Ալիեւի «կիքսը»

Ալիեւի «կիքսը»

Ինչ մտավարժանքների ասես, որ չի տրվում ալիեւյան քարոզչությունը, որպեսզի «հիմնավորի Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունն Ադրբեջանին»: Բայց որովհետեւ պատմական ճշմարտությունը բոլորովին այլ է, անխուսափելի է դառնում հերթական «կիքսը»: Լրատվամիջոցներից մեկն, ի մասնավորի, գրում է, որ 1919 հունվարի15-ին բրիտանական զինվորական իշխանությունը Խոսրով-բեկ Սուլթանովին նշանակել է Ղարաբաղի եւ Զանգեզուրի գեներալ-նահանգապետ: Այսինքն, փաստում է, որ 1918թ. մայիսի 28-ին անկախություն հռչակած Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավազորություն չի ունեցել: Սուլթանովին նույնպես ոչինչ չի հաջողվել, ուստի Շուշի է մեկնել բրիտանացի գնդապետ Շատելվորտը եւ Ղարաբաղի հայկական Ազգային խորհրդից պահանջել, որ ենթարկվի Ադրբեջանին:

Այսինքն, բրիտանացիներն էին իշխանություն, ոչ թե՝ ԱԴՀ-ն: Ի վերջո, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցն է գրում, 1919 թ. օգոստոսի 22-ին կնքվում է պայմանագիր, որով Ղարաբաղն իրեն ճանաչում է «Ադրբեջանի մաս»: Սա արդեն կեղծիք է: Նախ, կնքվել է ոչ թե պայմանագիր, այլ՝ ժամանակավոր համաձայնագիր, որի կողմեր են հանդիսացել Ադրբեջանի կառավարությունը եւ Ղարաբաղի հայկական ազգային խորհուրդը: Երկրորդ, համաձայնագրում սեւով-սպիտակի վրա գրված է, որ Հայկական Ղարաբաղը ժամանակավորապես, մինչեւ խաղաղության Փարիզի խորհրդաժողովի վերջնական վճիռ կայացնելը, իրեն համարում է Ադրբեջանի սահմաններում: Համաձայնագիրը թուրքաբար դրժվել է 1920թ. մարտի 22-ին, երբ Սուլթանովի ավազակախմբերը կազմակերպել են Շուշիի հայկական թաղամասի ոչնչացումն ու բնակչության կոտորածը, որից հետո Ղարաբաղի ազգային խորհուրդը կայացրել է երկրամասը Հայաստանին միավորելու որոշում: Իրերի այդ դրությունը պահպանվել է մինչեւ Ադրբեջանի խորհրդայնացումն ու Լեռնային Ղարաբաղի օկուպացումը 11-րդ բոլշեւիկյան բանակի կողմից: Բոլշեւիկա-խորհրդային դարաշրջանի ավարտին Լեռնային Ղարաբաղը վերականգնել է իր պատմական իրավունքը եւ փաստացի միավորվել Հայաստանին: