Կապանը «սիրված» չէ կառավարության կողմից

Կապանը «սիրված» չէ կառավարության կողմից

Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, դեռ ուշքի չի գալիս կապանյան տապալումից եւ դեռ չի «ներել» կապանցիներին իր թեկնածուին՝ Նարեկ Բաբայանին մերժելու համար ու չնայած հաջորդ տարի Կապանի տոնին մասնակցելու մասին պոպուլիստական հայտարարություն է արել, սակայն, դրան զուգահեռ, մերժում է Կապանի կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հիմնական մասը: Փաստորեն, համայնքն առանց այն էլ իր սուղ միջոցներից պատրաստ է ֆինանսական ներդրումներ իրականացնել, պատրաստակամություն է հայտնում մասնակցել խոշորացված համայնքի առաջնահերթ խնդիրների լուծմանը, անգամ գտնում է միջոցներ, իսկ պետությունը մերժում է մասնակցություն ունենալ դրանց։ Այն դեպքում, երբ բոլորին պարզ է, որ մերժումները հիմնականում պայմանավորված են լինում նրանով, որ համայնքը չի կարողանում իր բաժին ներդրումն ապահովել: Դեռեւս անցած տարի, երբ Փաշինյանը պլանավորել էր իր թեկնածուին՝ Նարեկ Բաբայանին համայնքապետ կարգել, մարզի հրատապ ծրագրերի ֆինանսավորման 80 տոկոսից ավելին Կապանին էր տրամադրել՝ բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում եւ այլն: Սակայն դա պլանավորված էր, որպեսզի իր թեկնածուի ընտրվելուց հետո հանրությանը ցույց տար, որ ՔՊ-ական քաղաքապետ ունենալը շատ լավ բան է: Բայց զարգացումները պլանավորվածի պես չընթացան:

Կապանի քաղաքապետի ընտրություններում 10 հազար 21 ձայնով քաղաքապետ ընտրվեց անկուսակցական Գեւորգ Փարսյանը։ Իսկ ժամանակը ցույց տվեց, որ Սյունիքում Փաշինյանի թեկնածուն ընդունված չէ մինչ օրս: Կենտրոնական իշխանությունը, փոխանակ հաշվի նստի այս փաստի հետ ու շտկումներ մտցնի առնվազն իր կադրային քաղաքականության մեջ՝ հաշվի առնելով սեփական կադրերի վարկանիշն ու ժողովրդականությունը, փոխանակ սաստելու իր թեկնածուներին, որոնք ամեն պատեհ եւ անպատեհ առիթներով հայտարարում են, թե վարչապետն իրենց թիկունքին է, շարունակում է խորացնել առանց այն էլ օր օրի խորացող հիասթափության ալիքը:

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը «Հրապարակին» հայտնեց, որ կառավարությանը ներկայացրել են երկու սուբվենցիոն ծրագիր․ մեկը հաստատվել է, մյուսը՝ մերժվել։ Հաստատվել է 260 միլիոն դրամի՝ բազմաբնակարան շենքերի վերանորոգման սուբվենցիոն ծրագիրը, իսկ մերժվել է ավտոբուսների ձեռքբերման ծրագիրը։ «Էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար չէր համարել»,- մեզ հետ զրույցում ասաց Փարսյանը։ Նրա խոսքով՝ այս ծրագրի արժեքը կազմել է 60 միլիոն դրամ։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ կառավարությունը շարունակ պահանջում-հորդորում է սուբվենցիոն ֆինանսավորման համար ծրագրեր ներկայացնել իրեն, եւ փողը չծախսելու հանգամանքը բացատրում են նրանով, որ համայնքները ծրագրեր չեն ներկայացնում, քիչ են ներկայացնում։