Փաշինյանի ուղերձը համաձայնեցվա՞ծ է

Փաշինյանի ուղերձը համաձայնեցվա՞ծ է

2016թ. ապրիլի 3-ին ի պատասխան «Առավոտի» հարցադրման՝ ի՞նչ կարծիքի եմ Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության պայմանագիր ստորագրելու մասին Անվտանգության խորհրդի նիստում համապատասխան գերատեսչություններին նախագահ Սերժ Սարգսյանի տված հանձնարարականի մասին, ասել եմ, որ դա ժամանակի հրամայականն է, եւ միջազգային հանրությունը պետք է ընդունի, որ հայկական զինուժը տարածաշրջանում իրականացնում է խաղաղապահ առաքելություն:

Նույնը կրկնել եմ 2018թ. օգոստոսին՝ դարձյալ «Առավոտին» տված հարցազրույցում:

Եթե հիշողությունս չի դավաճանում, խնդրի շուրջ նման դիտարկում արել է նաեւ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, իսկ բոլորովին վերջերս՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի Բրատիսլավայի նիստին ելույթում: Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի բացման խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սպառազինությունների ձեռքբերմանը, բանակում փոփոխություններին, ընդգծել է, որ դրանք արվում են ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, արձանագրել, որ Հայաստանի, Արցախի եւ առհասարակ հայ ժողովրդի հետ ուժի դիրքերից խոսելու բոլոր փորձերն անիմաստ են, որ այս առումով Հայաստանն իրականացրել եւ իրականացնում է «ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարում, այլեւ պիտի ավելի մեծ դերակատարում ունենա որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավոր»:

Մինչ այդ Հայաստանի ոչ մի ղեկավար նման տարողունակ հայտարարություն չի արել: Եւ արտառոց է, որ քաղաքական եւ փորձագիտական շրջանակները վարչապետ Փաշինյանի այս շեշտադրման վրա ուշադրություն չեն դարձնում: Մանավանդ որ դա արվել է այն համատեքստում, որ եթե Ադրբեջանը պարտադիր  չի տեսնում ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման եւ ինքնորոշման սկզբունքները, ապա ոչ պարտադիր է նաեւ երրորդ սկզբունքը, եւ մենք ունենում ենք այն իրավիճակը, որ կա: Համաձայնեցվա՞ծ է վարչապետ Փաշինյանի այս սահմանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ: Տպավորություն է, որ առանց գոնե նախնական պայմանավորվածության Հայաստանի վարչապետը  չէր շեշտադրի տարածաշրջանային խաղաղության երաշխավորի հանձնառությունը: Եւ եթե հետագա քննարկումներում հայկական զինուժի խաղաղապահ առաքելությունը որեւէ ձեւով արտացոլվի, ապա Ադրբեջանին, թերեւս, կմնա ընդառաջ գնալ միջնորդներին եւ հայկական կողմին՝ ընդունելով, որ Արցախի ինքնորոշումը չի կարող սահմանափակվել տարածքային ամբողջականությամբ: