Եթե երկրաշարժ լինի, ես կուզենայի լինել այդ շենքի մեջ կամ որևէ այլ երկնաքերում

Եթե երկրաշարժ լինի, ես կուզենայի լինել այդ շենքի մեջ կամ որևէ այլ երկնաքերում

Երեւանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր․ 270 մետր բարձրությամբ, 71 հարկից բաղկացած շենքը կունենա անմոռուկի տեսք։ Այդ առիթով նախօրեին հուշագիր է ստորագրվել «Լաուրա ինվեսթմընթ» (Հայաստան) եւ «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ՍՊԸ-ների (Արաբական Միացյալ Էմիրություններ) միջեւ: Շենքի ճարտարապետական նախագծման աշխատանքներն իրականացնելու է «Էլոյան Արքիտեքստ» ընկերությունը: Շենքը նախագծողների հավաստիացմամբ, 5-6 տարի անց «Անմոռուկ» կոչվող համալիրը պատրաստ կլինի, որտեղ կլինեն ժամանցի տարբեր վայրեր,  լողավազան, զբոսայգի, ծիրանի եւ խաղողի այգիներ:
Այդ առիթով մի քանի հարց ուղղեցինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանին։

- Պարոն Էլոյան, փաստորեն, «Անմոռուկ» համալիրի հեղինակը Դուք եք՝ Ձեր ընկերությունը։

- Հեղինակը ես եմ, նախնական մտահղացումն իմն էր, բայց հիմա քիչ կապ ունեմ աշխատանքի հետ, այժմ «Էլոյան Արքիտեքստը» ղեկավարում է եղբայրս, որն էլի ճարտարապետ է։ Աշխատանքը շատ վաղուց էր սկսվել, մոտավորապես 2 տարի առաջ՝ 2017-ի աշնանը, բայց հիմա ես ներգրավված չեմ աշխատանքների մեջ, ինքն է շարունակում այդ կոնցեպտը։ Հիմա, երբ ստորագրվեց պայմանագիրը, աշխատանքները կդառնան ինտենսիվ։

- Անմոռուկի տեսքով շենք ունենալու գաղափարը որքանո՞վ է արդարացված, այն դեպքում, որ անմոռուկի խորհրդանիշը հենց սկզբից չսիրվեց, մերժվեց, հետո էլ վարկաբեկվեց։

- Անմոռուկի միտքը եկավ ընթացքում, բայց մենք ընտրել ենք կոնստրուկտիվ առումով շատ կայուն համակարգ, որը համապատասխանում էր մեր ծրագրին։ Անմոռուկը նմանության արդյունքում ստացվեց, որովհետեւ իրոք կար այդ նմանությունը։

- Սեյսմաանվտանգության խնդիրներով պայմանավորված՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ անվտանգ է 71 հարկ կառուցել քաղաքի այդ հատվածում։  

- Կարծում եմ՝ մարդիկ կարծիք հայտնելուց առաջ պետք է լսեն մասնագետներին, զարմանալի փաստն այն է, որ այս բարձրությունների դեպքում՝ 40 հարկից սկսած, սեյսմիկ ճնշումները շենքի վրա անհամեմատ ավելի քիչ են, քան թե քամու ազդեցությունը։ Դրա համար ամբողջ աշխարհում բարձրահարկերը նախագծում են՝ դիմակայելու ոչ թե սեյսմիկ ճառագայթներին, այլ քամու ազդեցությանը։ Աշխարհում բազմաթիվ տեղեր կան սեյսմիկ գոտիներ, եւ դա չի խանգարել բարձրահարկեր կառուցել։ Այսինքն՝ այդ փաստն ինքնըստինքյան արդեն սխալ է մեկնաբանվում, որովհետեւ երկրաշարժը շատ ավելի քիչ նշանակություն ունի այս բարձրությունների դեպքում, քան թե քամու ճնշումները։

- Այսինքն՝ եթե որեւէ ցնցում լինի, 71 հարկն ավելի մեծ շանսեր ունի դիմակայելու, քան թե 9 հարկանի շե՞նքը։

- Եթե պետք է երկրաշարժ լինի, ես կուզենայի լինել այդ շենքի մեջ կամ որեւէ այլ երկնաքերում, համենայնդեպս՝ ոչ Հայաստանում, երբ գիտենք, որ անցյալում նախագծումը եւ շինարարությունը եղել են շատ ավելի ցածր բալայնությամբ, քան թե հիմա է կառուցվում։

