Ուշ թե շուտ Հայաստանի ամենակազմակերպված ուժը՝ ՀԱԿ-ն էլ է դուրս գալու փողոց

Ուշ թե շուտ Հայաստանի ամենակազմակերպված ուժը՝ ՀԱԿ-ն էլ է դուրս գալու փողոց

 Հարցազրույց ՀԱԿ անդամ Վարդան Մալխասյանի հետ 

-Ձեր կարծիքով՝ որքանո՞վ էր ճիշտ Լեւոն Տեր-Պետրոսյանի տպավորությունը՝ մեզ սպառնացող քաղաքացիական պատերազմի մասին, որ խորհուրդ էր տալիս զերծ մնալ փողոց դուրս գալուց։

-Լևոն Տեր-Պետրոսյանը խորիմաստ մարդ է, իր բոլոր ենթադրություններում անպայման հիմնավորումներ կան։ Նույնիսկ Փաշինյանն է մի առիթով խոստովանել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ կանխատեսում է, վերջում ճիշտ է դուրս գալիս։ Հիմա մեր ազգն այնպիսի բզկտված վիճակում է, որ տենց ներքին խժդժությունները վերջնականապես կկոտրեն էս ազգի ողնաշարը, քանզի հենց թշնամու ուզածն էլ դա է։ Հիմա թուրքը, իմանալով մեր երկրի ներքաղաքական վիճակները, իր ողջ լրտեսական ցանցը ոտքի է հանել։ Էդ կանայք, որ գնացին, լծվեցին Թուրքիայում առևտուր անելու, մի զգալի մասին, որին որ տեսել են՝ հարմար թեկնածու է, բոլորին անխտիր հավաքագրել են։ Հիմա․ դրանց աշխատացրին էս պատերազմի օրերին, որովհետև դրանց վրա այնպիսի վարկաբեկիչ փաստեր էին հավաքել, որ չէին կարող չաշխատել իրենց օգտին։ Հիմա նորից էդ պրոցեսը շարունակվում է․ գործի են դրել իրենց ողջ գործակալական ցանցը, և չգիտեմ՝ իրենց ընդդիմություն համարող ուժերը, էս 17-ի խառնախումբը գիտակցաբա՞ր, թե՞ անգիտակցաբար նպաստում է արտաքին թշնամիներին։ Նրանց ուզածն էլ այն է, որ մենք ներսում իրար վրա դուրս գանք, իրար գյուլլենք։ Եթե տենց է, ուրեմն տրամաբանությունը մեկն է՝ սրանք ներքին թշնամի են՝ եթե աջակցում են արտաքին թշնամիներին։

- 2008 թվականին էլ Քոչարյանն ու իր թիմն էին ասում, որ թուրքը տեսնում է, և այլն։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը․․․

-Մենք բան չէինք անում, մենք զենք չէինք օգտագործում, խաղաղ ցույց էինք անում։

-Իսկ հիմա ո՞վ է զենք օգտագործում։

-Չեն օգտագործել․․․ իրենց հռետորաբանությունը, իրենց ուլտիմատումները հուշում են այն մասին, որ գնում են այդ ուղղությամբ։ Չենք ասում՝ օգտագործել են, բայց էդ պայմանները, որ դնում են, սպառնալիքները․․․ տանում են դրան։

-Նման ուլտիմատումներ ՀԱԿ-ի մեջ մտնող 19 կուսակցություններն էլ էին դնում, չէի՞ն ասում՝ Քոչարյան, հեռացիր։ Իսկ Նիկոլ Փաշինյանի առանձնատունը պահպանում են զինված, չզորացրված զինվորներ։ Եթե անգամ զենք կիրառվի, ապա միայն հակառակ թևից։

- Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից սահմանադրական ձևով ընտրված է որպես երկրի վարչապետ։ Լեգիտիմ ընտրված ղեկավար է։ Հիմա․ նա ամեն ինչ պիտի անի, իր ուժային լծակները պետք է գործի դնի՝ պաշտպանելու երկրի սահմանադրական կարգը։ Մենք ի՞նչ ենք ասում, մենք հո չե՞նք ասում՝ ընդդիմությանը հարկավոր է ջնջել․․․

-Տեր-Պետրոսյանն ասում է, որ այս լեգիտիմ իշխանությունը երկրի համար աղետ է․․․

-Մենք չենք պաշտպանում իրեն։ Եվ Նիկոլ Փաշինյանը հիմա հավաքում է այն, ինչ ցանել է ժամանակին։ Ժամանակին Օսիպյաններ ցանեց, Վանեցյաններ, հիմա դրա պտուղները հավաքում ա։ Ես թևերս չեմ փռում իր վրա՝ ասելու, որ ամբողջությամբ ճիշտ է։ Ամբողջությամբ սխալ է։ Բայց Նիկոլ Փաշինյանին հարկավոր է ասպարեզից հանել սահմանադրական ձևերով։

-Դե հավաքվում են, խաղաղ, ասում են՝ հեռացիր։

-Հավաքվում են խաղաղ, տա Աստված, խաղաղ էլ շարունակեն։ Լևոն Տեր-Պետրոսյանը հո չի՞ ասում՝ ասպարեզից դրանց դուրս շպրտեք, կալանավորեք։ Զգուշացնում է, ասում է՝ ձեր այդ ռիտորիկան տանում է իրավիճակի սրացման։
Եվ դա լցնում է արտաքին թշնամու ջրաղացին ջուր։

