Դատավորներն իրենք են սկսել հաղորդում ներկայացնել․ փաստաբանը՝ կին լրագրողին կալանավորելու մասին

Գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին արդեն իսկ տեղափոխել են կանանց գաղութ՝ Աբովյան քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք՝ նախօրեին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1 ամսով կալանավորեց նրան:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, թե նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 489-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:
Ձերբակալման գիշերը Աղեկյանը զանգահարել է իր փաստաբան Զարուհի Փոստանջյանին, որը շտապ Գյումրի է մեկնել, բայց Փոստանջյանին այդպես էլ թույլ չեն տվել տեսակցել նրան, փոխարենը հանրային պաշտպան են տրամադրել, որը, ըստ Զարուհի Փոստանջյանի, Աղեկյանի շահերն այպես էլ պատշաճ ձևով չի ներկայացրել։
Ձերբակալման գիշերը Աղեկյանի առողջական վիճակը վատթարացել է, տեղափոխել են Գյումրի Բ/Կ: Աղեկյանի քույրը՝ Լիաննա Աղեկյան է ահազանգել լրագրողներին՝ ասելով, որ քրոջ նկատմամբ ոստիկանները բռնություն են կիրառել, որից հետո ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց։ Առավոտյան, սակայն, կրկին տեղափոխել են Մուշի ոստիկանական բաժանմունք, այնտեղից էլ դատարան։ Շուրջ 6 ժամ տևած դռնփակ դատական նիստն ավարտվել է Աղեկյանին կալանավորելու որոշմամբ:
«Հիվանդանոց են տարել, ոչ մի նորմալ բուժօգնություն, ասել են՝ ՄՌՏ կանենք, դա էլ չեն արել, հետո բերել են դատարան ու չորս ժամ պահելուց հետո նորից տարել են մեկուսարան։ Լիլիթ Աղեկյանը Գյումրիում թիվ 1 քաղհալածյալն է, նրան այդ ձևով փորձում են լռեցնել»,-մեզ հետ զրույցում ասել էր Զարուհի Փոստանջյանը: Նշենք, լրագրողը կոշտ ընդդիմադիր հայացքներով հաճախ քննադատում էր իշխանությանը եւ կոռուպցիոն բացահայտումներ էր անում:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ինքը պայքարելու է, որպեսզի ներգրավվի Լիլիթ Աղեկյանի պաշտպանական գործում, արդեն իսկ տեքստ է պատրաստել, որով դիմում է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, հատկապես ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչներին՝ հրավիրելով նրանց ուշադրությունը՝ մարդու հիմնարար իրավունքների դեմ ուղղված այս աղաղակող եղելության վրա: Ինչու նրան թույլ չեն տալիս ներգրավվել գործին, իր ՝ Փոստանջյանի խոսքով՝ մոտ մեկ ամիս առաջ, դատական նիստի ժամանակ եղել է Լիլիթ Աղեկյանի ներկայացուցիչը եւ ցուցաբերել է իրավաբանական օգնություն։ Այսինքն՝ ունեցել է կարգավիճակ և չեր կարող լինել որպես վկա, և շարունակում է այդ կարգավիճակում մնալ, իսկ իրենք մերժում են իրեն որպես փաստաբան ներգրավել այն պատճառաբանությամբ, թե վկա է եղել։ Մինչդեռ Լիլիթ Աղեկյանը դատարանի առջև հանրային պաշտպանից հրաժարվել է, բայց վերջինս մասնակցել է նիստին հանդես եկել որպես Աղեկյանի պաշտպան:
Hraparak.am-ին Զարուհի Փոստանջյանը պատմել էր նաև, թե ինչպես են բերման ենթարկել Աղեկյանին:«Ձերբակալել բառն անգամ այս պարագայում տեղին չէ, քանի որ տարեց մորը խնամող կին լրագրողին՝ գիշերազգեստով, հողաթափերով ոստիկանություն տանելն առևանգում է, ոչ թե ձերբակալություն» :
Գյումրեցի իրավապաշտպան, փաստաբան Հայկ Հարությունյանը ևս նկատում է․ «Լրագրող Աղեկյանին նման բիրտ ձևով բերման ենթարկելու անհրաժեշտություն ամենևին չկար, եթե ծանուցագիր ստանար, կարծում եմ՝ ինքն էլ կներկայանար:Նրա ձերբակալությունն ակներև է, որ քաղաքական համատեքստում է, խնդիրը նաև մեր իրավապահների հետ էր» : Hraparak.am-ի հետ զրույցում Հարութունյանը հույս հայտնեց, որ Զարուհի Փոստանջյանին կհաջողի ներգրավվել գործին, քանի որ իրավական առումով խոչընդոտ չկա․ «Եթե տիկին Փոստանջյանը մեկ այլ գործով նրա դատապաշտպանն է եղել, ապա սա այլ գործընթաց է՝ ձերբակալության հետ կապված, մեկը մյուսի հետ բնավ կապ չունի»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ հարկ եղած դեպքում, եթե Աղեկյանը իրենց էլ դիմի ՝ գյումրեցի իրավապաշտպաններին, միանշանակ կաջակցեն, որևէ խնդիր չեն տեսնում:
Անդրադառնալով Աղեկյանի նկատմամբ հարուցված քրգործերին, որ նույն արարքի համար 2 մեղադրանք է առաջադրվել՝ դատարանին անվանել է կոռումպացված, ինչը գնահատել են դատարանի նկատմամբ ե՛ւ որպես անհարգալից վերաբերմունք, ե՛ւ խուլիգանություն, փաստաբանը նկատում է․ «Եթե այդպես լիներ, իսկապես, շատ դատական նիստերից հետո, շատերին պիտի բերման ենթարկեին, քանի որ էմոցիաների ազդեցության տակ, դատարանում ոչ բոլորն են իրենց տիրապետում: Բայց պիտի ասեմ, որ մենք վերջերս այդպիսի դեպքերի շատ ենք ականատես լինում, Գյումրիում նույնիսկ դատական նիստից հետո քաղաքացուն բերման ենթարկեցին՝ ֆեյսբուքյան գրառման համար, եւ գործ հարուցեցին, մինչդեռ դեպքերի ենք ականատես եղել, որ ավելի կոշտ , անձնական վերաբերմունքով հայտարարություններ են արվել, բայց ոչինչ չի արվել»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ վերջին շրջանում մի տենդենց է նկատել՝ դատավորներն ավելի անհանդուժող են դարձել եւ հաճախ իրենք են անձամբ հաղորդում ներկայացնում: «Մի քանի գործ արդեն ես գիտեմ, որ հենց դատավորներն են հաղորդում տվել, էս վերջերս մի քիչ կոշտ են ըմբռնում, ավելի անհանդուրժող են դարձել, ըստ երևույթին, ինչ-որ բան են ուզում ասել դրանով»,-ասաց փաստաբանը:
Կարծիքներ