- Անվտանգության առումով որքանո՞վ եք վստահ, որ հետագայում որեւէ խնդիր չի առաջանա։

- Վստահ կարող եմ լինել միայն նրանից հետո, երբ նախագիծն իր բոլոր մասերով՝ թե՛ ճարտարապետական, թե՛ կոնստրուկտորական, անցնի փորձաքննություն։ Նախագիծը պետք է անցնի 2 անկախ փորձաքննություն․ մեկը լինելու է Սան Ֆրանցիսկոյից ինժեներական կազմակերպություն, մյուսը՝ Էմիրաթներից մի կազմակերպություն։ Այսինքն՝ անկախ ամեն ինչից, եթե մենք չունենանք անկախ փորձաքննություն, ես չեմ կարող երաշխավորել՝ շենքն անվտա՞նգ է, թե՞ ոչ, որովհետեւ ցանկացած նախագիծ կարող է կառուցվել անորակ եւ որակով։ Այսինքն՝ դա շինարարության հարց է, կարող է նախագծումն արվի որակով, իսկ շինարարությունը՝ վատ։ Դրա համար երաշխավորել չեմ կարող, բայց հույս ունեմ, որ աշխատանքներն այն որակի կտարվեն, որ դա խնդիր չի հանդիսանա։ Բոլորին թվում է, թե իրենք բնակչության մասին ավելի շատ են մտածում, քան կառուցապատողը, նախագծողները կամ շինարարները։ Այդպես չէ․ բոլորը հասկանում են վտանգները, այս շենքում ապրելու է մոտ 7-8 հազար մարդ։ Ընդ որում՝ բոլորը խոսում են երկրաշարժի մասին, բայց այստեղ շատ ավելի լուրջ խնդիրներ կան այդ ծավալի շենքի հետ կապված, դա հրակայունությունն է, մարդկանց տարհանելու հարցը՝ հրդեհների դեպքում, այսինքն՝ սեյսմիկան հարցերից մեկն է միայն։

- Եթե այդ 2 փորձաքննություններից մեկը դրական եզրակացություն չտա, շենքը չի՞ կառուցվելու։

- Այո, ուղղակի պետք է վերահաշվարկվի, եւ դա չի արվում շինարարությունից հետո, այլ նախքան նախագիծը հաստատելը, ընդ որում՝ իրավական դաշտն էլ դեռ ձեւավորված չէ Հայաստանում, քանի որ այդ բարձրության շենքեր չեն կառուցվել Հայաստանում, եւ մենք պետք է սկզբից դրա շինարարական, սեյսմիկ անվտանգության նորմերը հաստատենք, մի շարք իրավական հարցեր պետք է կարգավորվեն, նոր հետո խոսենք շինարարության մասին։ Իմ պատկերացմամբ, այս կարգի նախագիծը 3-4 տարի դեռ ուսումնասիրվելու է, եւ աշխատանքներ են կատարվելու։

- Քանի որ նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ 250 մլն դոլարին համարժեք դրամ, այս պահին կա՞ն ներդրողներ, վստահություն, որ այս նախագծի վրա մարդիկ ներդրում կանեն։

- Կարծում եմ՝ այո, կան երաշխավորող բանկեր։ Գիտեմ, որ ծախսային մասն արդեն սկսվել է, ինչից կարելի է ենթադրել, որ մարդիկ կարողանում են իրենց փողերը հաշվել, եւ եթե ծախսեր են արվում, ուրեմն կա նաեւ վստահություն։ Ինչ վերաբերում է ընդհանուր արժեքին, ապա կարծում եմ՝ առնվազն 250 մլն կծախսվի, իրականում ավելի շատ են կազմելու շինարարական աշխատանքները։

- Ստացվում է՝ «Էլոյան Արքիտեքստն» այն ժամանակ է պատվեր ստացել, երբ Դուք քաղշինկոմիտեի նախագահն էիք, ինչն այս օրերին շատերի կողմից որպես պաշտոնական դիրքի չարաշահում է որակվում։

- Ես չէի էլ կասկածում, որ լինելու են նման խոսակցություններ, բայց դա սուտ է, որովհետեւ նախաձեռնությունը սկսվել է 2017-ին, երբ ես դեռ Ամերիկայում էի։

- Այդ բազմաֆունկցիոնալ համալիրի շահառուն, թիրախն ովքե՞ր են լինելու՝ տուրիստները, սփյուռքահայե՞րը, թե՞ հայաստանաբնակ քաղաքացին նույնպես կկարողանա գրասենյակ կամ տուն վարձակալել, ձեռք բերել։

- Այս պահին միայն գիտեմ, որ քառակուսի մետրը նախնական տատանվում է հազարից-հազար հինգ հարյուր դոլարի սահմանում՝ կախված հարկայնությունից, այսինքն՝ ինչքան բարձր, այնքան թանկ։ Բայց ֆանտաստիկ թանկ շենք չի լինելու, հենց դրա համար էլ կառուցապատողը փորձում է հարկայնությունն ավելացնել, որպեսզի իր ծախսերը նվազեցնի։ Քաղաքաշինական առումով ինձ թվում է՝ լրիվ պատճառաբանված է, որ քաղաքից դուրս առաջանան նման սատելիտներ՝ շատ ավելի խիտ կառուցապատմամբ։ Դա մեզ հնարավորություն կտա մի քիչ բեռնաթափել կենտրոնը, իսկ եթե մենք ստեղծենք ալտերնատիվ, դա քաղաքից դուրս է քաշելու հոսանքները։ Այս ծրագիրն այդ առումով է նաեւ ինձ հետաքրքիր։

- Բայց նշված է, որ Իսակովի պողոտայի հարեւանությամբ է կառուցվելու շենքը։

- Տեղանքը բավականին պայմանական է այս փուլում, եթե չեմ սխալվում՝ կառուցապատողը խոսակցություններ է վարում քաղաքապետարանի հետ, որովհետեւ այդ տարածքն այս պահին կանաչ գոտի է, եւ ինքը դրա դեմ առաջարկում է բարեկարգել ամբողջ Դալմայի այգիները ու դարձնել Նյու Յորքի կենտրոնական այգու նման մի տարածք՝ ժամանցի, ընտանեկան հանգստի վայր։ Այս պահին չկա ոչ մի կոնկրետություն տարածքի հետ կապված, հնարավոր է տեղը փոխվի, որովհետեւ հնարավոր չի լինի տրանսպորտի հարցը լուծել՝ այդ ծավալի խտություն ավելացնելով քաղաքում։