-17-ն էլ հայտարարում են, որ արտաքին թշնամու ջրաղացին ջուր է լցնում Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը։ 

-Մենք իր ամենախիստ քննադատներից ենք։ Դրա համար, որպեսզի դա տեղի չունենա, մենք էլ Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք, քանի որ սենց վիճակ ա․․․ չնայած հարցումները ցույց են տալիս, որ ահագին ժողովուրդ պաշտպանում է․․․ ճիշտը հրաժարական տալն է։ Ով էլ որ ասում է՝ 17, 18-ի, եսիմինչի վարչապետ, դրանք ինքնագլուխ չեն կարա գան, իրենց պետք է Ազգային ժողովը հաստատի։ Էդ ժամանակավոր կառավարությունը։ Թող իրենք, քանի դեռ  մեծամասնություն ունեն, քանի դեռ էդ դեղնակտուցները  չեն ծախվել (իմքայլականները), որովհետև էդ պրոցեսը կգնա․․․ հենց Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ես չեմ ասում՝ պայծառատես եմ, թե ինչ եմ, 10 օր հետո հարցազրույց տվեցի և ասացի՝ Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է, 70 և ավելի տոկոս ձայն ունի, բայց ինքը կործանվելու է ներսից։ Դրսից Նիկոլ Փաշինյանին կործանելն անհնար է։ Էդ «Իմ քայլը» կաշառվելու է, լիքը կան փողով շատ արագ ծախվողներ։ Ճանաչում եմ՝ դրանք տենց պինդ, եփված մարդիկ չեն, փողը տվեցիր, կծախվեն։ Թող իրենք որոշեն՝ ով է լինելու վարչապետը։ Եթե որոշեցին Արարատ Միրզոյանը՝ Միրզոյանը, որոշեցին Վազգեն Մանուկյանը՝ Վազգեն Մանուկյանը, թող ամեն ինչ լինի Սահմանադրության ու օրենքի շրջանակում։ Բայց որ Նիկոլ Փաշինյանը պետք է տապալվի ներսից, դրանում համոզված եմ։

-Եթե փողոցում մարդ չլինի, «Իմ քայլը» դրան չի գնա։ Նիկոլ Փաշինյանն էլ չի գնում։ 
 

-Սա իմիտացիա է, փողոցում մարդ չի լինի։ Եթե նույնիսկ Ծառուկյանի վերջին փողերը հանեն ասպարեզ, 10 հազար մարդ չեն կարա հանեն։ Նրանց ժողովրդական աջակցություն չկա։ Մի աբսուրդ բան ասեմ․ իրենք օգնում են Փաշինյանին։ Իրեն էսօր օգնում են Քոչարյանը, Վանեցյանը և ՀՀԿ-ականները, Շարմազանովը, էն խոշոր աչքերով աղջկա անունը ո՞նց ա՝ Արփինե եսիմինչյան։ Նրանցից ժողոովուրդն արդեն զզվում ա, վաստակել են ժողովրդի ատելությունը։

-Թող ՀԱԿ-ը դուրս գա, եթե իրենից չեն զզվում։

-Մենք էլ դուրս կգանք, բայց մենք ասում ենք՝ հանդարտանա վիճակը, երբ ամեն ինչ հանգստանա, ներսում մեկս մյուսին թշնամիներ չդառնանք, քաղաքական պայքար ա, բոլորն էլ թող դուրս գան։ Բա ուշ թե շուտ, մենք էլ ենք դուրս գալու։ Հայաստանի ամենակազմակերպված ուժը ՀԱԿ-ն է։

-Ասում եք՝ պետք չէ երկրի ներսում թշնամանք։ Երբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու սփյուռքը բաժանում էր «սևի ու սպիտակի», նույն ՀԱԿ-ականները բոլորին անվանում էին «լափամանից օգտվողներ», «պիցայակերներ», այդ ժամանակ հասարակությունը չէ՞ր պառակտվում։

-Մենք ի՞նչ ենք ասել, ասեմ՝ ինչի՞ համար, էդ էլ ասեմ։ Քաղաքականությունը նաև գիտություն է, կա առարկա՝ «Քաղաքագիտություն», դա ունի ոսկե կանոն, և դա հետևյալն է․ ցանկացած նոր իշխանություն երբ նախորդների առանձնապես ծանր հանցանքները չի բացահայտում և մեղավորներին խստագույնս չի պատժում, պարտադիր կերպով ինքը նախորդներից պետք է տասնապատիկ փչացած դառնա։ Մենք էդ էինք ասում՝ ասում էինք`դրանց պատժի, թալանած փողերը հետ բեր բյուջե, կազինոներում մեռան փողեր մսխելով։ Մենակ իրենց կազինոների, դղյակների փողերը, որ դնես, մեր բանակը գերհզոր զենքեր կունենար։ Մենք էդ էինք ասում, ասում էինք՝ ոչ թե բռնի-թող, մուկն ու կատու խաղա, այլ նրանց մեխի պատին, որ չկարողանան շարժվել։