցանկանում, որպեսզի բանակցությունները տեղափոխվեն Անկարա եւ Երեւան, եթե բանակցություններում էական առաջընթաց չարձանագրվի։ Մինչդեռ, ըստ թուրքական աղբյուրի, այն, որ բանակցությունները տեղափոխվում են Երեւան եւ Անկարա, արդեն ինքնին առաջընթաց է, եւ դա պետք է արվի, որպեսզի բանակցությունները ավելի դրական միջավայրում հնարավոր լինի շարունակելը։ Թուրքիան, համաձայն հրապարակման, բանակցային գործընթացում առաջնայնություն է տալիս այնպիսի քայլերին, որոնք չափազանցված ակնկալիքներ չեն առաջացնում երկու կողմերի մոտ էլ, եւ որոնք ողջունվում են երկու կողմերի կողմից էլ։ Ընդ որում, Անկարան առաջնորդվում է նաեւ «քայլ առ քայլ» սկզբունքին։

Հոդվածում ասվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը առաջացրել է որոշակի խնդիրներ, քանի որ անցումներում առկա են ենթակառուցվածքների պակաս, ինչը կարող է բերել նրան, որ այս քայլը մի փոքր ձգձգվի։ Մասնավորապես, պետք է օրինակ Ալիջան եւ Ակյակա սահմանային անցակետերը ֆիզիկապես թարմացվեն, քանի որ չեն գործել ավելի քան երեսուն տարի։

Թուրք հատուկ բանագնացը Ռուբինյանի հետ վերջին հանդիպումից հետո այցելել էր հայ-թուրքական սահմանագոտի, ստուգել անցակետերը։ Հենց դրա համար էլ, Թուրքիայի եւ Հայաստանի համար առաջնահերթ կերպով պետք է անցկացնել տեխնիկական բանակցություններ պատկան գերատեսչությունների եւ պաշտոնյաների միջեւ, որպեսզի լուծվեն ենթակառուցվածքային հարցերը։ Այդ բանակցությունները ամենայն հավանականությամբ տեղի կունենան սեպտեմբերին։ Հետո արդեն, հատուկ բանագնացները կկարողանան բանակցային եւս մեկ ռաունդ անցկացնել կամ Անկարայում կամ Երեւանում, եթե Հայաստանը համաձայնվի։

Պարբերականն արձանագրել է, որ Քըլըչի եւ Ռուբինյանի բանակցություններն անցնում են շատ ջերմ ու բարեկամական մթնոլորտում եւ նրանք հաճախ են հեռախոսով խոսում իրար հետ՝ փոքր հարցեր կարգավորելու համար։

Հոդվածագիրն արձանագրում է, որ անցյալ ամիս Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցն էլ եղել է շատ դրական։ Առաջին պլան են բերվել վստահության մթնոլորտի ամրապնդման հետ կապված հարցերը, իսկ բարդ հարցերը, որոնք առկա են հայ-թուրքական հարաբերություններում, ինչպիսին է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, չի բարձրացվել։

Անկարան կարծում է, որ այդ փուլում նման հարցի քննարկումը ողջամիտ չէ պարզապես։ Սակայն թուրքական աղբյուրները նշում են, որ Հայաստանը հանրայնորեն հայտարարել է, որ թուրքական հողերի հանդեպ որեւէ պահանջ ու հավակնություն չունի։ Պարբերականի թուրքական դիվանագիտության մեջ ունեցած աղբյուրը նաեւ նշել է, որ այն, որ Թուրքիան հայ-թուրքական սահմանին ականազերծում է իրականացնում, կապված է ոչ թե այն բանի հետ, որ պատրաստություններ են ընթանում սահմանը բացելու, այլ, կապված է այն բանի հետ, որ համաձայն Օտտավայի կոնվենցիայի, Թուրքիան պարտավոր է իր սահմանները մաքրել ցամաքային ականներից։

Նյութի աղբյուրը՝ Middle East Eye